Դիփ խաբում ին ու խաբում

28/01/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հեքիաթներում երեւի շատ եք կարդացել, որ երկրի թագավորը հին ժամանակներում սովորություն է ունեցել դերվիշի շորեր հագած շրջել ժողովրդի մեջ։ Այդ, որոշ չափով ռիսկային արարքի պատճառը բնավ էլ ադրենալինի պակասը չի եղել, կամ էլ դերվիշի շորերի նորաձեւ լինելը։

Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ թագավորն այդկերպ ցանկացել է ավելի մոտիկից ծանոթանալ իր ժողովրդի վիճակին, խնդիրներին, իրականությունը տեսնել սեփական աչքերով, ոչ թե իր նազիր-վեզիրների եւ խորհրդականների ֆիլտրի միջոցով։ Երեկ պարզվեց, որ նման գործելաոճը խիստ անհրաժեշտ է նաեւ մեր այսօրվա իշխանություններին։ Առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ նա էլ է ստանում ֆիլտրացված ինֆորմացիա։ Այս «բացահայտման» հեղինակը տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն է, ով երեկ «Փաստարկ» ակումբում ամփոփելով անցյալ տարվա տնտեսական ցուցանիշները, եզրակացրեց, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը չորրորդական, հինգերորդական երկրի կառուցվածք է, քանի քանակական աճը որակ, զարգացում չի տալիս, համախառն ներքին արդյունքում արդյունաբերության մասնաբաժինը կրճատվում է եւ տեղի է ունենում տնտեսության ապաարդյունաբերացում։ Նման ձեւով շարունակելու դեպքում, ըստ Է. Աղաջանովի, ունենալու ենք շինարարաագրարային տնտեսություն։

Եվս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանի տնտեսության ապագան արտահանման ոլորտի զարգացումն է՝ պրն Աղաջանովը պաշտոնական վիճակագրության թվերի միջոցով ցույց տվեց, որ վերջին տարիներին որքան աճել է ՀՆԱ-ն, այնքան մեծացել է մեր երկրի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը։ Օրինակ, 2004թ. ՀՆԱ աճը կազմել է 10.1%, արտաքին առեւտրի դեֆիցիտը` 7.6%, 2005թ. ՀՆԱ-ի աճը 13.9%, դեֆիցիտը` 28.4%։ Իսկ 2006-ին պատկերն ավելի տխուր է՝ ՀՆԱ-ն աճել է 13.5%-ով, արտաքին առեւտրի դեֆիցիտը` 45%-ով:

Է. Աղաջանովը տնտեսագիտական աբսուրդ համարեց այն, որ արտաքին առեւտրի դեֆիցիտի աճի տեմպը երեք անգամ գերազանցում է ՀՆԱ աճի տեմպին. երեք տարում աճել է երկու անգամ: «Ես իշխանություններին ասելու եմ, որ դիմեն ու սա գրանցեն Գինեսի ռեկորդների գրքում»,- ասաց բանախոսը:

Իսկ նման իրավիճակի հիմնական պատճառը, վերջինիս կարծիքով, դրամի արժեւորումն է։ Այս տեսակետն էլ տնտեսագետը հիմնավորեց պաշտոնական վիճակագրությամբ՝ նշելով, որ 2004-ից ի վեր արտաքին առեւտրի դեֆիցիտն աճել է դրամի արժեւորմանը զուգահեռ։

Ընդ որում, ըստ պրն Աղաջանովի, հակասություն կա հենց պետական կառույցների ներկայացրած թվերի միջեւ։ Օրինակ, երբ ԱՎԾ-ն փաստում է, որ ունենք երկնիշ տնտեսական աճ կամ ցածր գնաճ, Կենտրոնական բանկը հավատում է։ Իսկ երբ նույն ԱՎԾ-ն հայտարարում է, որ վճարային հաշվեկշիռը բացասական է 200 միլիոն դոլարի չափով, ԿԲ-ն ներկայացնում է իր սեփական՝ տրամագծորեն հակառակ գնահատականները՝ մի քանի հարյուր միլիոնի հասնող դրական հաշվեկշիռ։ Այս հարցում տնտեսագետն ավելի շատ հավատում է ԱՎԾ-ին, քանի որ եթե մեր վճարային հաշվեկշիռը դրական լիներ, դա կնշանակեր՝ այնքան մեծ ծավալների կապիտալ հոսքեր են եղել դեպի Հայաստան, այնպիսի ներարկումներ են եղել տնտեսության մեջ, որ մեր երկրի աճը պետք է լիներ ոչ թե 13, այլ 30%։

Այս ամենի պատճառներից մեկը բանախոսը համարում է այն, որ լուրջ տնտեսագետներ իշխանության մեջ չկան։ Տիգրան Սարգսյանին, որպես մասնագետի, Աղաջանովը հարգել է մինչեւ 2005թ. օգոստոսը, երբ Տ. Սարգսյանը փոխարժեքի տատանումները բացատրել է ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի տոկոսադրույքների աճով եւ չինական յուանի արժեւորմամբ։ Իսկ Կարեն Ճշմարիտյանի մասին ընդհանրապես խոսք չկա, քանի որ վերջինս բավական թափանցիկ կերպով ժողովրդին մեղադրել էր «անգյալության» մեջ՝ հայտարարելով, որ մարդիկ չեն ուզում աշխատել, այլ հույսը դրել են դրսից եկող տրանսֆերտների վրա։ Լուրջ մասնագետների, լուրջ վերլուծությունների բացը փորձում են լրացնել իրենք՝ իշխանությունից դուրս գտնվող տնտեսագետները, սակայն արձագանք չկա։ Է. Աղաջանովը Հայաստանն «ունիկալ» երկիր է համարում նաեւ այս առումով՝ նշելով, որ հետադարձ կապը իշխանության եւ իշխանությունից դուրս գտնվող մասնագետների միջեւ ընդհանրապես բացակայում է։

Իսկ երկրի նախագահը ստանում է «ֆիլտրված» ինֆորմացիա՝ իր ենթակաների մատուցմամբ։ Այսինքն, գիտի, թե ամեն ինչ փայլուն է։ Փոքր-ինչ դժվար է հավատալ, որ Ռ. Քոչարյանը մամուլին չի հետեւում, կամ ասենք՝ ԱՎԾ ցուցանիշներին, առանց կողմնակի օգնության ծանոթանալու համար չի կարող ինտերնետով մտնել ԱՎԾ-ի կայքը։ «168 Ժամի» այս դիտարկմանն ի պատասխան` պրն Աղաջանովն ասաց, որ նախագահը դժվար թե ժամանակ ունենա այդ նպատակով մտնել ինտերնետ։ Եվ, բացի այդ, ըստ տնտեսագետի, նախագահը պարտավոր էլ չի դա անել։ Այդ ցուցանիշների հիման վրա նախարարներն ու այլ համապատասխան անձինք պետք է վերլուծություններ անեն ու ներկայացնեն նախագահին։ Իսկ նրանք կամ չեն անում, կամ էլ աղավաղում են ամեն ինչ։ Է. Աղաջանովը համաձայն չէր նաեւ այն դիտարկման հետ, որ խորը վերլուծության կարիք, այսպես թե այնպես, չկա, քանի որ պարզ գրված է, որ արդյունաբերությունն անկում է ապրել, արտաքին առեւտրի դեֆիցիտն էլ՝ մեծացել է։ Ըստ Է. Աղաջանովի, այդ նույն նախարարները կարող են շատ գեղեցիկ ձեւով նախագահին համոզել, որ անկում են ապրել տնտեսության թույլ ու անմրցունակ ճյուղերը, իսկ ընդհանուր վիճակը շատ լավ է։

Մի խոսքով, ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանը բանից անտեղյակ է, որովհետեւ նրան խաբում են իր իսկ ենթակաները։ Եթե չիմանայինք, որ Էդուարդ Աղաջանովն ընդդիմադիր տնտեսագետ է, կարող էինք մտածել, թե այս տեսակետի հեղինակը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետն է։ Սակայն, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մոտակա ժամանակներս նախընտրական շտաբ ունենալ չի կարող (Սահմանադրությունն արգելում է 3-րդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում), ապա պետք է ենթադրել, որ նախագահին, իրոք, ապատեղեկացնում են։ Թեեւ մինչ այժմ մտքներովս չէր անցել, որ նա այդքան դյուրահավատ է։

Հույս ունենանք, որ երեկվա քննարկման մասին պատմող ռեպորտաժը Ռ. Քոչարյանը կդիտի եւ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Չէ, դերվիշի շորով ման գալն, այսպես թե այնպես, չի ստացվի՝ դժվար է այդպիսի շոր ճարել։ Համ էլ, չի օգնի՝ պատկերացնո՞ւմ եք՝ դերվիշի շորերով, ու մի քանի մեքենաների շքախումբ, բազմամարդ թիկնազոր։ Կկասկածեն։ Ինչեւէ, ցանկության դեպքում կարելի է միջոցներ գտնել։ Կամ էլ՝ կարելի է ոչինչ չանել եւ սպասել, քանի որ, ինչպես ասում են, ստի ոտքը կարճ է լինում։

Շատ հնարավոր է, որ օրերից մի օր նախագահը հարցնի իրեն զեկուցող նախարարին` իրո՞ք ամեն ինչ այսքան լավ է: Վերջինս էլ կարմրի, եւ ճշմարտությունը դուրս գա ջրի երես: Եվ երկիրը կսկսի ընթանալ դեպի պայծառ ապագա: