Հայաստանյան ընտրությունների առանձնահատկությունները

31/01/2007

Մեր ընտրական կենսափորձից որոշակիորեն կարելի է եզրակացնել, որ բնական ռեսուրսներով աղքատ Հայաստանն իր ընտրական «մշակույթով» աշխարհում ամենահարուստներից է: «Մշակույթ», որն առ այսօր էլ տարաբնույթ գնահատականների ու շահարկումների է ենթարկվում:

Բանն այն է, որ իշխանություն-ընդդիմություն առճակատման ժամանակ մեր ընտրական «մշակույթը» գրեթե միշտ վերլուծվում է ընտրախախտումների տեսանկյունից: Ընդդիմությունն իր պարտությունը պայմանավորում է բացառապես իշխանական ուժերի համահայաստանյան մասշտաբի ընտրախախտումներով` մոռանալով առողջ ինքնաքննադատության մասին, իսկ իշխանություններին «բաժին հասած» հաղթանակը բացատրում է ընտրակեղծիքներ հեղինակելու վարպետության գործոնով: Բացի այդ, անցյալում եւ ապագայում հաղթողի «բարդույթը» չհաղթահարած ընդդիմությունը մինչ օրս էլ իր հիմնական առաքելությունն է համարում իշխանությունների քննադատությունը` չցանկանալով կամ չկարողանալով դրսեւորել իր ողջ ներուժը: Եվ այս ամենի արդյունքում առաջանում է այն տպավորությունը, որ նորանկախ Հայաստանի առջեւ ծառացած հիմնական եւ գուցե թե միակ հիմնահարցը ընտրախախտումներն են ու դրանց հեղինակները: Իշխանությունն էլ, իր հերթին, հոգնելով լսել ընդդիմության մոնոտոն ձայնն` ի դեմս «այս իշխանությունները լեգիտիմ չեն» կարգախոսի, անուշադրության է մատնում այլ կերպ դեռեւս աչքի չընկնող ընդդիմությանը: Մի խոսքով` տխուր իրողություններ, որոնք եւս մեկ անգամ կոչված են հավաստելու մեր քաղաքական կյանքի ու պայքարի հիմնականում ոչ գաղափարական բնույթը:

Իհարկե, ընտրախախտումները ՀՀ ընտրական իրականության անբաժան ուղեկիցներն են եղել, բայց սա չի նշանակում, թե դրանք են ամբողջացնում մեր ընտրական կյանքի ողջ հարստությունը: Ընտրախախտումներից զատ գոյություն ունեն բազմաթիվ` հոգեբանական, բարոյական, տեխնոլոգիական գործոններ, որոնք այս կամ այն չափով ամբողջացնում եւ «թունավորում» են մեր ընտրական իրականությունը: Այդ գործոններից են ընտրական սադրանքները, որոնք էլ կարելի է դիտարկել ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ տեխնոլոգիական եւ այլ տեսանկյուններից: Հոգեբանական` այն իմաստով, որ հասարակական լայն լսարանի եւ նրա կողմից որոշումների կայացման վրա հոգեբանական ներգործման ներուժ ունեն: Բարոյական այն իմաստով, որ դրանք հաճախ կիրառվում են բարոյական անխտրության դիրքերից` մաքիավելիզմի «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսի ոգով, որի արդյունքում բացահայտվում է կիրառողի բարոյական «դեմքը»: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «միջոցների անխտրությամբ շահած ամեն հաջողություն պղծում, ապականում է մարդկային բարոյական աշխարհը», ապա լուրջ մտորումների նյութ է ի հայտ գալիս: Ոչ ոք չի հերքում, որ քաղաքական պայքարն ունի իր տրամաբանությունը, սակայն դա չի նշանակում, թե այդ տրամաբանությանը պետք է զոհաբերել մեր բարոյական նկարագիրը: Ուստի, եթե ուզում ենք ապրել բարոյական դիմագիծ ունեցող հասարակության մեջ, ապա չպետք է այն կառուցենք անբարոյական հիմքերի վրա, եթե ուզում ենք կառուցել օրենքների երկիր, չպետք է աչք փակենք անօրինության վրա, եթե ուզում ենք արդարության հաղթարշավը տեսնել, ապա նրա շարքերից պետք է բացառենք անարդարներին:

Սադրանքներն ու ապատեղեկատվությունը մեծ ծավալների են հասնում հիմնականում նախընտրական շրջանում եւ ընտրություններին հաջորդող օրերի ընթացքում: Սակայն, եթե առաջինի դեպքում հիմնականում նպատակ է դրվում մրցակիցներին ձայնազուրկ անելը, ընտրական քվեներ փախցնելը, ապա երկրորդի դեպքում` ընտրությունների վիճարկվող կամ չվիճարկվող արդյունքները սեփական շահին ծառայեցնելը: Ասվածի համատեքստում ուշագրավ է այն, որ վերջին օրերին հայաստանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հայտարարությունն այն մասին, թե` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը նպատակ ուներ կանխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «կլանի» կողմից նախապատրաստվող մահափորձը: Հայտարարություն, որը քանիցս որակվել է որպես սադրանք եւ հերքվել է նույն Գագիկ Ծառուկյանի կողմից: Թե ինչ նպատակ կարող էր ունենալ այդ հայտարարությունը, թողնենք ընթերցողների դատին: Բայց մի բան պետք է ցավով արձանագրենք, որ առաջիկա ամիսները խոստանում են այսօրինակ հայտարարությունների առատություն:

ՀՀ ժողովրդավարական զարգացումները ենթադրում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է արտացոլեն ժողովրդի կամքը: Իսկ այս առումով չափազանց կարեւոր է, որ ժողովուրդը ցուցաբերի սեփական կամքից օգտվելու կամք, տուրք չտա զանազան սադրանքներին, նախապաշարումներին ու առօրեաշունչ «բարեգործություններին»: Առաջիկա ամիսները ցույց կտան` ունե՞նք այդ կամքը, թե՞ ոչ: