ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ տարածած հայտարարությամբ գոհունակություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների ամփոփման գործում ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների ցուցաբերած կառուցողական մոտեցման առնչությամբ: Անցած շաբաթասկզբին Մոսկվայում կայացած Օսկանյան-Մամեդյարով հանդիպման, իսկ այնուհետեւ` տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ղեկավարության հետ իրենց հանդիպումների արդյունքներին նվիրված հայտարարությունում համանախագահները «բարձր են գնահատել իրենց բոլոր զրուցակիցների կողմից ներդրված ջանքերը»: Համանախագահները «քաջալերում են բոլոր կողմերին՝ զարգացնել բանակցությունների արդյունքում ձեռք բերված առաջընթացը եւ իրենց հասարակություններին պատրաստել անհրաժեշտ փոխզիջումների, խրախուսում են վստահությունն ամրապնդելու շարունակական միջոցառումների իրականացումը եւ հրադադարի պահպանումը` վստահության եւ փոխըմբռնման մակարդակը կողմերի միջեւ բարձրացնելու համար»: