Բաղադրությունը։ Ջուր՝ 96-97%, ազոտային նյութեր` 0,7-0,75%, ճարպեր` 0,2%-0,25%, բջջաթաղանթ՝ 0,4-0,5%, մոխրացող մնացորդ` 0,5% շաքարներ` 2-3,5%, ազոտային նյութեր` 8-8,5%, վիտամիններ` 0,08 մգ A եւ B1, 8 մգ C, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, կալիում, քլոր:
Կիրառությունը։ Հին հույն բժիշկները գտել են, որ վարունգն օժտված է ջերմությունն իջեցնող հատկությամբ: Սերմերը միզամուղ են: Հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի, հազի դեպքում, հանգստացնում է նյարդային համակարգը, իջեցնում ջերմությունը, վերացնում փորկապությունը, լավ կոսմետիկական միջոց է: Պտղամարմնի ալյուրը (առանց սերմերի) ցանում են այրվածքների վրա:
Ուոքերի տվյալներով` վարունգի հյութը գազարի եւ բազուկի հյութերի հետ նպաստում է ռեւմատիզմի, ատամների, լնդերի, եղունգների եւ մաշկային հիվանդությունների բուժմանը:
Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` վարունգի հյութն օգտակար է նաեւ մենինգիտի, արագ սրտխփոցների, քթային արյունահոսության դեպքում:
Պղպեղ
Բաղադրությունը: Պղպեղն իր կազմի մեջ ունի ջուր, ազոտային նյութեր, եթերային նյութեր, ճարպեր, բջջաթաղանթ, խեժեր, պիպերին, պիպերիդին, վիտամին C` (100-400 մգ), P, B1, B2:
Կիրառությունը: Հալենը պղպեղն օգտագործել է ստամոքսի քրոնիկական հիվանդությունների դեպքում: Մեզուեն պղպեղի յուղը կիրառել է կաթվածի, ձեռքերի դողդողոցի, էպիլեպսիայի, ռեւմատիզմի, արգանդի հիվանդությունների, անոթային եւ երիկամային հիվանդությունների ժամանակ:
Պղպեղը C վիտամինի պարունակությամբ գերազանցում է բոլոր բույսերին, նրա բուժիչ հատկությունները հիմնականում դրանով են պայմանավորված: Կծու պղպեղի կազմում ավելի շատ վիտամին C կա, քան քաղցր պղպեղում: Օրական 1-2 պղպեղ օգտագործելը բավարարում է օրգանիզմի պահանջը վիտամին C-ի նկատմամբ:
Գիտական բժշկությունը պղպեղը կիրառել է սակավարյունության, ուժասպառության, վիտամինների պակասի, մարսողության խթանման դեպքում:
Ուոքերը հյութն օգտագործել է ցինգայի բուժման, մազերի, եղունգների ամրացման, քրտնագեղձերի աշխատանքի բարելավման համար: Պղպեղի օղեթուրմը բուսական յուղերի հետ քսում են մաշկին իշիասի բուժման ժամանակ: Հակացուցված է պղպեղն օգտագործել տասներկումատնյա աղիի խոցի եւ լյարդի հիվանդությունների դեպքում:
Պղպեղը մեծ հաջողությամբ կիրառվում է նաեւ չորացրած վիճակում: