«Նառուշիլովկան»՝ հարկ վճարելիս

31/01/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը մեր տնտեսության մասին բազմաթիվ մտորումների ու վերլուծությունների տեղիք է տալիս: Մանավանդ, որ այնտեղ հարկերի հետ միասին նշված է նաեւ մաքսային վճարների չափը, առանձնացված են նաեւ ուղղակի եւ անուղղակի ու մյուս տեսակի հարկերը:

Այդ ցանկին ծանոթանալիս մենք պատկերացում ենք կազմում, թե տնտեսության հատկապես ո՞ր ոլորտի հաշվին է լցվում մեր բյուջեն կամ՝ ո՞ր ոլորտն է ավելի շատ խուսափում հարկեր վճարելուց ու գործում է ստվերում, եւ մեր գործարարները ո՞ր տեսակի հարկեր չեն սիրում վճարել: Եվ ահա այս առաջին տպավորությունից հետո, երբ փորձում ենք ցանկը բաժանել ճյուղերի, զարմանալիորեն հայտնաբերում ենք, որ հյուրանոցային բիզնեսը շատ փոքր մասով է մասնակցում Հայաստանի պետական բյուջեի լցմանը: Մինչդեռ՝ դա այն ոլորտն է, որն աճ ու զարգացում է ապահովում մեր տնտեսության համար: Հյուրանոցային բիզնեսը մտնում է ծառայությունների ոլորտի մեջ, եւ զարգացման տեմպերով շինարարությունից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Համենայնդեպս, այդպես են ներկայացնում մեր պետական պաշտոնյաները՝ ոլորտի պատասխանատուներն ու վիճակագիրները: Դա այն ոլորտն է, որով չի զլանում հաճախակի պարծենալ անգամ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Անցյալ տարվա նոյեմբերին առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը հայտարարեց, որ զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է մեծ քայլերով՝ յուրաքանչյուր տարի 18-20 տոկոսով: Իսկ զբոսաշրջության աճն էլ ուղղակի ձեւով խթանում է հյուրանոցային բիզնեսի զարգացմանը: Նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ՝ անցյալ շաբաթ կատարած տարեկան աշխատանքների մասին կառավարությունում զեկուցելիս, ներկայացրել է, որ 2006թ. Հայաստան այցելել է 380.000 զբոսաշրջիկ, ինչը 112.000-ով ավելի է նախորդ տարվանից: Դժվար է ասել, թե ներկայացրած թվերն ինչքանով են մոտ իրականությանը, մանավանդ, որ մեր պետական պաշտոնյաներն ու վիճակագիրները Հայաստանի տնտեսության զարգացման մասին սիրում են խոսել չափազանցնելով ու մեծ-մեծ թվերով: Բայց անկախ թվերից էլ, նկատելի է, որ մեր երկրում զբոսաշրջությունը գնալով աշխուժանում է, ու դրա հաշվին զարգանում է նաեւ հյուրանոցային բիզնեսը: Դա արտաքուստ եւս նկատելի է: Սակայն զարգացման նման մեծ տեմպերի պայմաններում 300 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 2 հյուրանոց է հայտնվել՝ «Արմենիա» եւ «Երեւան» հյուրանոցները: Այն էլ դեռ հարց է, թե դրանց վճարած հարկերը որքանո՞վ են ներկայացնում նրանց իրական զբաղվածությունը: Բացի այդ, հյուրանոցների վճարած հարկերի մեջ անուղղակի, այսինքն՝ հաճախորդների գրպանի հաշվին վճարած հարկերը եռակի շատ են, քան ուղղակի՝ սեփականատիրոջ գրպանից վճարած շահութահարկն ու եկամտահարկը: Բոլոր դեպքերում զարմանալի է, որ խոշոր հարկատու չեն հյուրանոցային «հսկաներ» «Կոնգրեսը», «Գոլդեն Փելեսը», «Մետրոպոլը», «Հրազդանը», «Ավիատրանսը» եւ մյուսները: Բայց երբ փորձում ենք առանձին-առանձին «խորանալ» այդ հյուրանոցների «կենսագրության» մեջ, արդեն հասկանում ենք, թե նրանք ինչո՞ւ խոշոր հարկ վճարող չեն: Եթե «Մետրոպոլ» հյուրանոցը շահույթ չի ապահովում, ապա ինչո՞ւ շենքը եւս երկու հարկով ավելացրին: Դեռ ավելին՝ կողքերից էլ Մեծ ու փոքր մասնաշենքեր են կառուցում: Բայց երբ հիշում ենք, որ այդ հյուրանոցը պատկանում է Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին, հասկանում ենք, թե ինչու խոշոր հարկատու չէ: Նշված հյուրանոցներից Այգեձորում գտնվող «Հրազդանը» եւ Աբովյան փողոցում գտնվող «Ավիատրանսը» պատկանում են գործարար Իսահակ Սեյրանյանին: Պարոն Սեյրանյանի անունը հասարակության լայն խավերին հայտնի չէ, բայց ասում են, որ նա թաքնված կորեյկոներից է, եւ հասցրել է լավ հարաբերություններ հաստատել մեր իշխանությունների հետ: Ի. Սեյրանյանն էլ անցյալ տարի երկու հարկաբաժին է ավելացրել իր «Ավիատրանսի» վրա: Ավելացնենք, որ նրան է պատկանում նաեւ Մաշտոց պողոտայի վրա գտնվող ավիատոմսերի վաճառքի գործակալությունը, հայտնի «հին ագենտստվան»: «Հրազդան» հյուրանոցից մեզ տեղեկացրին, որ այս երեք օբյեկտները միասին մտնում են «Ավիատրանս» հոլդինգի մեջ: Այն 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ իր վճարած 93,8 մլն դրամով է զբաղեցնում «պատվավոր» 452-րդ տեղը: Չար լեզուներն ասում են, որ նրան գրեթե միշտ հաջողվում է «չաղ» ու մշտական հաճախորդներ «կպցնել» իր հյուրանոցների համար: Սակայն զարմանալի է, որ պարոն Սեյրանյանի այս խոշոր օբյեկտներից ոչ մեկը խոշոր հարկատու չէ: Իսկ «Գոլդեն Փելեսի» մասին, կարծում ենք, ավելորդ է որեւէ բան ասել:

Ի՞նչ է ստացվում՝ յուրաքանչյուր տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 20 տոկոսով ավելանում է: Ավելանում է նաեւ նրանց ծախսած գումարը, սակայն, դրան հակառակ, մեր խոշոր հյուրանոցները շարունակում են քիչ շահույթ ստանալ եւ մնալ մանր հարկատուներ: Որտե՞ղ է հակասությունը: Ոչ մի հակասություն էլ չկա: Ուղղակի խոշոր հյուրանոցների սեփականատերերն ունեն այնպիսի պաշտոններ ու կապեր վերեւներում, որը մեր օրերում «նառուշիլովկա» է հարկ չվճարելու համար: Պարզապես Հայաստանի հյուրանոցային բիզնեսը մեծամասամբ գործում է ստվերում: Բացի այդ, մեր հյուրանոցատերերը հարկ չվճարելու օրինական ճանապարհ էլ ունեն՝ նրանք իրենց բիզնեսը ձեւակերպում են որպես օտարերկրյա ներդրում եւ ձեռք են բերում հարկերի 50 տոկոսից խուսափելու արտոնություն: Օրինակ, «Գոլդեն Փելեսը», որն իբր թե հունական ներդրում է: Եվ այդպես շարունակ: Իհարկե, կան նաեւ հյուրանոցներ, որոնց սեփականատերերն, իրոք, օտարերկրացիներ են: Բայց այնպես է ստացվում է, որ «օտարերկրյա ներդրողի» կարգավիճակը նույնպես «նառուշիլովկա» է հարկ չվճարելու համար: Ահա թե ինչու մեր խոշոր հյուրանոցները ոչ մի կերպ չեն դառնում խոշոր հարկատուներ: