Աճել են շմոլ գազից թունավորման դեպքերը

28/01/2007

2006թ. ընթացքում հանրապետության ողջ տարածքում արձանագրվել է շմոլ գազից թունավորման 74 դեպք: Արդյունքում զոհվել է 10 եւ տուժել 127 քաղաքացի: Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, ապա առկա տվյալները փաստում են, որ 2006թ. աճել են գազից թունավորումների դեպքերը: Որքան զարմանալի է, զուգահեռ նվազել է դրանից զոհվածների եւ տուժածների թիվը: Այսպես, 2004թ. շմոլ գազից թունավորման 32 դեպքերում զոհվել է 39 եւ տուժել 225 մարդ, իսկ 2005թ. ընթացքում գրանցվել է շմոլ գազից թունավորման 59 դեպք, որի ժամանակ զոհվել է 18 եւ տուժել 104 մարդ: Ըստ Հայաստանի Փրկարար ծառայության (ՀՓԾ), ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2006թ. հոկտեմբերի 26-ի որոշման, ՀՓԾ պետական հրդեհային տեսչության եւ «ՀայՌուսգազարդի» հետ համատեղ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված ստուգայցերի ժամանակ հանրապետության ողջ տարածքում հայտնաբերվել են կենցաղային գազի օգտագործման շուրջ 1000 խախտումներ: Առավել վտանգավոր իրավիճակներում` 111 դեպքերում, գազամատակարարումը նույնիսկ ժամանակավորապես դադարեցվել է: Ստուգայցերի վերլուծությունը ցույց է տալիս, որ թունավորման հիմնական պատճառ են հանդիսանում սպառողների կողմից ինքնաշեն, անվտանգության կանոններին չհամապատասխանող գազասարքերի կիրառումը, ռետինե խողովակներով միացումները, նաեւ գազատար խողովակների միացումներն օդատար խողովակներին: Հայտնի է, որ շմոլ գազն անհոտ է, եւ մարդիկ չեն էլ զգում, թե ինչպես են դրանից թունավորվում: Վերջերս, Երեւանի Աջափնյակ թաղամասի Բաշինջաղյան փողոցի բնակարաններից մեկում, գիշերային ժամերին, երբ գազի հոսքն ակտիվանում է, դեռեւս արթուն ընտանիքի հայրը նկատելով, թե ինչպես ննջասենյակում քնած երեխաները խեղդվող ձայներ են արտաբերում, ժամանակին կարողացել է կանխել թունավորման տխուր հետեւանքները: «Արմենիա» բժշկական կենտրոնում տուժածներին հասցվել է համապատասխան բժշկական օգնություն, եւ նրանք նույն օրը վերադարձել են տուն: Հանրապետությունում գազիֆիկացման ծավալների աճին զուգահեռ, անշուշտ, բնակչության կողմից պետք է խստորեն պահպանվեն անվտանգության կանոնները: Իսկ դրանում իրենց ենթաբաժինն ունեն նաեւ գազամատակարար ընկերությունների տեսուչների կողմից կազմակերպված պարբերական այցերը: