Երեկ ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերությունների ներկայացուցիչները նորից բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք նախ հավաքվել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ, հետո՝ երթ կազմակերպել դեպի Ազգային ժողով եւ նախագահի աշխատավայր: Նրանք նաեւ դիմում-բողոք էին գրել, որով պահանջում էին, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հրաժարական տա կամ էլ վերանայի հունվարի 8-ին կայացրած որոշումը: Դիմումը հասցեագրել էին Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին եւ Ռոբերտ Նազարյանին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի այդ որոշումով ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների գործունեությունը համարվել է ապօրինի, իսկ նման ծառայություն մատուցելու բացառիկ իրավունքը վերապահվել է «ԱրմենՏելին»: Հանձնաժողովը նաեւ իրավունք է տվել անջատել այն բաժանորդների կապը, ովքեր իրենց գործունեությամբ կխախտեն «ԱրմենՏելի» իրավունքը: Երեւանցի ցուցարարներին այս անգամ միացել էին նաեւ Գյումրիի եւ Վանաձորի գործընկերները: Նրանք վանկարկում էին` «Նա-զար-յան, հե-ռա-ցի՛ր»: «Նախորդ անգամ Ձեր պատվից ցածր համարեցիք իջնել ժողովրդի մոտ եւ պարզաբանումներ տալ: Ձեր ընդունած որոշման արդյունքում մոտ 3000 մարդ աշխատազուրկ է դառնում: Ամոթ է»,- ասում էր «Դաշինք» կադրային կենտրոնի նախագահ Արտյոմ Խաչատրյանը: Ցուցարարները նկատել էին, որ Ռ.Նազարյանը պարբերաբար մոտենում է պատուհանին եւ թաքուն իրենց է նայում: Այդ պահերին նրանք ավելի ոգեւորված էին վանկարկում իրենց կոչերը: Ոչ պաշտոնական տվյալներով` ինտերնետ հեռախոսակապի ծառայություն են մատուցում մոտ 300 ընկերություններ: Երեկվա ցույցին մասնակցում էին մոտ 150 ընկերությունների ներկայացուցիչներ: Հունվարի 26-ից «ԱրմենՏելն» անջատել է նրանց հեռախոսակապը: Ընդ որում՝ բոլորի հեռախոսները միանգամից չի անջատել: Այդ գործընթացը նա կատարել է աստիճանաբար: Մի քանի տասնյակ ընկերությունների հեռախոսակապը դեռ չի անջատել: Արտյոմ Խաչատրյանի ասելով՝ «ԱրմենՏելը» բոլորի հեռախոսները միանգամից չի անջատում, որպեսզի մեծ հուզում չբարձրանա, ինչը տեղի ունեցավ սեպտեմբերին: Նախագահի նստավայրում ցուցարարների ներկայացուցիչներին ընդունել էին եւ խոստացել էին երեք օրվա ընթացքում պատասխան տալ նրանց դիմումին: Հիշեցնենք նաեւ, որ ինտերնետ-հեռախոսակապ մատուցողները հունվարի 23-ին հայցով դիմել էին նաեւ Տնտեսական դատարան: Նրանք դատարանին խնդրել էին ՀԾԿՀ-ից պահանջել մասամբ վերանայել հունվարի 8-ի իր որոշումը եւ «ԱրմենՏելին» թույլ չտալ խոչընդոտել իրենց գործունեությանը: