Երբ իշխանությունները պարբերաբար գլուխներս տանում են՝ Հայաստանի երկնիշ տնտեսական աճի մասին խոսելով, շատերը հարցնում են, թե հասարակ մարդկանց կենսամակարդակի վրա այդ աճն ի՞նչ ձեւով է արտահայտվում։ Այս հարցին ի պատասխան, որպես կանոն, հնչում են լոլոներ՝ աղքատության կրճատման, մեկ շնչին ընկնող եկամտի եւ այլնի մասին։
Սակայն մի քիչ մտածելու դեպքում դժվար չէ հայտնաբերել, որ մեր տնտեսական աճի ամենավառ դրսեւորումը գների աճն է։ Որքան էլ պաշտոնական վիճակագրությունը փաստի, որ գները շատ չեն աճել, մարդիկ հակված են հավատալ սեփական աչքերին։ Ասենք, երբ ՀՀ քաղաքացիները հանգստանալու համար մեկնում են Թուրքիա՝ «լավատեսներն» ասում են՝ եկամուտներն աճել են, եւ մարդիկ կարող են իրենց թույլ տալ գնալ աշխարհը տեսնելու։ Իսկ դրա մյուս կողմը՝ այն, որ Ծաղկաձորում կամ Սեւանում հանգստանալն ավելի թանկ է նստում, քան Անթալիա գնալը՝ մնում է ստվերում։ Ինչո՞ւ գնալ Սեւան, եթե Անթալիա գնալն ավելի էժան է, ավելի «պրեստիժնի», եւ լողափում ձեզ ոչ ոք չի նյարդայնացնի՝ համոզելով եփած «կուկուռուզ» գնել։
Ինչեւէ, սա ինչ-որ չափով հասկանալի է։ Դե, ասում են՝ շուկայական երկիր ենք, գները որոշում է ոչ թե պետությունը, այլ շուկան։ Եվ «պուպուշ» պետությունն ի՞նչ անի, որ առաջարկ-պահանջարկի արդյունքում ձեւավորվում են բարձր գներ։ Բայց մեզանում` գնաճ ասելիս, պաշտոնատար անձինք, չգիտես ինչու, հիշատակում են միայն Սպառողական գների ինդեքսը։ Ավելի կոնկրետ, այն 470 անուն ապրանք-ծառայությունները, որոնք մտնում են այդ ցանկի մեջ։ Իսկ այդ ցանկի մեջ «զարմանահրաշ» կերպով չեն մտնում այն վճարները, որոնք քաղաքացին վճարում է պետությանը։ Ասենք, նոտարական ծառայությունների կամ այլ նման տիպի վճարները, որոնց գլխապտույտ չափերի մասին քաղաքացին իմանում է, երբ հարկ է լինում գործ ունենալ պետական կառույցների հետ։
Իսկ ամենազարմանահրաշ թվերը, թերեւս, ճանապարհատրանսպորտային խախտումների համար նախատեսված տուգանքներն են։ Հայերեն ասած՝ «ակտերի» համար վճարվող «շտրաֆները»։ Որոշ ժամանակ առաջ մեզ ուրախացրին այն հեռանկարով, որը մեզ սպասվում է Ճանապարհային ոստիկանության համակարգում կատարվելիք փոփոխություններից հետո։ Դե, ասում են՝ կաշառք վերցնող պետավտոտեսուչներ չեն լինի։ Ոչ թե մի օրվա մեջ փոխվելու է նրանց գիտակցությունը, եւ նրանք դառնալու են ավելի պետականամետ, այլ գործելու է հետեւյալ մեխանիզմը։ Ամեն մի գրված արձանագրությունից (ակտից) ավտոտեսուչն ունենալու է իր մասնաբաժինը։ Ինչպես «168 Ժամին» տեղեկացրեց «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, տուգանքներն արդեն իսկ վճարվում են ոչ թե պետբյուջե, այլ գնում են Ոստիկանության արտաբյուջետային հաշիվ։ Այդ հաշվից հետագայում որոշակի մաս գնալու է արձանագրություն կազմած ավտոտեսուչին։ Խոսակցություններ կան, որ այդ գումարը կարող է կազմել 30%, սակայն դա դեռ քննարկման փուլում է։ Մի խոսքով, կարեւորն այն է, որ պետավտոտեսուչի համար ձեռնտու է դառնում ակտ գրելը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախատեսված թվերն այնքան մեծ են, որ կարդալիս թվում է՝ ապրում ենք եվրոպական ամենահարուստ երկրներից մեկում։
Այսպես, խախտումների համար նախատեսված տուգանքները սահմանվում են ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով»։ Օրինակ, այդ օրենսգրքի 123 հոդվածի համաձայն, ավտոմեքենաների վարագուրապատման կարգի կամ ապակիների գունանշման ստանդարտների խախտման դեպքում հարկավոր է վճարել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափ տուգանք՝ 50 հազար դրամ։
Իսկ պետհամարանիշերի հարցում օրենքը շատ ավելի խիստ է։ Պատկերացրեք այսպիսի մի վիճակ։ Մեքենան կայանում եք Աբովյան փողոցի վրա չթույլատրված տեղում (ասենք, ձախ մայթի վրա) եւ մտնում ինչ-որ խանութ։ Կես ժամ հետո դուրս գալով՝ հայտնաբերում եք, որ ավտոմեքենայի հետեւի համարանիշը չկա, իսկ առջեւի դիմապակուն փակցված է մի կտոր թուղթ, որը ձեզ տեղեկացնում է, որ սխալ տեղ կայանելու համար պետհամարանիշը հանել է այսինչ դասակի տեսուչ այսինչ այսինչյանը։ Սխալ տեղ կայանելու համար նախատեսված է 3000 դրամ տուգանք։ Սակայն մինչեւ հասնեք «փոսի ԳԱԻ»՝ տուգանքը վճարելու եւ պետհամարանիշը ստանալու համար, ձեզ կարող է կանգնեցնել մեկ այլ տեսուչ եւ տուգանել 200 հազար դրամով։ Որովհետեւ, նույն 123 հոդվածի համաձայն. «Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշերով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։
Այսպիսի չափը շատ անհասկանալի է մի երկրի համար, որտեղ դպրոցի ուսուցիչը ստանում է 50 հազար դրամ աշխատավարձ։ Նույն կարծիքին է նաեւ «Աքիլես» հ/կ նախագահ Էդ. Հովհաննիսյանը։ «200 հազարը անհեթեթություն է, պետհամարանիշ չունենալը հո քրեական հանցագործություն չէ՞»,- ասում է նա՝ ավելացնելով, որ կան դեպքեր, երբ վճարումն ուշացնելու տուգանքը հասել է 1 միլիոն դրամի։ Էդ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այժմ ՀՀ Ազգային ժողովում քննարկման փուլում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւս մի օրինագիծ, որտեղ այդ չափը փոքրացվել է մինչեւ 100 հազար դրամի։ Էդ. Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ իրենք շատ առաջարկություններով են դիմել ԱԺ, սակայն դրանք հաշվի չեն առնվում։
Այս նոր փաթեթը մեզ էլ հետաքրքրեց։ Համոզված ենք՝ ձեզ նույնպես կհետաքրքրի, մանավանդ, եթե վարորդ եք։ Պետհամարանիշի համար նախատեսվող տուգանքը նվազել է, սակայն շատ այլ տուգանքներ զգալիորեն մեծացել են։
Գործող օրենսգրքի 124 հոդվածի համաձայն, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է «վեցապատիկը» դարձնել երկու հարյուր հիսնապատիկ։ Այսինքն, եթե չնկատեք, որ ձեզ հրահանգում են կանգնել, ապա պետք է մուծվեք 250 հազար դրամ։ Ամրագոտիները չամրակապած երթեւեկելու համար գործող օրենսդրությամբ նախատեսված է սիմվոլիկ գումար՝ նվազագույն աշխատավարձի 30%-ը՝ 300 դրամ։ Այժմ առաջարկվելու է տուգանքը դարձնել 5000 դրամ։
Փոփոխվելու է նաեւ թույլատրելի արագությունը խախտելու համար նախատեսված տուգանքի չափը։ Գործող օրենքով, արագությունը 15-30կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքը 3000 դրամ է, 30-40կմ/ժ՝ 5000 դրամ, 40-60 կմ/ժ՝ 8000 դրամ, 60 կմ/ժ եւ ավել՝ 10000 դրամ։ Առաջարկվող նախագծով փոփոխվել են ոչ միայն տուգանքի չափերը, այլեւ արագության սանդղակները, ինչպես նաեւ առանձնացվել է՝ բնակավայրերում եւ բնակավայրերից դուրս տուգանքների չափերը։ Եթե օրինագիծն ընդունվի, ապա բնակելի վայրերում սահմանված արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանքը կկազմի 12 հազար դրամ, 21-30 կմ/ժ-ի դեպքում՝ 17 հազար, 31-40 կմ/ժ՝ 22 հազար, 41կմ/ժ եւ ավել՝ 40 հազար դրամ։ Առաջարկվող փաթեթից ներկայացնենք եւս մի քանի տվյալներ։ Մեքենա վարելիս հեռախոսից կամ ռադիոկապից օգտվելու համար տուգանքը կազմելու է 3000 դրամ։ Հանդիպակաց գոտի (կամ ինչպես հայերն ասում են՝ «պրոտիվ») դուրս գալը ձեզ վրա կնստի 20-50 հազար դրամ։
Հետիոտնային անցման վրա կանգառ կատարելու համար ձեզնից կգանձեն 30 հազար դրամ, իսկ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքում՝ 20 հազար դրամ։ Երթեւեկելի գոտուն ոչ զուգահեռ կայանումը «կարժենա» 10 հազար դրամ։
Փոփոխությունների հեղինակները մտածել են նաեւ շրջակա միջավայրի մաքրության մասին. տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ (ասենք՝ սիգարետ կամ պլաստմասսայե շիշ եւ այլն) նետելու համար կտուգանվեք 5000 դրամով։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար տուգանքը կազմելու է 50 հազար դրամ։ Իսկ եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ձեզ կանգնեցնեն ոչ սթափ վիճակում, ապա 1 տարով կզրկվեք ավտոմեքենա վարելու իրավունքից։ Տեղեկացնենք, որ, օրենքի համաձայն, անձը համարվում է «ոչ սթափ վիճակում գտնվող», եթե նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից, կամ արտաշնչած մեկ լիտր օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է։ Այստեղ հարկ է նշել, որ եթե խուսափեք սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնել, ապա 50 հազարին կգումարվի եւս 100 հազար։
Օրենսգրքով սահմանված են նաեւ կոպիտ խախտումները։ Օրինակ, եթե չեք ենթարկվել լուսացույցի կամ կարգավորողի հրահանգին եւ դրա հետ մեկտեղ գերազանցել եք սահմանված արագությունը, ապա տուգանքը կկազմի 50 հազար դրամ։ Իսկ եթե, սրանց գումարած՝ նաեւ խմած եք, ապա 200 հազարից պակաս գումարով հաստատ չեք պրծնի։
Բոլոր հոդվածներին անդրադառնալ չենք կարող։ Հետաքրքրվողները կարող են դրանց ծանոթանալ ԱԺ կայքում տեղադրված նախագծերի արխիվից։ Այս նախագիծը ներկայացվել է 2007թ. հունվարի 23-ին։
Ինչպես մեզ տեղեկացրեց Էդ. Հովհաննիսյանը, նախագիծը, ամենայն հավանականությամբ, քվեարկության կդրվի փետրվարի մեջ։ Այս վճարների չափերի մասին ամեն ոք կարող է ունենալ իր սեփական կարծիքը։ Ոմանք կարող են արդարացված համարել, քանի որ մեծ տուգանքները կստիպեն վարորդներին ավելի քիչ խախտել կանոնները։ Մյուսները կարող են տուգանքի չափերի այս սանդղակը համարել Հայաստանի բնակչության սոցիալական պայմաններին ոչ համապատասխան։
Խնդիրը, սակայն, նրանում է, թե այս օրենքները բոլորի համար հավասա՞ր կգործեն, թե՞ նորից կլինեն «արտոնյալներ»։ Տեսեք, Ճանապարհային ոստիկանության համակարգում արդեն փոփոխություններ կան. կարգախմբերը շրջիկ են, տուգանքներն էլ արդեն գնում են արտաբյուջետային հաշվին։ Այսինքն, ոստիկաններն արդեն իսկ շարժառիթ ունեն շատ ակտեր գրելու։ Սակայն վերահսկողության մեխանիզմը՝ նույն GPS համակարգը, կամ փողոցներում եւ մեքենաներում տեղադրվելիք տեսախցիկները դեռ հեռանկարային փուլում են։ Սա նշանակում է, որ պետավտոտեսուչները դեռ հնարավորություն ունեն իրենց հայեցողությամբ որոշել՝ ո՞ւմ վրա ակտ գրել, ո՞ւմ բաց թողնել։
«Աքիլես» հ/կ նախագահը նաեւ նշեց, որ նախկին ՊԱՏ-ը փոխվել է Ճանապարհային ոստիկանության, սակայն դեռ չի ընդունվել որեւէ օրենք, որը կարգավորում է վարորդ-ճանապարհային ոստիկան փոխհարաբերությունները։ Սակայն նա լավատեսորեն էր տրամադրված՝ համոզված, որ ամենակոռումպացված ոլորտներից մեկը համարվող այս համակարգը կբարելավվի։
Ռեալ արդյունքների մասին խոսելը դեռ վաղաժամ է, քանի որ ծրագիրը պետք է շարունակվի մինչեւ 2009թ.։ Շատերն արդեն իսկ ասում են, որ որոշ դրական փոփոխություններ կան։ Օրինակ, ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը (թեեւ մի քիչ զարմանալի է պատկերացնել, որ մինչ այդ նրա մեքենան կանգնեցնում էին եւ 1000 դրամ ուզում)։ Սակայն, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում։ Իսկ տպավորությունն առայժմ այնպիսին է, որ ձեռնարկված քայլերը ծառայում են միայն խեղճուկրակ վարորդների հաշվին պետական գանձարանը լցնելուն։ Սակայն կարող ենք պարծենալ գոնե նրանով, որ ունենք գերզարգացած երկրներին վայել տուգանքներ՝ մեր տպավորիչ տնտեսական աճին համահունչ։