Ռուսները մտնում են ՀՀ լեռնահանքերը

28/01/2007

Երեկ Սոչիում կայացած Ռոբերտ Քոչարյան-Վլադիմիր Պուտին ասուլիսի ժամանակ Ռ. Քոչարյանը նշել է, թե Ռուսաստանն արդեն մինչեւ մարտ ամիսը Հայաստանում ներդրումների ծավալով կարող է վերադարձնել առաջատարի դիրքը: Նա նաեւ հայտարարել է, որ ոչ միայն աճում է ապրանքաշրջանառությունը, այլեւ լրջորեն մեծացել է Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների ծավալը: Ռ. Քոչարյանը` մեջբերելով Վ. Պուտինի խոսքերը, թե` այժմ Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալով «խայտառակ երկրորդ տեղն» է զբաղեցնում, ասել է. «Ես այն զգացողությունն ունեմ, որ մինչեւ մարտ ամիսը Ռուսաստանը պատվավոր առաջին տեղը կզբաղեցնի Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալով»: Ռ. Քոչարյանը նաեւ Սոչիում հայտարարել է, թե արդեն սկսվել է խոշոր էներգետիկական նախագծերի իրացումը, իսկ այժմ քննարկվում է ռուսաստանյան բիզնեսի մասնակցությունը նաեւ լեռնահանքային արդյունաբերությանը:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի հակամարտություններին` ասելով, թե Կովկասում հակամարտությունների հավանականությունը դեռեւս մեծ է, բայց այն կնվազի տարածաշրջանի տնտեսական դրության բարելավման համեմատ: Նա հավաստիացրել է. «Ռուսաստանն իր ավանդը կներդնի այդ հարցերի լուծման գործում, մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի լուծենք այդ հիմնախնդիրները»: