Թուրքիան չի փոխվում

31/01/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

«Ինքներդ ձեզ անկեղծորեն հարց տվեք, թե ո՞ւմ էր հարկավոր Հրանտ Դինքի մահը` Թուրքիայի՞ն, Հայկական սփյուռքի՞ն, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հակառակորդների՞ն, թե՞ ապուշ ծայրահեղ ազգայնամոլականին…». «Journal of Turkish Weekly»-ի` «Ո՞վ է սպանել Հրանտ Դինքին» հոդվածում գրել է մեկնաբան Բարիս Սանլին: Ցավոք, այդ հարցի պատասխանը մեզ համար գրեթե պարզ է. նրան սպանել է Թուրքիայի պետությունը, որտեղից` իր հայրենիքից, նա չցանկացավ հեռանալ:

Հունվարի 19-ից ողջ աշխարհի հայացքը սեւեռված է Թուրքիային: «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը ոչ միայն ստիպել է համաշխարհային հանրությանը վերանայելու իր վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, այլեւ փոխել է հենց թուրքական հասարակության կյանքը: Պարզվել է, որ դեպի Եվրոպա շարժվելու եւ ժողովրդավարության մասին բոլոր բառերը վերաբերում են բացառապես միայն Ստամբուլին` Թուրքիայում միակ եվրոպական քաղաքին: Եվ հենց Ստամբուլում է սպանվել Դինքը: Եվ արդյո՞ք նրանք իսկապես բողոքում են «մի ինչ-որ հայի» սպանության դեմ: Ամենայն հավանականությամբ` ո՛չ: Տվյալ դեպքում մենք գործ ունենք մեծ վարպետությամբ պատրաստված ներկայացման հետ, եւ մնացել է միայն պարզել, թե ում էր հարկավոր այդ սպանությունը: Հաշվի առնելով, որ Թուրքիայում մայիսին կայանալու են նախագահական ընտրություններ, եւ ակնհայտ ֆավորիտը երկրի ներկա վարչապետ Ռեջեփ Էրդողանն է, կարելի է ասել, որ այդ գործողությունը երկրի ազգայնամոլական ոգով տրամադրված խորհրդարանում կավելացնի հօգուտ վարչապետին տրվող ձայների քանակը: Չէ՞ որ, ըստ սահմանադրության, հենց նա պետք է ընտրի պետության ղեկավարին:

Հիշեցնենք, որ մարդասպանը` 17-ամյա Օգյուն Սամաստը, հանդիսանում է «Համաշխարհային կարգուկանոն» արմատական խմբավորման անդամ, որն էլ, իր հերթին, նաեւ «Գորշ գայլեր» անվանմամբ հայտնի թուրք «գաղափարականների» զանգվածային շարժման մի մասն է: Այդ խմբավորումն արդեն մի շարք ահաբեկչություններ է իրականացրել Տրապիզոնում. կաթոլիկ քահանայի սպանությունը, «Մաքդոնալդսում» իրականացված պայթյունը: Եվ հենց Տրապիզոնում ահաբեկչությունը նախապատրաստած Յասին Հայալն է Սամաստին տվել զենք եւ փող: Այս ամենը գործի արտաքին կողմն է: Դինքին գնդակահարելով` Սամաստը բացականչել է. «Ես գյավուրի եմ սպանել»:

Սակայն կա նաեւ ներքին կողմ. Դինքի սպանության գլխավոր մեղավորը երկրում հակահայկական հիստերիա հրահրող եւ համառորեն սեփական պատմությունը ճանաչել չցանկացող Թուրքիայի պետությունն է: Հրանտ Դինքը թուրքերի համար եղել է «թշնամու կերպարի» մարմնավորում, ինչքան էլ որ վրդովվեցին եւ բողոքեցին սպանությունից հետո եւ թաղման օրը: Եվ թող ոչ մեկին մոլորության մեջ չգցեն վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ նրա կաբինետի «ցավակցությունները»: Ավելի լավ է հիշենք, որ նախորդ տարվա վերջին Թուրքիայի բոլոր դեսպանություններին բաժանվել էր «Հայոց ցեղասպանությունը ճանաչողների դեմ պայքարելու» կարգադրությամբ շրջաբերական: Հենց Էրդողանի կառավարությունն էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում մտցրել Հայոց ցեղասպանության հիշատակմամբ արտահայտվող «թուրքական ազգին վիրավորելու համար» քրեական պատասխանատվության մասին կետը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Դինքի սպանությունը նախապատրաստվել է «պետության մեջ պետության» կողմից, որը գլխավորում են երկրի քաղաքական, ռազմական եւ գործարար շրջանակները ներկայացնող մարդիկ: «Այդ մարդկանց անուններն անհայտ են, սակայն նրանք ունեն որոշումներ կայացնելու հնարավորություն եւ դրանք իրականացնելու մեխանիզմներ: Այդ մարդկանց միավորում է քեմալական հանրապետության հիմքերի անձեռնմխելիությունը պահպանելու ձգտումը, հանրապետություն, որի հիմքը, բացի պետությունից կրոնի բաժանման սկզբունքից, կազմում է նաեւ թուրքական ազգայնամոլության պետական գաղափարախոսությունը: Թուրք հետազոտողները չեն բացառում, որ «խորքային պետությունը» որոշակի չափով ղեկավարում է «Գորշ գայլեր» շարժումը: Թուրքիայի համար «խորքային պետության» երեւույթը նորություն չէ: Այդ ավանդույթը գալիս է դեռեւս երիտթուրքերի ժամանակաշրջանից: 1908-1918թթ. Օսմանյան Կայսրությունը փաստացի կառավարվում էր Երիտասարդ թուրքերի կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, որի անդամների անունները գաղտնի էին պահվում»,- գտնում է Սաֆրաստյանը:

Հարկ է առանձնացնել մեկ շատ կարեւոր հանգամանք: Ներկայումս Թուրքիայում լարված իրադրություն է ստեղծվել` սրվել են հարաբերությունները «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցությամբ ներկայացված իսլամականների ու նրանց հարող բազմաթիվ քաղաքական ու կրոնական խմբավորումների, որոնք կասկածի տակ են դնում Քեմալ Աթաթյուրքի ստեղծած աշխարհիկ պետության նմուշը, եւ քեմալականների միջեւ, որոնց շարքին իրեն դասում է աշխարհիկ պետության օգտին հանդես եկող եւ՛ բարձրագույն, եւ՛ միջին բյուրոկրատիայի խոշոր քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը: Վերջին ժամանակներս քեմալական շրջանակներն ու բարձրագույն գեներալիտետը, որն իրեն համարում է աշխարհիկ հանրապետության երաշխավորը, ակտիվորեն քննարկում են պետության աշխարհիկ նմուշի հետագա քայքայումը խոչընդոտելու նպատակով ներքաղաքական գործընթացներին բանակի վերջնագրային միջամտության հնարավորությունը:

Դրա հետ մեկտեղ` պետք չէ մոռանալ, որ, հայտնվելով եվրոպական հանրության ճամփեզրին, Թուրքիան կարող է հիշել իսլամին պատկանելու մասին: Եվ այդպես աշխարհը կստանա Գլխավոր շտաբի կողմից կառավարվող բավականին ուժեղ մի պետություն, որը շատ շուտով կարող է անկառավարելի, կամ, ինչն ավելի վատ է, անկանխատեսելի դառնալ: Այդ մասին տեղյակ են Բրյուսելում ու Վաշինգտոնում եւ բոլոր ուժերով փորձում են թույլ չտալ նման սցենարի իրականացում: Դեռ ավելին, Հադսոնի ինստիտուտի փորձագետ Զեյնո Բարանի կարծիքով, 2007 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման հավանականությունը 50/50 է: Այդ իսկ պատճառով նա խորհուրդ է տալիս, այնուամենայնիվ, Թուրքիային ընդունել Եվրամիություն` «տհաճ» հետեւանքներից խուսափելու համար: Այնուհետեւ, բնական էներգապաշարներ չունեցող Թուրքիան բոլոր ուժերով փորձում է իր հսկողության տակ վերցնել Քիրքուկը` էներգիայի պակասն ինչ-որ կերպ լրացնելու նպատակով: Մինչդեռ ԱՄՆ-ը, նավթի գնի շուրջ անկանխատեսելի խաղի պայմաններում, նույնպես ձգտում է դուրս չմնալ: Վերջին հաշվով, համաշխարհային հանրության կողմից գրեթե փաստարկ չմնաց Թուրքիային դիմելու համար՝ այս սպանությունը, ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումները, որոնք Թուրքիայում կոչվում են կրոնական իրավունքների սահմանափակումներ, 301-րդ հոդվածը, Կիպրոսի գծով Եվրամիության առջեւ ստանձնած պարտականությունների կատարումից հրաժարվելը: Այս ամենն Էրդողանի կառավարության համար շանս չեն թողնում Եվրամիությանն անդամակցության համար:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հայ-թուրքական սահմանի բացումը նույնքան հեռավոր ապագայի գործ է, որքան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը: Ինչեւէ, եթե դատենք ոչ թե ըստ թուրք քաղաքական գործիչների հայտարարությունների, այլ` ըստ նրանց գործերի, ապա ստացվում է, որ Եվրոպան նրանց այնքան էլ պետք չէ: Իհարկե, վատ չէր լինի քրիստոնեական երկրները ճնշել իսլամի ներկայությամբ: Սակայն չստացվեց: Ուրեմն հարկ է վերադառնալ Արեւելք, ինչն էլ իրականում անում է Ռեջեփ Էրդողանը: Քանզի Թուրքիայի պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի գաղափարը տեւեց ընդամենը 70 տարի, եւ թուրքերը կրկին վերադարձան կոռուպցիային, դրամաշորթությանն ու այլադավաններին կոտորելուն:

Այս օրերին գրեթե բոլոր թուրքական թերթերն իրենց վերաբերմունքն են արտահայտել Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ: Ամենից հեռուն գնացել է «Turkish Daily News»-ը, որի առաջատար հոդվածը հունվարի 24-ին լույս է տեսել հայերեն լեզվով` «Մնաս բարով Հրանտ, մենք բոլորս էլ հայ ենք» խորագրով: Հոդվածը պատմում է հունվարի 23-ին Հրանտ Դինքի թաղման արարողության մասին, որին մասնակցել է Ստամբուլի ավելի քան 100 հազար բնակիչ:

«Քանի որ Դինքի այրին հավաքվածներին խնդրել էր կարգախոսներ չբղավել, թաղման արարողության բոլոր մասնակիցները եկել էին թեւնոցներով, որոնց վրա գրված էր. «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք», «Չեղյալ հայտարարեք 301-րդ հոդվածը»: «Ակոս» թերթի խմբագրության մոտ երկու րոպե լռությունից հետո դուդուկի մեղեդու ներքո թուրք բանաստեղծ Այդին Էնջինն ընթերցեց հիշատակի ներբող: Այնուհետեւ ելույթ ունեցավ սպանվածի այրին` Ռաքելը, ընդգծելով. «Նա լքեց իր ընտանիքը, որին շատ էր սիրում, բայց չլքեց իր հայրենիքը»,- ասվում է հոդվածում: Ի դեպ, չարաբաստիկ 301-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու օգտին հանդես են եկել նույնիսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Արինչն ու արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը:

Սակայն թող ոչ ոքի մոլորության մեջ չգցի այն, ինչ ասվում է թուրքական ՉԼՄ-ներում, որոնք այս ամենի մասին գրում են` հիանալի գիտենալով, որ իրենց կարդում է ողջ աշխարհը: Մինչդեռ այն թերթերը, որոնք անգլալեզու տարբերակ չունեն, պաշտպանում են մարդասպանին: Թուրքիայում ոչինչ չի փոխվել. թուրքերի համար հայը նախ եւ առաջ թշնամի է, հետո միայն` հարեւան, հայրենակից, ծանոթ, կամ, հազվագյուտ դեպքերում, ընկեր: