Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին

31/01/2007

Հարգարժան պարոն Զախարյան

Արդեն մի քանի ամիս է, ինչ զանգվածային լրատվամիջոցներով քաղաքապետարանի աշխատակիցները տարբեր ասուլիսների եւ հարցազրույցների ժամանակ խոսում են բնակելի շենքերի առաջին հարկերում գտնվող տարբեր «օբյեկտների» մասին, որոնց գործունեությունը խանգարում է այդ շենքերի բնակիչների բնականոն կյանքին:

Նոր տարվա առաջին օրերին քաղաքապետի տեղակալ Կարեն Գեւորգյանն իր ասուլիսի ժամանակ հավաստիացրեց, որ այդ հարցը շատ խիստ է դրված եւ բոլոր այդ կարգի ժամանցային հաստատություններին տրված է մեկ ամիս, որպեսզի նրանք կամ փոխեն իրենց գործունեությունը, կամ տեղափոխվեն այնպիսի վայր, որտեղ չեն խանգարի բնակիչների հանգստին: Մեկ ամսից շատ մասն արդեն անցել է, սակայն Սայաթ-Նովա 12 շենքի առաջին հարկում գտնվող «Բունկեր» ակումբը ոչ միայն մտադրություն չունի տեղափոխվել մեկ ուրիշ վայր, այլեւ օրեցօր ավելի է ակտիվացնում իր գործունեությունը: Մեր բազմաթիվ խնդրանքներն ու բողոքները «Բունկեր» ակումբի ղեկավարների կողմից միշտ մնացել են անպատասխան: Եվ մեզ այլ ելք չի մնում, քան դիմել անձամբ Ձեզ:

Խնդրում ենք Ձեզ, միջոցներ ձեռք առնել, քանզի մենք չենք կարողանում մեր սեփական բնակարաններում հանգստանալ, երեխաներն այդ ձայներից ոչ կարողանում են դաս սովորել, ոչ քնել, եւ, վերջապես, պատշգամբի տակ հավաքված երիտասարդների հայհոյանքներն ու անհասկանալի վարքագծով աղջիկները դառել են մեր մշտական ուղեկիցները: Հուսով ենք, որ օր առաջ մեզ կազատեք այդ պրոբլեմից, որը մի քանի տարի է ոչ մի կերպ չի լուծվում:

Սայաթ-Նովա 12 շենքի ցածր հարկերի մի խումբ բնակիչներ