Ղարաբաղյան հակամարտության հիմնական հարցերի վերաբերյալ տարաձայնություններ կան: Այս մասին վերջերս Ստեփանակերտում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը գոհ էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման մթնոլորտից: «Մենք շատ շնորհակալ ենք Արկադի Ղուկասյանից` այդ մթնոլորտի համար: Վաղուց նման կազմով մեզ չի հաջողվել գալ այստեղ` կարծիքներ փոխանակելու համար: Բայց դա անհրաժեշտ էր, դրա համար էլ մենք այստեղ ենք»,- ասել է նա: Մերզլյակովը նշել է նաեւ, որ հանդիպման մասնակիցները կիսել են իրենց գաղափարները: «Մենք ձգտել ենք մի շարք հարցերի շուրջ գալ միեւնույն հայտարարի, որը մինչ այդ գուցե չկար»,- ավելացրել է նա:
ԼՂՀ նախագահի համար կարեւորն այն է, որ «նա հերթական անգամ ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը»: «Կարծում եմ, համանախագահները փորձում են կառուցողական հունով աշխատել: Դժբախտաբար, ամեն ինչ չէ նրանցից կախված, տվյալ դեպքում` նրանք իրենց դիրքորոշումը պետք է համաձայնեցնեն Ադրբեջանի դիրքորոշման հետ, որն, իմ տեսանկյունից, առաջվա պես դեստրուկտիվ է մնում,- նշել է Արկադի Ղուկասյանը: -Կան մի քանի հիմնական հարցեր` կարգավիճակ, տարածքներ եւ փախստականներ: Եվ եթե մենք ասում ենք, որ խնդիրներ կան` կապված այս հարցերի շուրջ, ապա նշանակում է, որ վաղ է խոսել հակամարտության կարգավորման մասին, որովհետեւ այդ բոլոր հարցերի վերաբերյալ տարաձայնություններ կան: Եվ եթե հիմա խոսում են այն մասին, որ մնում է համաձայնեցնել մեկ կամ մեկուկես հարց, ես դա չեմ հասկանում: Այլ հարց է, որ, ինչպես համանախագահներն են ասում, Ադրբեջանը սկսել է կառուցողական հունով աշխատել, չնայած, որ ես դա չեմ զգում»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ համանախագահները պատասխանել են նաեւ «Ինչպե՞ս են վերաբերվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Կոսովոյի անկախության ճանաչումը նախադեպ կարող է դառնալ հետխորհրդային հակամարտությունների համար» հարցին: Մերզլյակովը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ վերաբերվել մեր նախագահի առաջարկությանը: Գտնում եմ, որ նախադեպը կարող է այս կամ այլ լուծում ստեղծել, որովհետեւ խոսք է գնում նախկինում ինքնավար կազմավորման եւ ֆեդերատիվ պետության կառուցման մասին: Բայց կարող են լինել նաեւ այլ կարծիքներ»: Իսկ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերով, ունիվերսալ նախադեպեր չկան, յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները: Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ավելացրեց. «Ամեն հակամարտություն իր դժվարություններն ունի, եւ անհրաժեշտ է կարգավորումը գտնել` յուրաքանչյուր հակամարտության կոնկրետ իրավիճակների հիման վրա»:
Իսկ ինչպե՞ս են Ղարաբաղում պատկերացնում բանակցությունների հետագա ընթացքը, եւ որքանո՞վ են ընդունելի այն տարբերակները, որոնք այսօր քննարկվում են բանակցությունների սեղանի շուրջ: «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը գտնում է, որ ցանկացած քաղաքական հարցի վերաբերյալ լուծումը` լինի դա ընդունելի կամ անընդունելի, պետք է կայացնի ժողովուրդը: «Եթե այսօր կան ինչ-որ համաձայնություններ` երկու կողմերի ղեկավարների միջեւ, դա չի նշանակում, որ ժողովրդի համար ընդունելի են դրանք: Չգիտեմ՝ ի՞նչ տարածքների, կարգավորման ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը, բայց, կարծում եմ, ինչ էլ լինի` վերջում ժողովուրդը պետք է իր համաձայնությունը եւ գնահատականը տա: Իսկ ցանկացած բանակցություն, եթե դրանք ժողովրդի համար ընդունելի չեն` անիմաստ է»,- նշել է Ա.Հարությունյանը:
Նա գտնում է, որ բանակցությունները պետք է բաց լինեն ժողովրդի համար: «Մինչեւ այսօր այդ թաքնված բանակցային գործընթացը պետք է կամաց-կամաց ներկայացվի երկու ժողովուրդներին, որպեսզի նրանք էլ տեղեկանան, թե ինչի մասին է խոսքը, եւ հասկանան, թե հարցի չլուծումն ինչ հետեւանքներ է թողնելու: Ցանկացած նման փակ բանակցությունների շարունակումը պարզապես անիմաստ է, որովհետեւ ոչ մի նախագահի ստորագրություն կամ համաձայնություն չի բերելու հարցի լուծմանը»,- ավելացնում է ԱԺ պատգամավորը:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, Անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Վալերի Բալայանի կարծիքով, բանակցությունները, որոնք չեն դադարեցվել արդեն շուրջ 14 տարի, արդյունավետ են նրանով, որ կողմերն ասպարեզ են թողնում շփումների համար: Այսինքն՝ նրանք չեն հատում բոլոր ուղիները, այլ մտածում են այն մասին, որ ինչ-որ փուլում կարող են գտնվել երկու կողմերի համար ընդունելի լուծումներ: «Պետք է հասկանալ, որ բանակցողներն իրենք չեն միայն որոշում կայացնում, այլ նաեւ այն երկրների ղեկավարները, որոնք ընդգրկված են բանակցային գործընթացում, այդ թվում` աշխարհի գերտերությունները: Առայժմ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի կողմից փոխզիջումների գնալու ճանապարհը դեռ չի երեւում, մանավանդ` Ղարաբաղի կողմից, չնայած, որ Ղարաբաղը չի էլ մասնակցում գործընթացին: Դրա համար էլ, չեմ կարծում, որ մոտակա տարիներին կընդունվեն ինչ-որ կոնկրետ լուծումներ: Այդ իսկ պատճառով էլ խոսել այն մասին, թե ինչ զարգացում է ունենալու բանակցային գործընթացը՝ դժվար է: Իմ կանխատեսումներով, այդ բանակցությունները երկար կտեւեն` մինչեւ կոնկրետ արդյունքներ չլինեն: Իսկ ինչ վերաբերում է այսօր քննարկվող հարցերին` փախստականներ, տարածքներ եւ այլն, ես չեմ տեսնում դրանց իրականացման ոչ ուղիները, ոչ էլ մեխանիզմները, որովհետեւ այդքան մեծաքանակ մարդկանց տեղափոխումը կապված է մեծ նյութական, տեխնիկական հնարավորությունների հետ: Մի քանի տարիներ են պետք դրանց պատրաստվելու համար: Ներկայումս ոչ մի տեղ չի երեւում, որ դրան պատրաստվում են լրջորեն»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Վալերի Բալայանը: