«Res publica»` հանրային կարողություն

31/01/2007 Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Զարգացած եւ աղքատ երկրների ունեւորների միջեւ նկատել եմ մի էական տարբերություն: Մի դեպքում` նրանց դեմքին կարծես դրոշմված է կյանքի ուրախությունը, ապրելու երջանկությունը, իսկ մյուս՝ աղքատ երկրների ունեւորների մոտ չկա դեմքի այդ արտահայտությունը:

Եվրոպացի հարուստները նույնպես բազմաթիվ հոգսեր ունեն, բայց, միեւնույն է, երջանկությունը փայլում է նրանց դեմքին: Ինչո՞ւ, որովհետեւ իրենց զգում են ապահով, որովհետեւ ազատ վայելում են իրենց հարստությունն իրենց իսկ երկրում` հիմնականում թաքցնելու քիչ բան ունենալով եւ, ամենակարեւորը, որովհետեւ նրանց ուրախությունը համահունչ է ընդհանուր միջավայրի տրամադրությանը:

Աղքատ երկրներում հակառակն է. թիկնապահներով շրջապատված` նրանց դեմքը կամ լարված է, որովհետեւ վերջին հաշվով իրենք էլ գիտեն, որ թիկնապահը ցուցադրության համար է ընդամենը, կամ հոգնած է անառողջ ապրելակերպից, կամ անհանգիստ է եւ աչքերում խուճապ կա. հնարավոր է` մեջքի ետեւում դավադրություն է հյուսվում, կամ ձանձրանում է` որքա՞ն կարելի է նույն խորովածն ուտել… Բայց իրենց այդ տրամադրությունը հետեւանքն է ընդհանուր միջավայրի տրամադրության: Որովհետեւ այսօր, առավել քան երբեւէ, որքան էլ փորձես ստեղծել միկրոմիջավայրեր, հնարավոր չէ չինական պարիսպներով առանձնանալ:

Հայտնի է, որ աղքատ բնակչությամբ երկրներում հարստության մի քանի մեծ կուտակումները խախտում են ընդհանուր հավասարակշռությունը եւ ստեղծում են պայթյունավտանգ եւ անապահով միջավայր ոչ միայն չքավորների համար, այլեւ` ամբողջ հասարակության, ներառյալ` ունեւոր խավը: Առաջին անգամ այդ միտքը ծագեց Պակիստանի առնչությամբ (այդքան տխուր հարուստներ երբեք չէի տեսել): Որքան ուզում ես հարստություն ունեցիր, երբ ապրում ես այդպիսի աննկարագրելի աղքատ երկրում, ինչպե՞ս կարող ես տխուր չլինել:

Հայաստանը ոչ առաջին եւ ոչ էլ, բարեբախտաբար, երկրորդ խմբի երկրների շարքում է: Հայաստանն, ինչպես միշտ, եղել է եւ այսօր էլ գտնվում է Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում եւ ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլեւ իր կենցաղով եւ մշակույթով: Եվ երջանկության զգացողությունը նույնպես յուրահատուկ է այստեղ:

Խոսքը զվարճության մասին չէ, այլ առօրյա կյանքի ուրախության, բերկրանքի, որի համար, անշուշտ, սոցիալական ապահովության մթնոլորտ է պետք: Երբ այդ հարցերով զբաղվող նախարարության անունից հանեցին «ապահովություն» բառը, այն, ցավոք, ավելի համապատասխան դարձավ իրական գործառույթներին, որովհետեւ սոցիալական ապահովության խնդիրներով նախարարությունը երբեք չի զբաղվել, այլ ընդամենը զբաղվել է սոցիալական մի քանի հարցերով:

Սոցիալական ապահովությունը բժշկության եւ կրթության մատչելիությունն է, իրական մատչելիությունը, դա տուն ունենալու հնարավորությունն է եւ իրավունքը բոլորի համար անխտիր, դա, ի վերջո, աշխատանքի եւ մարդավայել վարձատրվելու եւ ապրելու իրավունքն է:

Իրական սոցիալական ապահովության հասել են եվրոպական շատ երկրներ: Կապիտալիստական խոր ավանդույթներով Մեծ Բրիտանիայում պետությունն անվճար հիմունքներով բնակարանով ապահովում է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ նորաստեղծ ընտանիքներ, միայնակ մայրեր, փախստականներ, մարդիկ, ընտանիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով սնանկացել են եւ ստիպված են եղել վաճառել իրենց տունը եւ այլն: Նույն այդ` կապիտալիստական խոր ավանդույթներով երկրում բժշկությունն ամբողջ բնակչության համար անվճար է: Գործում է հանրային (պետական) հիվանդանոցների համակարգը, որից կարող է օգտվել ամբողջ բնակչությունը` աղքատից մինչեւ հարուստը: Կան նաեւ մասնավոր հիվանդանոցներ, բայց դա, ինչպես ինքնաթիռում «բիզնես կլասը»՝ կամավոր սկզբունքով է: Իհարկե, Անգլիան հարուստ երկիր է, եւ չենք կարող համեմատվել, բայց չենք կարող համեմատվել նաեւ նրանց պրոբլեմների ծավալով, բնակչության թվով, ամբողջ աշխարհից երկիր լցվող փախստականների հոսքերով եւ այլն: Կարո՞ղ ենք արդյոք այդ ամենը համեմատել երեք ու կես միլիոն միատարր ազգությամբ բնակչություն ունեցող երկրի հետ, որն իսկապես կարող է մեկ ընտանիքի պես ապրել: Այն, որ առողջապահության ծախսերը շատ են, բոլորս գիտենք, բայց երկրաշարժի օրվանից սկսած մինչեւ այսօր մենք՝ ժողովուրդը` որպես օգնություն ստանում ենք մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, որոնցով այսօր արդեն մասնավորեցված հիվանդանոցներում սպասարկում են նույն այդ ժողովրդին այնպիսի գներով, որ քչերին է հասանելի: Իսկ պետական պատվերը մասնավոր հիվանդանոցներում գործնականորեն անվերահսկելի է եւ հետեւաբար` անարդյունավետ, ինչպես օվկիանոսի մեջ թափված ջուրը: (Բարեբախտաբար, պոլիկլինիկաների սեփականաշնորհում տեղի չունեցավ):

Սոցիալական ապահովության տեսանկյունից նույն անտրամաբանությունն է բարձրագույն կրթության ոլորտում: Մեր աղքատ պետությունը պետպատվերն անվճարունակ խավի կարող երեխաների բարձրագույն կրթությունն ապահովելուն նպատակաուղղելու փոխարեն, արդեն քանի տարի է, գումար է հատկացնում վճարունակ, այդ թվում` նաեւ ունեւոր ընտանիքների երեխաների բարձրագույն կրթության համար, ինչ է թե` «հինգ» են ստացել եւ ոչ թե «չորս»: Կարծես թե չգիտենք` այդ «հինգ» գնահատականը մեր իրականության մեջ ինչպես են ստանում: Թեեւ դա էլ էական չէ այս դեպքում: Լավ սովորելը խրախուսող թոշակներ, պարգեւներ կամ մրցանակներ, իհարկե, կարող են լինել, բայց դա միայն հետո, երբ լուծված է առաջին՝ սոցիալական խնդիրը, երբ ընդունակ, ուսումնատենչ, հնարավոր է` նաեւ տաղանդավոր երեխան ունի բարձրագույն կրթություն ստանալու, պիտանի մասնագետ դառնալու հնարավորություն: Իսկ օրենքում կատարված վերջին փոփոխությունները` դարձյալ թվանշանների հիմքի վրա, կրկնապատկում եւ եռապատկում են կոռուպցիայի հնարավորությունները, եւ ուրիշ ոչինչ:

Սոցիալական պետություն. ի՞նչ է դա: Ի դեպ, «հանրապետություն» բառը լատիներեն «res publica»` բառացի նշանակում է հանրային ունեցվածք, կարողություն, գործ: Փաստորեն այդ ցանկությունը եղել է անգամ ստրկատիրական կարգերում: Սոցիալական պետությունը, թերեւս, սկսվում է այդ հանրայինի զգացողությունից: Հաճախ տեսնում ենք, որ կառուցում են առանձնատուն` վերացնելով տան դիմացի մայթը, ինչ է թե` տունը մեկ մետր ավելի մեծ կառուցեն: Չմտածելով, որ այդ մայթ կոչվածը հենց իրենց համար է, որ կարող է իր երեխան խաղալիս բակից դուրս վազի դեպի արագընթաց մեքենաներով փողոց, իսկ դիմացը անգամ մայթ չլինի: Այդ մարդը, որն այսօր ինքն իրենից իր մայթը գողանում է, վաղը, եթե լինի նախարար, կամ, եթե այսօր արդեն նախարար է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անի: Մեզ` յուրաքանչյուրիս, պակասում է հանրայինի զգացողությունը, այդ ընդհանուրի մեջ անձնականը տեսնելու կարողությունը, դաստիարակությունը, հանրայինի եւ անձնականի փոխկապակցվածության եւ փոխազդեցության գիտակցումը: Եվ քանի որ մեր էության մեջ պատմական պատճառներով այդ զգացողությունը շատ է թուլացել, այսօր այդ տեսանկյունից մեզ պետք է դաստիարակվել:

Եթե ընդունենք, որ հասարակությունը մի մեծ ընտանիք է, ապա այն, ինչ տեղի է ունենում մեզանում, նման է, որ երեխաները տանը սովից քնել չեն կարողանում, իսկ հայրն ու մայրը նրանցից թաքուն, ննջարանում ուտում են իրենց համով կերակուրները: Բայց քանի որ այդպիսի երեւույթ չկա բնության մեջ, ուրեմն մեզ մնում է հետեւություն անել, որ մեր հասարակությունը բոլորովին էլ մեծ ընտանիք չէ, այլ արհեստականորեն, ձեւականորեն եւ պայմանականորեն իրար գլխի հավաքված եւ քարտեզի մեկ գույնով ներկված տարբեր մարդկանց եւ ընտանիքների խմբավորում է` միմյանց հանդեպ հիմնականում անտարբեր կամ թշնամի: Չկա նաեւ ցեղակցության կամ ավելի կիրթ` ազգակցության զգացողությունը:

Այդ ճոխ սեղանի շուրջ, իշխանականներից բացի, ոչ ոք մոտենալ չի կարող եւ մրցակցությունը, թե ով ավելի շատ կօգտվի, ավելի մեծ պատառ կփախցնի` ընդամենը միմյանց միջեւ է, եւ հազիվ թե որեւէ մեկի խիղճը դրա համար տանջի: «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»,- այսպիսի տողով է սկսվում մեր Սահմանադրությունը:

Կապրենք` կտեսնենք: