Մարդը ծնվում է անվախ: Բոլոր վախերը հայտնվում են ժամանակի ընթացքում, երբ մարդը սկսում է ճանաչել աշխարհը, տարբերել լավը վատից, վտանգավորն ապահովից, երբ սկսում է գիտակցությամբ ապրել: Մանուկ հասակում մարդը չի վախենում դիպչել կրակին, վայր ընկնել, սուզվել ջրի մեջ: Բայց տարիների ընթացքում օգտակար վախերի հետ ձեռք են բերվում «անօգուտները»: Երբ դրանք սաստկանում ու սկսում են հետապնդել մարդուն, ապա վերածվում են պաթոլոգիկ վախերի՝ ֆոբիաների: Ամենահաճախ հանդիպող ֆոբիաներն են կլաուստրաֆոբիան, ագորաֆոբիան, սոցիալական վախը: Կլաուստրաֆոբիան փակ, նեղ տարածություններում հայտնվելու վախն է: Այս տեսակի վախով տառապողը խուսափում է վերելակներից, նեղ փողոցներից, քարանձավներից: Ագորաֆոբիան՝ ընդհակառակը՝ բաց տարածության եւ ամբոխի մեջ հայտնվելու վախն է, վտանգավոր պահին անպաշտպան մնալու տագնապալի զգացումը: Սոցիալական ֆոբիային բնորոշ է ուշադրության կենտրոնում հայտնվելու արտահայտված վախը: Այն առաջանում է մարդու ինքնավստահության բացակայությունից, երբ մարդը մեծ նշանակություն է տալիս շրջապատի կարծիքին եւ վախենում է շրջապատի կողմից սխալ հասկացված լինելուց, ծիծաղելի թվալուց: Այս մարդիկ գերադասում են մեկուսանալ, վարում են զուսպ ու սահմանափակ կյանք եւ դժվարանում են մտերմանալ եւ ամուր կապեր հաստատել այլ մարդկանց հետ:
Վախերի մի ամբողջ ցուցակ գոյություն ունի: Մարդիկ տառապում են ամենաանհավանական ֆոբիաներով, վախենում են կենդանիներից ու միջատներից, բնության երեւույթներից, առարկաներից, գործողություններից, իրավիճակներից եւ այլն:
Ֆոբիան ձեռքբերովի, մտացածին, «սովորած» վախ է: Եթե մարդը կարող է սովորել վախենալ, ապա կարող է նաեւ սովորել չվախենալ: Հենց այս սկզբունքի վրա է հիմնված ամենաարդյունավետ եւ ամենահին բուժման եղանակը՝ այսպես կոչված պարբերական դեսենսիբիլիզացիան, այսինքն, վախի նկատմամբ մարդու զգայունության իջեցումը: Վախն ինչ-որ տեղ նման է ալերգիայի եւ բուժվում է նմանատիպ միջոցներով՝ վախ առաջացնող երեւույթի կամ առարկայի նկատմամբ զգայունության նվազեցմամբ: Տագնապը, վախը, ֆոբիան անբաժանելիորեն կապված են լարվածության հետ: Չկա լարվածություն՝ չկա վախ, այլ կերպ ասած, եթե մարդը կարողանա թուլանալ, հանել լարվածությունը, ապա վախը կնահանջի: Վախերի բուժումը հնարավոր է հոգեբանական երկարատեւ «մարզումների» շնորհիվ: Նախ պետք է կարողանալ ինքնուրույն հավասարակշռվել եւ թուլանալ սովորել: Այնուհետեւ կազմել «վախերի աստիճանակարգ», որտեղ, գրանցելով բոլոր վախերը ամենաթույլից մինչեւ ամենասաստիկը, մարդն իր ձեռքի տակ ունենում է իրավիճակի ողջ պատկերը եւ ճանաչում «թշնամուն»: Երրորդ փուլը բուն դեսենսիբիլիզացիան է, երբ վախ առաջացնող պատկերացումները միանում են թուլացման գործընթացին: Խորը թուլացման վիճակում գտնվող հիվանդը մտովի վերարտադրում է տագնապալի իրավիճակը եւ թուլացման շնորհիվ չեզոքացնում այն: Սա վախերի դեմ պայքարելու բժշկական եղանակն է, որին միգուցե թերահավատորեն վերաբերվեն նրանք, ովքեր լավագույն միջոց են համարում ժողովրդականը՝ վախ բռնելը «մոմ թափելով» ու աղոթք անելով:
Ամեն դեպքում, վախերի դեմ պայքարելիս կարեւորը մշտապես գիտակցելն է, որ այն ձեր իսկ բորբոքված երեւակայության արդյունք է: Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է: Ի վերջո վախը վախեցողին է գերում: