«Թիվ մեկ խնիրն Ալավերդու հիվանդանոցն է»

28/01/2007 Լարիսա ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ

– Պարոն Քոչարյան, Ձեր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում ո՞րն եք համարում Ալավերդի քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի շուրջ 50 հազար բնակչության կենսական հիմնախնդիրը:

– Ձեր հարցը հիմնականում վերաբերում է «Ալավերդու Հիվանդանոց» ՓԲԸ-ին, ամբողջ հանրապետությունում աղմուկ հանած, նախորդ տարիներից այստեղ կուտակված 53,5 մլն դրամ պարտքերին, որն առաջացել է վատ տնտեսավարման եւ անբավարար վերահսկողության պատճառով։ Իրավասու մարմինները չեն վերահսկել, տեղում էլ, իհարկե, մի քիչ ինձ համար դժվար է այդ խնդրի մասին խոսել, քանի որ, գիտեք, հիվանդանոցի տնօրենը մահացել է, բայց, ցավոք, պետք է արձանագրեմ, որ կուտակված մեծ պարտքերը եւ վիճակի ծանրությունը չեն ազատում պատասխանատվությունից այնքանով, որքանով պատասխանատու է եղել մեր Առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունը։ Դրա արդյունքում դեկտեմբեր ամսվա սկզբում ստացել ենք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության գրությունը. նրանք տեղում ուսումնասիրել են հիվանդանոցում տիրող վիճակը։ Ես, մեկ շաբաթ էր ընդամենը, ինչ աշխատում էի, երբ առաջին անգամ առնչվեցի այս խնդրին, երբ ընկերները եկան եւ մարզպետարանում ներկայացրին իրական վիճակը։ Իհարկե, մինչեւ նրանց գալն էլ ես ունեի որոշակի տեղեկություններ։ Ես որոշեցի միանգամից արձագանքել խնդրին։ Քանի որ գործ ունեի բավականին ծանր խնդրի հետ. մարդիկ տարիներ շարունակ աշխատավարձ չէին ստացել:

– Դրանք յուրացվե՞լ էին:

– Այո, դրանք յուրացվել էին, մարզխորհրդում մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետը չերաշխավորվեց իր հետագա պաշտոնում, Ֆինանսատնտեսական վարչության պետը ստացավ խիստ նկատողություն, հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, հիվանդանոցի գլխավոր հաշվապահը ստացավ խիստ նկատողություն, թեեւ նա արժանի էր հեռացման, բայց ելնելով ստեղծված ծանր կացությունից` միգուցե այս պահին նպատակահարմար չէր նրան ազատել աշխատանքից, թողեցինք առայժմ իր աշխատանքում։

– Ի՞նչ եք նախատեսում հիվանդանոցի առողջացման համար։

– Ստորաբաժանումների կողմից մշակվել է հիմնարկի առողջացման իրատեսական ծրագիր։ Նշանակվեց տնօրենի նոր պաշտոնակատար։ Ասեմ նաեւ, որ ունենք առողջապահության ոլորտի օպտիմալացման հետ կապված ՀՀ կառավարության կողմից մշակված ծրագիր, որը նախատեսում է երկու առողջապահական հիմնարկների` Ալավերդու համաբուժարանի եւ հիվանդանոցի միավորում։ Բայց քանի որ մենք առաջ ընկանք, չենք սպասում մայիս եւ հունիս ամիսներին, համաբուժարանի տնօրենին նաեւ հիվանդանոցի պաշտոնակատար նշանակեցինք այն նպատակով, որ նախ` նա կտեսնի` որտեղից են առաջանում առողջացման միտումները, նրան օգնելու համար մենք մարզպետարանի Ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետին որոշ ժամանակով գործուղեցինք Ալավերդու հիվանդանոց: Պետք է ասեմ, որ միեւնույն ժամանակ կառավարությունը պահուստային ֆոնդից 20 մլն դրամ հատկացրեց հիվանդանոցի պարտքերի մարման նպատակով: Առողջապահության ազգային ինստիտուտի բժիշկները որոշակի գումար հավաքեցին եւ ուղարկեցին հիվանդանոցի կոլեկտիվին՝ ֆինանսական առողջացմանն օգնելու նպատակով: Ես խնդրեցի նույնն անել մարզի առողջապահական հիմնարկներին: Արդյունքում ստացվեց շուրջ 23-24մլն դրամ, պետք է նկատի ունենալ, որ հիվանդանոցի պարտքերից 12,5 մլն դրամը տույժ եւ տուգանքներ են: Ես խոսեցի Հարկային պետական ծառայության ղեկավարության հետ: Նրանք ուղիներ են որոնում 12,5 մլն դրամը հիվանդանոցին զիջելու համար: Կմնա մոտ 15-16 մլն դրամի պարտք: Ինձ անհանգստացնում է այն, որ անգամ այս փոփոխություններն իրականացնելու դեպքում, դրական արդյունք չեմ տեսնում, քանի որ նորից պարտքեր են կուտակվում:

– Ձեր կարծիքով` ո՞րն է դրա պատճառը:

– Բուն պատճառն այն է, որ հիվանդանոց հիվանդ չի գալիս, ալավերդցիները կարծես թե այլեւս չեն վստահում իրենց առողջապահական հիմնարկին: Հիվանդանոցն ունի բազմաթիվ մասնագետ-բժիշկների պրոբլեմ, որոշ մասնագիտությունների գծով բժիշկներ չունի: Ես խնդրել եմ Ազգային առողջապահական ինստիտուտի տնօրենին, որ այս հարցում մեզ աջակցի, միգուցե կլինեն երիտասարդ բժիշկներ, որոնք ցանկություն կունենան նորմալ, նպաստավոր պայմաններում աշխատել Ալավերդիում: Նույնը խնդրել եմ Վանաձորի առողջապահական հիմնարկների ղեկավարներին:

– Գուցե միջոցներ ձեռնարկեք Ալավերդու հիվանդանոց վերադարձնել բնակչության շրջանում հարգանք վայելող, սակայն սխալ վարչարարության հետեւանքով այլ քաղաքների հիվանդանոցներ տեղափոխված ալավերդցի բժիշկներին: Օրինակ` ինսուլտով եւ ինֆարկտով Ալավերդու եւ հարեւան գյուղերի շատ հիվանդների հարազատներ Օձունի խաչմերուկում ժամերով սպասում են Վանաձորից Ալավերդի տուն վերադարձող՝ նյարդաբան Վրույր Ստեփանյանին՝ իրենց հիվանդին բուժօգնություն ցույց տալու համար: Ավելացնեմ, որ վերջերս Ալավերդու հիվանդանոցում շաքարը բարձր, ինֆարկտով հիվանդին ներարկել էին գլյուկոզա, որի արդյունքում հիվանդն անմիջապես մահացել էր:

– Գիտեմ, լսել եմ: Համաձայն եմ, կարելի է փորձել եւ նրանց վերադարձնել: Երկու ճանապարհ կա հիվանդանոցի առողջացման համար. մի դեպքում` առողջապահական գործի ճիշտ կազմակերպում, մասնագետներով համալրման եւ ֆինանսական ճիշտ քաղաքականություն վարելու ճանապարհով` հասնելով նրան, որ պարտքեր չկուտակվեն, վիճակը կայունանա: Երկրորդ ճանապարհը՝ պարտադիր պետք է գնանք կրճատումների: Հունվարի վերջին նորից կանդրադառնանք այս խնդրին, նորից քննարկումներ կկազմակերպենք եւ կկողմնորոշվենք, թե որ ճանապարհով գնալ:

– Պարոն մարզպետ, տարիներ շարունակ ալավերդցիներն անմասն են մնացել ՀՀ կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 2004թ. մարտի 4-ի թիվ 318 որոշմամբ տրված արտոնություններից, թեեւ Ալավերդիում եւ Թումանյանի տարածաշրջանում ապրում են 1400-ից ավելի հաշմանդամներ, ովքեր իրավունք ունեին իրենց առողջության հետ կապված խնդիրները լուծել պետպատվերով: Դա կնպաստեր նաեւ հիվանդանոցի ֆինանսական առողջացմանը: Հիվանդանոցի բժիշկներից շատերն օրենքի չկիրառման եւ հիվանդանոցի ֆինանսական առողջացմանը խանգարելու համար մեղադրում են «Ալավերդու Համաբուժարան» ՓԲԸ-ի տնօրեն Սվետլանա Քառյանին, որին դուք նշանակել եք նաեւ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար:

– Գիտեմ, լսել եմ նաեւ այդ մասին: Եթե դա, անգամ մասամբ, ճիշտ լինի, նորից գործում է սուբյեկտիվ գործոնը, որն անընդունելի եմ համարում: Երբ այդ քայլն անում էի, մտածում էի` ի վերջո, այդ երկու առողջապահական հիմնարկները միտված են բնակչության որակյալ բժշկական սպասարկում կազմակերպելուն: Այս տեսակետից, կարծում եմ, նախկին հարաբերություններն, իհարկե, իրենց կնիքը թողել են հիվանդանոցի վիճակի վրա: Կարծում եմ, որ մինչեւ մայիս-հունիս հիվանդանոցի առողջացումը կտեսնենք: Այսօր իմ թիվ մեկ խնդիրն Ալավերդու հիվանդանոցն է:

– Պարոն Քոչարյան, Ալավերդու պղնձաձուլական գործարանն իր էկոլոգիական հիմնախնդիրներով ազդում է մարդկանց առողջության վրա: Չե՞ք կարծում, որ Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պետք է ներդրումներ անի հիվանդանոցում:

– Լավ միտք եք ասում: Ես պարոն Մեջլումյանի հետ հեռախոսով եմ խոսել: Պայմանավորվեցինք, որ առաջիկայում կհանդիպենք եւ կզրուցենք նաեւ այս խնդրի շուրջ: Մասամբ հույսս նաեւ նրանց հետ միասին գործելու մեջ եմ տեսնում:

– Չե՞ք կարծում, որ հիվանդանոցի ֆինանսական առողջացման շատ լուրջ աղբյուրներ ասես միտումնավոր անտեսվել են, ինչպես, օրինակ, Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից ՀՀ կառավարությանը վճարվող բնապահպանական վճարներից Ալավերդի համայնքի բյուջեին 2006թ. հատկացված 19մլն դրամը: Դրանք նպատակային չեն ծախսվել: Մեծ մասամբ ներդրվել են պատերի վերանորոգման կամ հեղեղատարների մաքրման համար:

– Ճիշտն ասած` դեռ չեմ հասցրել խորանալ այդ խնդրի մեջ, դուք հարց եք բարձրացնում, որն իսկապես անհանգստացնող է: Իհարկե, այդ գումարներից ծախսվել են նաեւ բնապահպանական նպատակներով, բայց այդ գումարների նպատակային ծախսումներն, այո, պետք է վերահսկվեն:

– Ձեր կողմից հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Սվետլանա Քառյանը ղեկավարի իր անցած ճանապարհով վաղուց վստահություն չի ներշնչում Ալավերդիում, մանավանդ, որ նրա մասնակցությամբ են, մեղմ ասած, ձախողվել Լոռու մարզի 1999-2001թթ. աղետի գոտու եռամյա ծրագրով համաբուժարանի վթարային շենքի նորոգման աշխատանքները: Բացի այդ, 2002թ.-ին Լոռու մարզային դատախազությունում տիկին Քառյանի դեմ քրեական գործ է հարուցված եղել համաբուժարանում նրա կատարած հափշտակությունների մասով, որը հետագայում փակվել է: Դուք նրա` Հանրապետական կուսակցության անդամ լինե՞լն եք հաշվի առել:

– Ես չեմ ուզում անցյալով առաջնորդվել: Կարծում եմ` մինչեւ մայիս նաեւ քննություն է ինձ համար: Թող քննությունն անցնի, հուսանք` կշահեն մարդիկ, թող այդ հիմնարկը շուտ առողջանա:

www.hetq.am