Նման կոչով երեկ լրագրողներին դիմեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի՝ «դուք այս անգամ նկարելո՞ւ եք, թե՞ ոչ» հարցին: Խոսքն ընտրությունների արդյունքները նկարել-չնկարելու մասին է, իսկ լրագրողի վերոնշյալ հարցին Գ. Ազարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում պատասխանեց. «Ես ձեզ հրավիրում եմ ամբողջ քվեարկության օրն անցկացնել ԿԸՀ-ում, եւ (չակերտներում) եթե նկարելու ենք, նկարենք միասին: Ուրեմն՝ «նկարելու է» համակարգիչը»:
ԿԸՀ նախագահը նշեց, թե ԿԸՀ-ն զբաղվելու է միայն ձայները գումարել-հանելով: Իսկ գումարել-հանելու համար անհրաժեշտ գումարելիներն ու հանելիները ԿԸՀ-ն ստանալու է համակարգչային ցանցի միջոցով՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից (ԸԸՀ) ստացված տվյալների հիման վրա: «Ընտրության արդյունքների ամփոփման աշխատանքներում ԿԸՀ-ն, ԸԸՀ-ները միջամտություն չեն ունենալու, եւ օրենսգրքով նրանք նման պարտավորություններ էլ չունեն: Մենք ընդամենն ընտրատարածքներում մուտքագրելու ենք տեղամասերում քվեարկության արդյունքները, ցանցի միջոցով գալու է մեր էկրանին, եւ մենք բոլորս ձեր հետ միասին տեսնելու ենք»,- բացատրեց Գ. Ազարյանը: Վերջինս մտահոգություն ունի միայն հետեւյալի մասին. «Մենք այդ ամբողջ գիշեր ի՞նչ ենք ասելու, որովհետեւ այն ասելիքը, որ միշտ մենք ասում էինք երեք ժամը մեկ, դա դուք անընդհատ եւ ուղիղ ռեժիմով էկրանին տեսնելու եք: Փաստորեն, մենք երեք ժամը մեկ կրկնելու ենք այն, ինչ որ բոլորդ արդեն տեսել եք»: Ըստ նրա, ընտրության բոլոր մասնակիցները հավասարապես պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման ու նաեւ նրա արդյունքների համար: Ինչպես հայտնի է, նախորդ ամիս Ռոբերտ Քոչարյանը հայտնի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, այսպես ասած, կանխատեսեց, թե իր կարծիքով ո՞ր ուժերը տեղ կգտնեն ապագա ԱԺ-ում: Նրա այդ հայտարարությունը որեւէ կերպ չի՞ ազդի արդյոք ԿԸՀ-ի՝ այդ գումարել-հանելու աշխատանքի վրա: ԿԸՀ նախագահը պատասխանեց, թե նախագահը որպես ՀՀ քաղաքացի եւ որպես նախագահ` իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, թե ի՞նչ ուժեր, ի՞նչ տեղեր կարող են ունենալ՝ գնահատելով այդ ուժերի հնարավորությունների մասին իր ունեցած ինֆորմացիան: Սակայն նախագահի այդ կարծիքը գումարել-հանելու գործընթացին չի՞ խանգարի: «Ձեր քվեարկությանը կխանգարի՞ նախագահի ասածը»,- հարցին՝ հարցով պատասխանեց ԿԸՀ նախագահը: Ստանալով «եթե վստահություն ներշնչի, ոչ թե կխանգարի, այլ կօգնի» պատասխանը՝ Գ. Ազարյանը նշեց, թե երբ ինքը ներկայանա տեղամաս քվեարկելու, այն ժամանակ նախագահի ասածն իրեն գուցեեւ օգնի: ԿԸՀ նախագահը հայտարարեց, թե ցանկացած ընտրություն պետք է լինի նախորդից մեկ քայլ առաջ եւ՛ կազմակերպման, եւ՛ անցկացման հարթությունում: Երեւի հիմա ձեզ կտանջի հետեւյալ հարցը` թե ըստ Գ. Ազարյանի, 2005թ.-ի սահմանադրական հանրաքվեն 2003-ին կայացած նախագահի կամ ԱԺ-ի ընտրությունից մեկ քայլ առաջ է՞ր, թե՞ ոչ: Այս հարցին Գ. Ազարյանի տված պատասխանը թեեւ չի կարելի անակնկալ համարել, սակայն հատկապես նրանց, ովքեր հավատացած են, որ 2005թ. այդ հանրաքվեի ընթացքում ավելի քան մեկ միլիոն ձայն է կեղծվել, որ դա անկախ Հայաստանում տեղի ունեցած ամենավատ քվեարկությունն էր կամ նման այլ բաներ, առաջարկում ենք պատասխանը կարդալուց առաջ ապահովության համար հեռանալ սուր կտրող գործիքներից, նստել ու պինդ բռնվել վստահելի ինչ-որ իրից: Եվ այսպես, եթե արդեն հարմար տեղավորվել եք, տեղեկացնենք, որ Գ. Ազարյանը վստահ է, որ 2005թ. սահմանադրական հանրաքվեն՝ դրա կազմակերպման ու անցկացման առումով «իհարկե» մեկ քայլ առաջ էր 2003թ. ընտրություններից: «Օրինականության իմաստով գոնե մեկ դիմում ԿԸՀ-ում, ԸԸՀ-ներում, քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ մենք չենք ունեցել»,- շարունակեց ԿԸՀ նախագահը: Նա, անդրադառնալով այն իրողությանը, որ արդեն տեւական ժամանակ է` մեր երկրում որոշ կուսակցություններ գաղափար տարածելու փոխարեն բնամթերք կամ փող են տարածում, նշեց, թե եթե այդ ամենը նախընտրական քարոզչության փուլում լինի` ԿԸՀ-ն պարտավոր է միջոցներ ձեռնարկել նման անօրինականությունները կանխելու համար, սակայն մինչ այդ շրջանը ԿԸՀ-ն իրավասու չէ դրա դեմ ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Գ. Ազարյանի խոսքերով՝ ԿԸՀ լիազորություններից դուրս է այս կամ այն կազմակերպության վերահսկումը: Բայց ԿԸՀ-ն ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, վերահսկում է: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո ընդդիմությունը փաստորեն կարող է զրկվել նաեւ քաղաքական բոյկոտի հնարավորությունից: Ընտրական հանձնաժողովների անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, իսկ անհարգելի չմասնակցողների համար պատասխանատվություն է սահմանվել: Իսկ երբ Գ. Ազարյանին հիշեցրին, որ հայրենի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պնդում են, թե ԿԸՀ յոթ անդամներ, այդ թվում եւ` Գ. Ազարյանը, օրենք են խախտել եւ պետք է պատասխանատվություն կրեն, նա տեղեկացրեց, որ այդ հայտարարություններին հումորով է վերաբերվում: «Ասե՞մ` ինչու հումորով: Որովհետեւ նրանք, ովքեր դա ասում են, հետո ԿԸՀ նախագահին գրություն են գրում, ասում են՝ խնդրում եմ այսինչը վերացնել: Ուրեմն, եթե ես ընդունեի, որ դուք կեղծարար եք, ես ձեզ ոչ մի անգամ ոչ մի հարցով չէի դիմի,- նշեց պարոն Ազարյանն ու հավելեց,- Խնդրեմ, կա դատարան, եթե պարզվի, որ ես կեղծարար եմ, ներողություն կխնդրեմ եւ օրենքով սահմանված կարգով պատիժս կկրեմ»: ԿԸՀ նախագահը երեկ նշեց նաեւ, որ մեր ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականները կհամարի օբյեկտիվ կարծիք, եթե դրանց տակ լինեն հիմքեր, կամ ինչ-ինչ խախտումների վերաբերյալ կոնկրետ փաստաթղթեր: Նա վստահեցրեց, որ 2003թ. իր պաշտոնավարումը սկսել է հենց մեր ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների կարծիքները կարդալուց ու տեսել է, որ որոշ դեպքերում այդ հիմքերը ներկայացված չեն: Անդրադառնալով այն լուրերին, թե ինքն աշխատում է «Բարգավաճ Հայաստանի» օգտին, պարոն Ազարյանը նշեց, թե իրեն մեղադրում են նաեւ ՀՀԿ-ի կամ այլ կուսակցության օգտին աշխատելու համար: «Սա նշանակում է, որ որպես ԿԸՀ նախագահ` իմ գործողություններում ներկայանում եմ շատ ավելի լավ, քան ինքս էի ենթադրում, եւ իմ գործողությունները կատարում եմ ինչպես որ է,- ասաց Գ. Ազարյանն ու այնուամենայնիվ հավելեց,- Ես ամբողջովին գոհ չեմ իմ աշխատանքներից, բայց այն աշխատանքից, որի արդյունքն այսօր տեսնում եմ, որի արդյունքը տեսնելու եք վաղը` քվեարկությունների ժամանակ` գոհ եմ»: