Մեր բանակը 15 տարեկան է

28/01/2007

Վաղը ՀՀ ազգային բանակը կդառնա 15 տարեկան: 1992թ. հունվարի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Այս օրերին բանակի 15-րդ տարեդարձին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում: Նման մի միջոցառում էլ տեղի ունեցավ երեկ՝ ԵՊՀ-ում: Այստեղ ԵՊՀ-ի ու ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ազգային բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին բազմաթիվ զինվորականներ ու ԵՊՀ դասախոսներ: Գիտաժողովի ընթացքում զեկուցումով հանդես եկան ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ այլք: Իր խոսքում Մ. Հարությունյանը ներկայացրեց բանակի կազմավորման փուլերը: Նա նշեց, թե ՀՀ-ն իր ռազմական անվտանգությունն ապահովում է ՀԱՊԿ-ի շրջանակներում ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցելով: Նա հայտարարեց նաեւ, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմական համագործակցությունն արդյունավետ զարգանում է: Ըստ նրա, այդ համագործակցությունը հիմնված է ամուր պայմանագրաիրավական հենքի վրա, իսկ համագործակցության լավագույն օրինակը հայ-ռուսական համատեղ զորախումբն է: