…Իսկ մենք Հրանտ Դինք չենք։ Բայց հայ ենք

28/01/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Մինչ հայերս հետեւողականորեն գառներ ենք, թուրքերը բորենի են: Թուրքը մնում է թուրք: Թուրքն ազգ չի դառնա» եւ նմանատիպ գավառական, եթե չասենք` ռաբիս, որակումներ էին հնչում այս օրերին հայրենական ռադիոյով ու հեռուստատեսությամբ` հայրենի մտավորականության ներկայացուցիչների, կուսակցական գործիչների կատարմամբ: Այս գործում առավել ջանասեր էր ՀՅԴ-ն: Սակայն Թուրքիայում տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանությունը եւ դրան հաջորդած իրադարձություններն այլ եզրակացությունների հիմք դարձան: Եթե հիշում եք, Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած րոպեներից թուրք մտավորականները մեղադրանքի կոչերով դիմեցին իրենց իշխանություններին` մարդասպաններին գտնելու եւ պատժելու պահանջով: Մարդասպանը, սպանության մեջ մի շարք կասկածյալներ ձերբակալվեցին սպանության հաջորդ օրը, սակայն թուրք մտավորականները շարունակում էին Դինքի սպանության մեղավոր համարել Թուրքիայի իշխանություններին` անհանդուրժողականության եւ ազգայնականության ծաղկման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու մեջ: Դինքի սպանության համար թուրք իշխանություններին մեղավոր ճանաչելու հարցում պակաս փութաջան չէր մեր մտավորականությունը: Սակայն եկեք հիշենք, թե ինչ կեցվածք դրսեւորեցին հայ մտավորականները, երբ Երեւանում սպանվեց մեկ այլ հայ լրագրող` Տիգրան Նաղդալյանը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես նշեց, թե սպանության հեղինակներին պետք է փնտրել այն մարդկանց մեջ, «ում հանգիստ չեն տալիս երկրի կայունությունն ու առաջընթացը» (հետաքրքիր զուգադիպությամբ` նույն բառերով արձագանքեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը Հրանտ Դինքի սպանությանը): Տիգրան Նաղդալյանի սպանությանը հաջորդեցին Ռոբերտ Սահակյանցի, Ռազմիկ Դավոյանի, Վահան Հովհաննիսյանի, այլ մտավորականների ու դաշնակցական գործիչների ելույթները, ուր որեւէ խոսք չկար իշխանությունների պատասխանատվության մասին. վերոնշյալ մարդիկ իշխանություններին չդատապարտեցին այն մթնոլորտի համար, որը պատճառ դարձավ հայտնի լրագրողի, «հոկտեմբերի 27»-ի գործով կարեւորագույն վկայի սպանության, այլ պահանջեցին մարդասպանին փնտրել ընդդիմության շարքերում: Իսկ ընդդիմությունն առհասարակ զրկված էր Հ1-ով անգամ սպանվածի մերձավորներին ցավակցելու իրավունքից: Այսօր իրենց հայ եւ Հրանտ Դինքի գաղափարների կրող համարող մեր մտավորականները Նաղդալյանի սպանությունից հետո արդար քննություն պահանջող պաստառներով հանրահավաքներ, երթեր չկազմակերպեցին: Փոխարենը, մեր մտավորականներն ու քաղաքական ուժերը, առանց իրենց խնայելու, արդար դատուդատաստան են պահանջում հարեւան Թուրքիայի իշխանություններից: Դաշնակցական Հրայր Կարապետյանը եթերից անգամ վստահեցրեց, թե Դինքի սպանությունը եւս մեկ ապացույց է, որ վտանգված է թե՛ Թուրքիայում ապրող հայերի, թե՛ այդ երկիր ինչ-ինչ նպատակներով մեկնող մեր հայրենակիցների կյանքը (ի դեպ, մինչ երկու տարի առաջ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներքին հրահանգը, որն արգելում էր հայ պաշտոնյաներին հանգստանալու նպատակով մեկնել թշնամական Թուրքիա, իրենց նանարիկների հետ Թուրքիայում հիշարժան օրեր անցկացնող հայ չինովնիկները, ինչպես տեսնում ենք, Թուրքիայից վերադարձել են ողջ եւ անվնաս): Մեր երկրում Դինքի սպանությունից հետո հնչող ելույթներում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքներն առհասարակ պաշտպանված չեն: Չենք փորձում վիճարկել: Պարզապես նման ելույթները ստիպում են հետաքրքրվել, թե` իսկ ինչպե՞ս են Հայաստանում ապրում եւ աշխատում, ասենք, ազգային փոքրամասնության մեր գործընկեր լրագրողները: Հայաստանում բնակվող որեւէ ազգային փոքրամասնության թերթ կամ լրագրող հանրությանը հայտնի չէ, սակայն լավ հայտնի է տակավին վերջերս իր տան մուտքի մոտ հայի ձեռքով սպանված հինգ երեխաների հայր, ազգությամբ եզդի Քյարամ Ավդալյանի պատմությունը: Գործի քննությունն անգամ ավարտված էլ չէ, երբ հայտնի են սպանության բոլոր դետալներն ու անգամ սպանության հեղինակը: Հասկանալի է՝ ոմն եզդու ճակատագիրը չէր կարող մեր ինտելիգենցիային կտրել իր հիմնական գործից, որն է՛ հոնորարով մտավորականի դեր կատարել այս կամ այն կուսակցությունում: Որեւէ հայ մտավորական իրեն նեղություն չտվեց իշխանություններին մեղադրել եզդու սպանության համար պարարտ հող ստեղծելու մեջ, չպաշտպանեց ազգային փոքրամասնության ներկայացուցիչների՝ արդար դատուդատաստանի իրավունքը: Եզդու սպանությունը հայ առաջադեմ ազգի ուշադրությանն արժանացավ այն ժամանակ միայն, երբ որդուն կորցրած տարեց մայրը նախագահական նստավայրի առաջ անզորությունից իր եւ թոռների վրա բենզին լցրեց ու փորձեց կրակի բաժին դառնալ: Սակայն վերադառնանք Դինքի սպանությանը: Մինչդեռ մեր քաղաքական ուժերը, մտավորականները Դինքին նվիրված սգո հանրահավաքում հիշողություններ էին պատմում եւ հիանում Հրանտ Դինքի համարձակությամբ, խոստովանենք, որ դրանք լսելը բավական տհաճ էր: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ, երբ փորձում էի նյութ պատրաստել Թուրքիայի հայ համայնքի իրական վիճակի, այնտեղ տիրող որոշակի անհամաձայնության մթնոլորտի մասին, դիմեցի հանրահավաքում բոցաշունչ ելույթ ունեցողներից ոմանց, որոնք բազմիցս եղել են Թուրքիայում ու տեղյակ են բոլոր նյուանսներին, սակայն վերջիններս խուսափեցին որեւէ տեղեկություն տրամադրել` պատճառաբանելով, թե խնդիրը շատ նուրբ է եւ խնդրին անդրադառնալու լավագույն միջոցը դրան չանդրադառնալն է: Իսկ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ թշնամի ընկալվող Թուրքիայում բնակվող հայ համայնքն ավելի միասնական ու պատվախնդիր է, քան բարեկամ Ռուսաստանի հայ համայնքը: Հրանտ Դինքի սպանության պահից Թուրքիայում բնակվող հայ համայնքը բողոքի երթեր անցկացրեց, չվախեցավ մեղադրել թուրքական իշխանություններին հայ լրագրողի սպանության մեջ: Իսկ Ռուսաստանում ազգայնականների ձեռքերով անմարդկայնորեն սպանված հայերի թիվն արդեն հասնում է մոտ երեք տասնյակի: Եվ իրարամերժ զգացումներ են առաջանում, երբ տեսնում ես, թե ինչ խեղճացած ու վախեցած է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում բնակվող հայ համայնքը, որքան տխուր է հերթական հայ երիտասարդի սպանությունից հետո տեսնել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի գոհ դեմքն ու ռուս չինովնիկների առաջ նրա հաճկատար ժպիտը, տեսնել, թե ինչպես են տեսախցիկից փախչում հայ համայնքի մեր եղբայրները` վախենալով եթերից անգամ մի երկու խոսք ասել սպանվածի մասին:

Սակայն հեռու գնալ պետք չէ. նույն վախի ու անվստահության մթնոլորտը նաեւ Հայաստանում է, ուր բավական է արտաբերել. «Բարեւ, Ռոբ», եւ դու դիակ ես: