Կուսակցական արվեստագետ, ես գարշում եմ քեզանից

28/01/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մեր դրամը, ինչպես Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է ասում, շարունակում է արժեւորվել: Իսկ մնացած ամեն ինչ, դրամի «արժեւորմանը» զուգահեռ թանկանում է: Գուցե սա էլ առիթ դառնա, որ համաշխարհային տնտեսագիտության մեջ առաջանա նոր տերմին՝ «հայկական ֆենոմեն», ինչպես ժամանակին առաջացել է, ասենք, «հոլանդական հիվանդությունը», որի մասին շատ է սիրում խոսել Արտաշես Գեղամյանը:

Պարզվում է, որ դրամի «արժեւորմանը» զուգահեռ, բարձրանում է ոչ միայն սովորական ապրանքների գինը, այլեւ մերօրյա մտավորականների գինը: Համենայնդեպս, մտավորականի գնի բարձրացման մասին վերջերս ինչ-որ ասուլիսում նշվել է: Երեւի դա բացատրվում է առաջարկ-պահանջարկի հայտնի կանոնով: Հիշո՞ւմ եք, ինչ աղմուկ բարձրացավ վերջերս, երբ ԳԱԱ-ում թղթակից անդամներ էին ընտրում: Տպավորություն էր ստեղծվում, թե պայքարը գնում է ոչ թե գիտության հետագա զարգացման կամ դրան նպաստելու համար, այլ՝ թե որ կուսակցությունն ավելի շատ ակադեմիկոսացու կունենա: Հիմա մեր երկրում վերջերս շաբաթական մի 50 հազարով ավելանում է կուսակցականների թիվը: Ընդ որում՝ արդեն «մոդա» է դարձել, որ կուսակցություններն իրենց անդամների քանակի մասին տեղեկությունները հաճախակի թարմացնելուն զուգահեռ` ներկայացնում են նաեւ դրանց որակի մասին ինչ-ինչ տեղեկություններ: Այսինքն, թե ինչքան շատ գիտության թեկնածուներ, դոկտորներ, ակադեմիկոսներ ու նման այլ տիտղոսներ ունեցող մարդիկ կան իրենց շարքերում: Եվ հավանաբար հենց այս միտումն էլ հանգեցրել է նրան, որ «մտավորականի գինը բարձրացել է»: Բայց չի կարելի պնդել, թե ինչ-որ կուսակցության շարքերում մտավորականների քանակի առատությունը խոսում է տվյալ կուսակցության բարձր վարկանիշի մասին: Օրինակ՝ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը «գարշում է» կուսակցական արվեստագետներից: Այս մասին երեկ նա հայտարարեց «Հայելի» ակումբում: Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանն էլ կարծում է, թե հավանաբար ԽՍՀՄ-ից եկած բան է, որ իշխանությունները հաճախ հասարակության մեջ վարկ ունեցող կամ թվացյալ վարկ ունեցող մարդկանց, արվեստագետներին որպես խոսափող օգտագործում են իրենց ցանկալի թեմաներն ու գաղափարները լայն շրջանառության մեջ դնելու համար: «Եթե հասարակությունն այդ ակնկալիքը չունենա, որ պետք է ահա մեկը գա, ճառի, բոլոր լուծումներն առաջարկի, ու գրողը պետք է բարբառի եւ այդ վերջին ճշմարտությունն ասի…, եթե այդ պատրանքը վերանա, արդեն իշխանությունը չի կարող օգտագործել, մտավորականությունն էլ չի ծառայի, չի սատարի իշխանությանը»,- երեկ նշեց Վ. Գրիգորյանը: Դ. Հովհաննեսն էլ գտնում է, որ մտավորականի ուսերից «պետք է վերցնել այդ մարգարեի, առաջամարտիկի, ռահվիրայի քղամիդը, թիկնոցը, առաքելությունը»: «Ժամանակին դա գուցե տրվել է ԽՍՀՄ-ի ժամանակ, եւ հիմա էլ իներցիայով շարունակում են»,- կարծում է նա: Ըստ Դ. Հովհաննեսի, գրողի, մտավորականի ձայնը չի հասնում այնտեղ, որտեղ պետք է ընդունվեին որոշումները, կամ եթե անգամ հասնում են, որոշումները չեն ընդունվում այդ ձայնին համապատասխան: Վ. Գրիգորյանի համար ընդունելի է միայն մտավորականի, արվեստագետի՝ իշխանությանն ընդդիմադիր կեցվածքը: Իսկ այդ քննադատությունն էլ պետք է առողջացնելու միտում ունենա: «Մտավորականությունն առանձին ժողովրդից դուրս գոյություն չի, որ ժողովրդին կամ վերեւին հասնի կամ ոչ: Եթե ինքն անկեղծորեն արտահայտի իր տեսակետներն ու կարծիքը, դա կլինի ժողովրդի տեսակետը: Ինձ հասկանալի չէ, թե ինչպես կարող են, օրինակ, ստեղծագործական միությունների նախագահները լիազորված լինել խոսել այդ միության բոլոր անդամների անունից: Օրինակ՝ Գրողների միության նախագահը հանպատրաստից, տեղում արտահայտում է Գրողների միության տեսակետը: Եվ սա այդ թաքուն օգտագործվելն է»,- գտնում է Վ. Գրիգորյանը: Դ. Հովհաննեսն էլ գտնում է, որ ժողովուրդը միշտ ճիշտ է, անգամ` երբ ճիշտ չէ: «Օպոզիցիան միշտ դրված է արվեստագետի բնույթի մեջ: Խոսքն արվեստագետի մասին է, այդ օգտագործվողի մասին չէ,- նշեց Դ. Հովհաննեսն ու հավելեց,- Ստեղծագործական միությունները մեր այս նոր պայմաններում բացարձակորեն ժամանակավրեպ, անախրոնիկ երեւույթ են»: Դ. Հովհաննեսը մերօրյա ստեղծագործական միությունները համեմատեց «աղքատախնամ հիմնարկությունների» հետ: Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչո՞ւ են անդամակցում այդ ստեղծագործական միություններին: «Իներցիայով շարունակվում է: Ըստ երեւույթին, մեկ տեղ համախմբված ստեղծագործողները երեւի ավելի հեշտ են այդ առումով, չասեմ կառավարելի… բայց ինչո՞ւ չասեմ: Նաեւ հեշտ են միասին թեւ թեւի տված, մանավանդ մեր օրերում, երբ գրողը, արվեստագետը թշվառական գոյություն է քարշ տալիս, դրանք, կարծես, դարձել է մի հավաքավայր՝ աղքատախնամ հիմնարկություններ: Եվ այս առումով ինչ-ինչ մարդկանց, երեւի` նաեւ գրողների զանգվածին, ձեռք է տալիս, որ այդ միությունը լինի, որ ինքը գնա, մի հարց լուծի…: Ստեղծագործական միություններում հիմա մեծամասամբ կենցաղային հարցեր են լուծվում: Ինչ վերաբերում է ինձ, նույն իներցիայով այդ միության մեջ եմ: Եթե միությունը մի օր փլուզվի, ես իմ մաշկի վրա որեւէ տարբերություն չեմ զգալու»,- հայտարարեց բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:

Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը՝ Դ. Հովհաննեսը նշեց, թե Հ. Դինքն այն անձնավորությունն էր, ում նկատմամբ, մինչ նրա սպանությունը, բավականին «տարամերժ կարծիքներ» կային: «Մարդիկ կային, որ, ասենք, չէին ընդունում (ես դրանց թվում չեմ եղել) նրա մոտեցումը, որ դեմ էր Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին օրենքով պատժելուն, դեմ էր ցեղասպանության հանցանքը բոլոր երկրներում տարածելուն, գտնում էր, որ դրանք միայն խանգարում են հայ-թուրքական երկխոսությանը»,- ասաց Դ. Հովհաննեսը:

Հ.Գ. Ի դեպ, Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը Ֆրանսիայում օրենքի ուժ դեռ չի ստացել: Օրենքի ուժ ստանալու համար այդ օրինագիծը դեռ պետք է ընդունվի այդ երկրի խորհրդարանի մյուս պալատի կողմից եւ ստորագրվի երկրի նախագահի կողմից: Բայց դա էլ` այն ժամանակ, երբ Ֆրանսիային պետք լինի Թուրքիային մի քիչ նեղել: