Յուրաքանչյուրն ինքն է ընտրում քարոզչության իր հիմնական միջոցը

31/01/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան մեր քաղաքական գործիչներն ավելի են ակտիվացնում իրենց շփումները ԶԼՄ-ների եւ ժողովրդի հետ: Սա բնական է, քանի որ ցանկացած քաղաքական ուժ կամ գործիչ, որը նպատակ ունի մասնակցելու ընտրություններին, հասարակությանը պետք է ներկայացնի իր ծրագրերը եւ առաջարկությունները, որոնցով ինքը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

Սակայն ցավով պետք է նշենք, որ մեր իրականությունում, կարծես, սովորական է դարձել այն երեւույթը, երբ քաղաքական ուժերը ներկայացնում են ամեն ինչ, բացի սեփական ծրագրերից:

Կարծում ենք, սխալված չենք լինի, եթե պնդենք, որ այս ընտրությունների քարոզարշավն էլ իր բնույթով նման է լինելու նախորդ բոլոր ընտրությունների քարոզարշավներին. ընդդիմությունը հանդես չի գալու որեւէ ծրագրով կամ առաջարկով, իսկ իշխանություն կազմած ուժերն էլ հիմնականում բավարարվելու են իրականացված ծրագրերը ներկայացնելով:

Փորձենք այսուհետ մի քանի հրապարակումների միջոցով ներկայացնել մինչ այժմ քիչ թե շատ ակտիվություն ցուցաբերած կուսակցությունների եւ քաղաքական գործիչների կիրառած մարտավարական հնարքները, որոնք վերջիններս անվանում են քաղաքական տեխնոլոգիաներ:

Սկսենք վերջին շաբաթվա ընթացքում մեր պարբերական մամուլի էջերից անպակաս Արտաշես Գեղամյանից եւ նրա ղեկավարած «Ազգային Միաբանություն» կուսակցությունից: 2003թ. ընտրություններից առաջ Ա. Գեղամյանը հանդես եկավ իր «հակաճգնաժամային ծրագիր» նախաձեռնությամբ, որի հիմնական մեխը ռուբլու գոտի Հայաստանի մուտքն էր: Այս ծրագիրը, ինչպես հայտնի է, չարժանացավ լուրջ աջակցության եւ ձախողվեց: Մինչեւ հիմա Ա. Գեղամյանը նոր առաջարկով հանդես չի եկել եւ, ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկի մեջ նշել էինք, զբաղված էր ակտիվ բոյկոտով եւ ԵԽ ԽՎ լիագումար նիստերում իր ունեցած ելույթները հայաստանյան մամուլի էջերում տպագրելով, ինչը շարունակում է հաջողությամբ իրականացնել նաեւ ներկայումս: Նշենք նաեւ, որ այս քաղաքական գործչի հիմնական գործառույթն է եղել` այս ժամանակահատվածի իր ելույթներում անպայման չմոռանալ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին բազմապիսի մեղադրանքներ հնչեցնելը: Սակայն մինչ այժմ իր ցուցաբերած վարքի համար նա չի կարողացել արժանանալ նույնիսկ ընդդիմադիր իր գործընկերների վստահությանը, այլ ընդհակառակը՝ բազում անգամ քննադատվել է իր գործընկերների կողմից (տե՛ս Հմայակ Հովհաննիսյանի հնչեցրած մեղադրանքները): Սակայն այն, ինչ հայտարարեց Ա. Գեղամյանը մոտ 10 օր առաջ, ստիպում է մեզ մտածել, որ այս քաղաքական գործիչն այդպես էլ մտադրություն չունի վերջ դնել` սեփական քարոզչությունն ուրիշներին փնովելու եւ սեւացնելու հաշվին իրականացնելու մարտավարությանը, ինչում նրան մեղադրեց նաեւ Գագիկ Ծառուկյանը: Չանդրադառնալով Արտաշես Գեղամյանի վերոնշյալ հայտարարությանը, քանի որ այն նույն օրը հերքվեց շահագրգիռ բոլոր կողմերից, փորձենք տեսնել, թե ինչ նպատակ կարող էր հետապնդել նման հայտարարությունը:

Ինչպես վերը նշեցինք, վերջին երեք տարիների ընթացքում Ա. Գեղամյանը եւ «Ազգային Միաբանություն» կուսակցության մյուս ակտիվ ներկայացուցիչները, բացի իշխանությունների հասցեին պարբերաբար հնչեցվող «քննադատությունից», որեւէ այլ կարեւոր գործունեություն չեն իրականացրել, ինչն էլ, բնականաբար, հանգեցրել էր նրան, որ մեր մամուլը վերջին շրջանում բավարար ուշադրություն չէր դարձնում այս քաղաքական ուժին: Քանի որ իշխանություններին քննադատողների պակաս մեր քաղաքական դաշտում չի զգացվում: Այս պարագայում հարկավոր է «սենսացիա»: Եվ ահա Ա. Գեղամյանը որոշեց ու սկսեց. նախ հայտարարեց, որ իր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել ՀԺԿ-ի հետ դաշինքով: Մի քանի օր այս թեման բավականին մեծ ակտիվությամբ քննարկվեց մամուլի էջերում: Սակայն ՀԺԿ ղեկավարները, հասկանալով, որ Ա. Գեղամյանը սկսել է իր քարոզչությունն իրականացնել իրենց հաշվին՝ մի քանի անգամ հերքեցին «Ազգային Միաբանության» հետ դաշինք կազմելու հնարավորությունը: Դրանից հետո Ա. Գեղամյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ եւ, պետք է ասել, որ այս անգամ ստացվեց: Վերջին շաբաթվա ընթացքում մեր մամուլն իր էջերում ակտիվորեն քննարկում է այս թեման: Իսկ գործընթացը դեռ շարունակվում է: Ինչպես հայտնի է, Ա. Գեղամյանին է դիմել ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ վերջինիս մոտ եղած փաստերը Դատախազությանը ներկայացնելու պահանջով: Այստեղ կարեւորն այն չէ, թե ինչով կավարտվի այս գործընթացը: Կարեւորն ընթացքն է, իսկ այս ժամանակահատվածում Ա. Գեղամյանը դեռ կհասցնի մի քանի անգամ հանդես գալ իշխանություններին փնովող հայտարարություններով եւ չի իջնի մամուլի էջերից, ինչն էլ հենց նրա հիմնական նպատակն է:

Ինչեւէ, յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ քաղաքական գործիչ ինքն է որոշում իր քարոզչության հիմնական միջոցները: Բոլոր երկրներում ընդունված է քարոզարշավի ընթացքում վեր հանել մրցակից ուժերի թերություններն ու բացթողումները: Այս երեւույթից զերծ չէ որեւէ քարոզարշավ, սակայն եւս մեկ անգամ պետք է հիշեցնենք, որ քննադատությունից բացի` հարկավոր է ներկայացնել սեփական ծրագրերն ու մոտեցումները, ինչպես ընդունված է մեր քաղաքական գործիչների կողմից «շատ սիրված» եւ ընդունելի զարգացած, ժողովրդավարական եվրոպական երկրներում:

Շարունակելի