Շվեդներն ու «շոգեքարշը»

31/01/2007

Առաջիկայում կավարտվի ՀՀ ԿԲ-ի` շվեդական բորսայի օպերատոր «Օ-Էմ-Էքս»-ի (OMX) հետ Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման հեռանկարների ուսումնասիրության եւ զարգացման առաջարկությունների ծրագրի իրականացումը: Այս ծրագրի արդյունքում շվեդական բորսան կներկայացնի ՀՀ-ում կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաեւ հանրապետության բորսայի ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի զարգացման բիզնես ծրագիր: 2007թ. ԿԲ-ի` արժեթղթերի ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպաստելու է արժեթղթերի շուկայից օգտվողների թվի ավելացման ռազմավարությանը, ինչպես նաեւ համարժեք կարգավորման եւ վերահսկողության դաշտի ձեւավորմանը: Որպես արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված հիմնական միջոցառում` ԿԲ-ն դեռ 2006-ի կեսերին ընդունել է «Շոգեքարշի հայեցակարգը», ըստ որի`

ՀՀ-ում գործունեություն իրականացնող խոշոր ընկերություններից կընտրվեն լավագույն, օրինակելի 5-10-ը: Նախատեսվում է, որ այս ընկերություններին կտրամադրվի համապատասխան օժանդակություն, եւ նրանց արժեթղթերով կիրականացվի հրապարակային առեւտուր: Ենթադրվում է, որ «շոգեքարշի» ձեռնարկություններում պետք է ներդրված լինեն բիզնեսի կազմակերպման լավագույն կանոնները, ինչպես նաեւ հստակեցված լինեն արժեթղթերի թողարկման բոլոր պայմանները: