Մի քանի ամիս հետո Ղարաբաղում նախատեսվում են նախագահական ընտրություններ, սակայն հանրապետության քաղաքական կյանքում, զարմանալիորեն, «հարաբերական անդորր է տիրում»:
Երկրի քաղաքական ուժերը «փայլում են» իրենց հանգստությամբ եւ, ինչպես ասում են, «կարծես ուղտի ականջում քնած լինեն»: Սակայն, կարծես, այդ հանգստությունն արտաքուստ է միայն, որովհետեւ հասարակության մեջ արդեն իսկ լուրեր են տարածվում հնարավոր թեկնածուների մասին: Իսկ դա նշանակում է, որ ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավն արդեն սկսված է: Թե ովքեր են առաջադրվելու, եւ թե որ կուսակցությունը որ թեկնածուին է պաշտպանելու` դեռ հայտնի չէ, սակայն ցավալին այն է, որ այս կարեւոր շրջանում «թեժ մրցակցությունը» բացակայում է:
Հետաքրքիր է` քաղաքական ուժերն ո՞ւմ վրա են հույսները դնում եւ ո՞ւմ են սպասում: Այստեղ թերեւս ենթադրություններ շատ կարելի է անել: Ասենք, որ ոմանք սպասում են ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին (չնայած շատերը պնդում են, որ դրանք ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ մեր՝ ԼՂՀ նախագահական ընտրությունների վրա), ոմանք` գործող նախագահի վերջնական որոշմանն են սպասում` կառաջադրի՞ նա իր թեկնածությունը, թե՞ ոչ (չնայած` նա հայտարարել է, որ թեկնածությունը չի առաջադրելու), մյուսները, հնարավոր է, հարմար թեկնածու չունեն եւ սպասում են իրենց ավելի հոգեհարազատ եւ ձեռնտու թեկնածուի «հայտնվելուն», ում էլ երեւի կպաշտպանեն: Մի մասի համար էլ պարզապես միեւնույն է: Մասնագետների կարծիքով, ընդդիմության այսօրինակ լռությունն ու հանգստությունը ոչ միայն զարմանալի է, այլեւ` ցավալի: Որովհետեւ, ըստ նրանց, հենց «դիմակայության եւ մրցակցության պայմաններում են ընտրությունները համարվում կայացած եւ հաջողված: Մոնոպոլիան այստեղ հաստատ լավ հետք չի թողնի»:
Ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ Ղարաբաղում այս առումով ավելի ակտիվ են որոշ կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ:
Օրերս Ղարաբաղում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը եւ «Միասնություն» երիտասարդական կազմակերպությունը սոցիոլոգիական հարցում են անցկացրել` փորձելով պարզել, թե ինչ են մարդիկ մտածում նախագահի հնարավոր թեկնածուների եւ ընդհանրապես ընտրությունների մասին: Հարցմանը մասնակցել է 300 մարդ, 150-ը` Ստեփանակերտից, 25-ական` Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի եւ Քաշաթաղի շրջաններից: Հարցման առաջին հարցին` «Մեզ մոտ հնարավո՞ր են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ», դրական է պատասխանել հարցվածներից 109-ը: 139 մարդ միանշանակ բացասական պատասխան է տվել, իսկ 52 հոգի էլ դժվարացել են պատասխանել: Ի դեպ, Ստեփանակերտում հարցված 150 հոգուց «այո» է պատասխանել ընդամենը 42 հոգի, իսկ «ոչ»՝ 86: Ամենալավատեսն Ասկերանի շրջանում հարցվածներն են, իսկ հոռետեսները` Շուշիում, որտեղ 25-ից 10 հոգի միանշանակ չեն հավատում արդար ընտրություններին, 8-ն էլ` կասկածում է:
Երկրորդ հարցը վերաբերում էր այն ամենագլխավոր երեք հատկանիշներին, որոնք ամենաշատն են անհրաժեշտ երկրի նախագահին: Հարցվողներից շատերը նշել են հայրենասիրությունը, դիվանագիտական ճկունությունը, խելքն ու ազնվությունը:
«Ձեր կարծիքով, քաղաքական ի՞նչ կողմնորոշման կողմնակից պետք է լինի ապագա նախագահը» հարցին հարցվածներից 61-ը (որոնցից 40-ը` Ստեփանակերտից) պատասխանել են` եվրոպամետ: Ռուսամետությունը հոգեհարազատ է 109 մարդու, որոնցից 37-ը Ստեփանակերտից է, 19-ը՝ Հադրութից, 14-ը` Մարտակերտից: Հարցվածների մեկ հինգերորդը կոմպլեմենտարիզմի ջատագով է: Միայն Հադրութում է այս կողմնորոշումը ոչ ընկալելի՝ այնտեղ ոչ ոք դա չի նախընտրել:
«Ղարաբաղի ճակատագրի հարցում ԼՂՀ ապագա նախագահի ո՞ր դիրքորոշումը Ձեզ համար ընդունելի կլիներ» հարցի տարբերակներից ԼՂՀ անկախությունն են նշել 109 հոգի, Հայաստանի հետ վերամիավորումը՝ 56 հոգի, անկախությունը որպես միջանկյալ փուլ Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհին՝ 82 հոգի, կարգավիճակ Եվրամիության կամ այլ միջազգային կառույցի մանդատի տակ` 6, հաշտեցում՝ 3, կայունություն՝ ցանկացած գնով՝ 9, փոխզիջումներ՝ հանուն խաղաղության՝ 5, խաղաղություն՝ ցանկացած գնով՝ 19, տնտեսական տարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավում՝ 3 հոգի: Հարցին դժվարացել են պատասխանել 8 հոգի:
Հետաքրքրական էր վերջին հարցը` «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում»: Հարցվածները նշել են տարբեր անուններ: Հարցման մասնակիցներից 117-ը նախընտրել են անուններ չնշել՝ հավաստելով, թե հարմար թեկնածու չեն տեսնում: Անուններ նշողներից 34-ը տվել են ԼՂՀ Ազգային անվտանգության վարչության պետ Բակո Սահակյանի անունը (նրան նախընտրողների մեծ մասը մինչեւ 35 տարեկան տղամարդիկ են): 31 հոգի տվել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի անունը (հիմնականում մինչեւ 35 տարեկան կանայք), 26-ը` ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանինը (հիմնականում 35-50 տարեկան տղամարդիկ):
ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանի անունը նշել են 18 հոգի (հիմնականում 35-50 տարեկան կանայք եւ տղամարդիկ), Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը`16 հոգի, ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինը` 10 հոգի, ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանինը` 8 հոգի, ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանինը` 5 հոգի: 4-ական «ձայն» են հավաքել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը (նախընտրողները բոլորն էլ Մարտակերտից են), հայտնի գործարար, բարեգործ Լեւոն Հայրապետյանը (նախընտրողները բոլորն էլ Ստեփանակերտից են), ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը (նախընտրողները բոլորն էլ Քաշաթաղից են), 3 «ձայն» է հավաքել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Քաշաթաղից Կարեն Գրիգորյանը, 2-ական` ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Վիտալի Բալասանյանը, Սամվել Հակոբյանը, Սերգեյ Օհանյանը: Մեկական ձայն են ստացել Արպատ Ավանեսյանը (ԼՂՀ ԱԺ պատգամավոր), Արթուր Աղաբեկյանը (ՀՀ պաշտպանության փոխնախարար), Մարատ Հակոբջանյանը (ԼՂՀ քաղաքաշինության նախարար), Կամո Աթայանը (ԼՂՀ ԿՄՍ նախարար), Ռուդիկ Հյուսնունցը (ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ), Գեղամ Բաղդասարյանը (ԼՂՀ ԱԺ պատգամավոր), Արարատ Դանիելյանը (ԼՂՀ փոխվարչապետ), Արմեն Զալինյանը (ԼՂՀ գլխավոր դատախազ), Սամվել Կարապետյանը (ԼՂՀ պաշտպանության փոխնախարար), Արթուր Մոսիյանը (ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ), Գեորգի Պետրոսյանը (ԼՂՀ արտգործնախարար), Մուրադ Պետրոսյանը («Ինչ անել» թերթի խմբագիր), Բագրատ Եսայանը (Բերձորի քաղաքապետ) եւ Խոսրով Օհանյանը: