«Կոմերցիոն գործոնները մեզ քիչ են հետաքրքրում»

28/01/2007 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) հունվարի 24-ին հրապարակեց 2006թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Ըստ հաշվետվության, անցյալ տարի քաղավիացիայի համակարգի արտադրական ցուցանիշները թեեւ ցածր տեմպերով, բայց աճել են:

Տարվա ընթացքում փոխադրվել է 1 մլն 172 հազար ուղեւոր, ինչն ընդամենը 1,2 %-ով է աճել 2005թ. համեմատ: Նկատենք, որ այս ցուցանիշի աճի տեմպը տարեցտարի նվազում է: Սակայն, ըստ ՔԱԳՎ-ի, անցյալ տարի առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանում ժամանող ուղեւորները գերազանցել են մեկնողներին: Պակասել է նաեւ ինքնաթիռների թռիչք-վայրէջքների թիվը. 2005թ. այն եղել է 7398, իսկ 2006թ.` 7104:

Քաղավիացիայի բնագավառի պետական բաժնեմաս ունեցող 4 ընկերությունները («Հայաերոնավիգացիա», Գյումրիի «Շիրակ» օդանավակայան, «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն») միասին 2006թ. ապահովել են 539,72 մլն դրամի շահույթ: Իսկ Ստեփանավանի օդանավակայանն, ըստ ՔԱԳՎ-ի գնահատականի, գտնվում է «չաշխատող եւ անմխիթար վիճակում»: «ՔԱԳՎ-ի կողմից տարվող ճկուն քաղաքականության արդյունքում էապես դյուրացել է օտարերկրյա փոխադրողների մուտքը ՀՀ օդային փոխադրումների շուկա, ինչպես նաեւ շուկայում արդեն իսկ գործող օտարերկրյա փոխադրողների կողմից իրականացվող կանոնավոր չվերթերի հաճախականություններն ավելացվել են: Մասնավորապես, ՀՀ օդային փոխադրումների շուկա մուտք գործեց «Էյր Ֆրանս» ավիաընկերությունը շաբաթական 3 հաճախականությամբ, «Էյր Արաբիան»՝ 2 հաճախականությամբ: Արդյունքում` 2006թ. ընթացքում եվրոպական ուղղություններով, ընդհանուր հաշվով, իրականացվել է 2879 չվերթ (մեկնող եւ ժամանող) եւ այդ ընթացքում փոխադրել է 170.858 ուղեւոր, կամ, որ նույնն է, նախորդ տարվա համեմատ ավելի են փոխադրել 21633 ուղեւոր (աճել է 14.5%-ով)»,- նշված է վարչության հաշվետվությունում: Ինչպես տեղեկացանք ՔԱԳՎ պետի մամուլի խոսնակ Գայանե Դավթյանից, այս երկու ընկերություններն այս պահի դրությամբ նորմալ իրականացնում են իրենց չվերթերը:

Ինչո՞ւ է Հայաստանում ավելանում ավիաընկերությունների թիվը: Ինչո՞ւ, օրինակ, «Էյր Ֆրանսը» մտավ հայկական շուկա, այն դեպքում, երբ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը կանոնավոր չվերթեր էր իրականացնում դեպի Փարիզ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում ՔԱԳՎ-ի «ճկուն քաղաքականությունը»: «Այս քաղաքականության արդյունքում ավելանում են չվերթերի հաճախությունները, մեծանում է մրցակցությունը, որը հանգեցնում է սակագների փոփոխությունների, մեծանում է ավիացիոն շուկան: Սակայն ամենագլխավորն այն է, որ մենք շեշտը դնում ենք թռիչքային եւ ավիացիոն անվտանգության վրա: Եթե ավիաընկերությունն ապահովում է այս գործոնները, ապա հանգիստ կարող է մտնել հայաստանյան շուկա: Կոմերցիոն գործոնները մեզ քիչ են հետաքրքրում»,- պատասխանեց Գ. Դավթյանը: Բնականաբար, այս «ճկուն քաղաքականության» արդյունքում տուժում է միայն մեկ սուբյեկտ` «Արմավիան»: Վերջինիս ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ ներդրումային պայմանագրի պարտավորությունների կատարման նպատակով ՔԱԳՎ-ն վերահսկողություն է իրականացրել «Արմավիայի» կողմից իրականացվող չվերթերի կանոնավորության եւ օդանավերի առկայության նկատմամբ: Ըստ Գ. Դավթյանի, այդ վերահսկողությունը կրում է ընթացիկ, ամենօրյա բնույթ:

2006թ. ՀՀ օդանավերի ժամանակավոր ռեգիստրում գրանցվել է 27 օդանավ: Անցյալ տարի օդանավերի պետական ռեգիստրում գրանցվել է 11 օդանավ, որից մեկը պետական ռեգիստր է տեղափոխվել ժամանակավոր ռեգիստրից: Պետական ռեգիստրից հանվել է 13 օդանավ: ՔԱԳՎ պետի մամուլի խոսնակի հավաստմամբ, ժամանակավոր ռեգիստրում հայտնվում են այն ինքնաթիռները, որոնք զննման փուլում են: Եթե դրանք համապատասխանում են բոլոր ստանդարտներին, ապա տեղափոխվում են օդանավերի պետական ռեգիստր: Օդանավերի ռեգիստրում գրանցված օդանավերից 3 ինքնաթիռ (Ա-320) փաստացի բացակայում են, որոնք դուրս կգրվեն քննության հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա: Միեւնույն ժամանակ, ըստ ՔԱԳՎ-ի, գոյություն ունի եւս «Դվին կոնցեռնի» սեփականություն հանդիսացող Ան-12 տիպի մեկ օդանավ, որը ենթակա է դուրս գրելու ռեգիստրից, քանի որ չի շահագործվում, չունի համապատասխան թռիչքային որակ: Սակայն այդ ինքնաթիռի սեփականատերն ապագրանցման համար հայտ չի ներկայացրել ՔԱԳՎ-ին:

Ինչ վերաբերում է 2006թ. ավիացիոն ոլորտում տեղի ունեցած պատահարներին, ապա ՀՀ-ում գրանցված օդանավերի հետ տեղի է ունեցել մեկ աղետ (մայիսի 3-ին Սոչիի ավիավթարը), երկու ավիացիոն պատահար, երկու արտադրական պատահար եւ 3 միջադեպ: Անցյալ տարի տեղի է ունեցել նաեւ մեկ ավիացիոն միջադեպ ՌԴ-ում գրանցված ՅԱԿ-42 օդանավի եւ մեկը` Սիրիական ավիաուղիների Բոինգ 727 օդանավի հետ: