Լուրջ սխալ

28/01/2007

«Զրույց անցկացնելով ԼՂՀ-ի անջատողական ռեժիմի ղեկավարության հետ եւ չհանդիպելով ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի հետ՝ միջնորդները լուրջ վտանգ պարունակող ուղի են բռնել»,- մեկնաբանելով տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ ընթացիկ տարում առաջին այցը, ըստ «ՌԻԱ Նովոստիի», հայտարարել է Ադրբեջանի Քաղաքական ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Ըստ նրա, «անցյալ տարվա անհաջողությունները միջնորդներին մղեցին լրացուցիչ հնարավորություններ ու ռեսուրսներ փնտրել» ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: «Համանախագահները ձգտում էին հասնել նրան, որ հաշտության համաձայնագիրը ստորագրվի 2006թ., բայց չհասան այդ նպատակին: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ մղեց տարածաշրջան ներկայիս այցի ընթացքում Ստեփանակերտում հանդիպում անցկացնելու ԼՂՀ հայ համայնքի ղեկավարության հետ: Եթե պատճառն անցյալ տարվա անհաջողությունն է, ապա, այդ կերպ վարվելով, ընթացիկ տարվա վերջին համանախագահները կհասկանան, որ 2007թ. ավելի լուրջ սխալ են գործել, քան 2006-ին»,- ասել է նա: