Ցանկին ծանոթանալիս առաջին հայացքից ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ ամենախոշոր հարկատուներն օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ գործող ընկերություններն են: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «ԱրմենՏելը» եւ «ՀայՌուսգազարդը» նորից զբաղեցնում են առաջին երեք տեղերը: Առաջին ընկերությունում կա գերմանական ընկերության մասնաբաժին, իսկ մյուս երկու սուբյեկտների բաժնետոմսերի հիմնական մասը, ինչպես գիտենք, պատկանում է ռուսական ընկերություններին՝ «ՎիմպելԿոմին» ու «Գազպրոմին»: Իսկ ընդհանրապես 2006թ. 300 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդամենը երկուսն էին տեղական ընկերություններ, ավելի ճիշտ՝ երկուսն են ձեւակերպված տեղական ընկերություններ՝ նավթամթերք ներմուծող «Ֆլեշը» եւ «Քաղպետրոլսերվիսը»: Իսկ 9-րդ տեղում գտնվող «Սալեքս գրուպը» կամ առաջին տեղում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» այնքան էլ արտասահմանյան չեն: Դրանցից առաջինը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ շաքարավազ ներկրող ընկերությունն է: Ս. Ալեքսանյանն իր ֆիրման, թերեւս, ձեւակերպել է օտարերկրյա ներդրում ունեցող, որպեսզի օգտվի հարկային արտոնություններից: Իսկ երկրորդ ընկերությունն իրականում պատկանում է մեր բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչներին: Վերջիններս արտասահմանյան երկրներում ինչ-որ ընկերություններ են բացել եւ դրանց անունով սեփականացրել են տնտեսության բավականին շահութաբեր ոլորտներ՝ ցույց տալով՝ իբրեւ թե գնորդներն արտասահմանցիներ են:
Առաջին հայացքից տեսնում ենք, որ 300 խոշոր հարկատուների ցանկում առանձնապես խոշոր փոփոխություններ չեն եղել, ընկերություններն ընդամենը մի երկու սանդղակի տարբերությամբ զբաղեցնում են իրենց նախկին տեղերը: Թեպետ կան մի երկու կտրուկ փոփոխություններ, որոնք ունեն իրենց «արդարացի» բացատրությունները: Բացի այդ, տեսնում ենք, որ ընկերությունների մեծ մասն անցյալ տարվա համեմատ այս տարի մի թեթեւ ավելացրել է վճարած հարկերի չափը: Դե, տնտեսությունը զարգանում է, բյուջեն էլ դրա հաշվին մեծանում է: Սա՝ առաջին հայացքից: Իսկ երբ սկսում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել, տեսնում ենք, որ խոշոր հարկատուներից ոմանք անցյալ տարվա համեմատ խոշոր չափով պակասեցրել են իրենց հարկերի չափը: Օրինակ, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունն անցյալ տարի զբաղեցնում էր 141-րդ տեղը եւ վճարել էր 245 մլն 229 հազար դրամ հարկ, այս տարի վճարել է մոտ 203 մլն դրամ՝ 42 մլն դրամով պակաս եւ 21 սանդղակ ներքեւ իջնելով՝ զբաղեցրել է 182-րդ տեղը: Իսկ «Մուլտի լեո»-ն, որն անցյալ տարի վճարել է 608 մլն 227 հազար դրամ, այս տարի վճարել է մոտ 534 մլն դրամ: Ի դեպ, մինչեւ 2006թ. Գ. Ծառուկյանին էր պատկանում նաեւ Կոտայքի գարեջրի գործարանը. անցյալ տարի այն վաճառել է: Հետաքրքիրն այն է, որ մինչեւ վաճառելը, 2005թ. գործարանը զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի 135-րդ տեղը եւ վճարել է 256 մլն 818 հազար դրամ: Իսկ վաճառքից հետո՝ 2006թ. կտրուկ ավելացել է գործարանի վճարած հարկերի չափը՝ 646մլն դրամ: Մենք մեկ տասնյակից ավելի առեւտրի կետերից փորձեցինք տեղեկանալ, թե ավելացե՞լ է արդյոք «Կոտայք» գարեջրի վաճառքը, եւ ստացանք բացասական պատասխան: Մնում է ենթադրել, որ գործարանը ստվերում է աշխատել:
Եվ ահա խոշոր հարկատուների ցանկում բենզին եւ ավիավառելիք ներկրող «Միկա Արմենիա թրեյդինգ» ընկերությունը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է Միխայիլ Բաղդասարովին, զբաղեցնում է 20-րդ տեղը եւ վճարել է 1 մլրդ 961 մլն դրամ հարկ: Անցյալ տարի այդ նույն ընկերությունը զբաղեցնում էր 13-րդ տեղը եւ վճարել էր 2,8 մլրդ դրամ հարկ՝ 960 մլն դրամով ավելի: Դժվար է ասել, թե ընկերությունը մեկ տարվա ընթացքում ինչո՞ւ է այսքան շատ պակասեցրել հարկերի չափը, մանավանդ՝ ոլորտում մոնոպոլիստ է. ավիավառելիք ներկրելու դեպքում նա «մրցակից» չունի: Այսինքն՝ դարձյալ կարելի է ենթադրել, որ Մ. Բաղդասարովն էլ է ստվերում գործում: Ի դեպ, 2005թ. համեմատ 2006-ին մոտ 114 մլն դրամով ավելի քիչ հարկ է վճարել նաեւ Մ. Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը: Ընկերությունն իր բոլոր չվերթերը նույնությամբ շարունակում է, Հայաստան այցելող զբոսաշրջիկների մի մասին էլ, բնականաբար, «Արմավիան» է փոխադրել: Սակայն հայտնի է, որ «Արմավիայի» ֆինանսական վիճակն այնքան էլ բարվոք չէ, հատկապես, երբ հայաստանյան շուկայում շարունակվում են նոր ավիաընկերությունների մուտքը:
Հաջորդը Սամվել Ալեքսանյանի շաքարավազ ներկրող ընկերություններն են, որոնք նույնպես 2005թ. համեմատ ավելի քիչ հարկեր են վճարել: Հիշեցնենք նաեւ, որ մինչեւ 2006թ. Ս. Ալեքսանյանի շաքարավազ ներկրող ընկերությունը «Ֆլիտֆուդն» էր: Անցյալ տարի նա բացեց «Սալեքս գրուպը» եւ իր բիզնեսը կիսեց, մեծ մասը տանելով նոր ընկերություն: Նման դեպքերի Ս. Ալեքսանյանի բիզնես-կյանքում հաճախ կարելի է հանդիպել՝ երբ բացում է մի ընկերություն, ապա որոշ ժամանակ անց այն լուծարում է՝ խուսափելով որոշ հարկային պարտավորություններից: Այսպիսով, նորաստեղծ «Սալեքս գրուպն» 2006թ. վճարել է մոտ 5 մլրդ դրամի հարկ, եւ պարզ է, որ մեծ մասը մաքսային վճարներն են: «Ֆլիտֆուդը» վճարել է 332 մլն 681 դրամ: Մինչդեռ այս ընկերությունը 2005թ. վճարել էր մոտ 7 մլրդ դրամ: Այսինքն՝ Ս. Ալեքսանյանի՝ շաքարավազ ներկրող երկու ընկերությունները միասին 2006թ. վճարել են մոտ 5 մլրդ 332 մլն 700 հազար դրամ: Այսինքն՝ մոտ 1,6 մլրդ դրամով պակաս, քան 2005 թվականին էր: Հիշեցնենք, որ անցյալ տարի շաքարավազը թանկացել էր: Ընկերության պատասխանատուները պատճառաբանեցին, թե շաքարավազի միջազգային գներն են բարձրացել: Դա իսկապես այդպես էր: Սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն անցյալ տարեվերջին լրագրողներին տեղեկացրեց, թե Ս. Ալեքսանյանը նույն գնով երկարատեւ պայմանագիր ունի, եւ միջազգային գների տատանումը դեռ չի կարող ազդել Հայաստանում վաճառվող շաքարավազի վրա: Իսկ Հայաստան ներկրվող շաքարավազի 99 տոկոսը Ս. Ալեքսանյանինն է: Հանձնաժողովը «Սալեքս գրուպին» գերիշխող դիրք ունեցող էր ճանաչել եւ գների բարձրացման պատճառով վարույթ էր սկսել: Մի խոսքով, վերը նշված խոշոր հարկատուները 2006թ. կրճատել են վճարվող հարկերի չափը: Դրա համար պատճառներ կարծես թե չկան, եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են: