Մեղավորներն այլեւս պետք է պատժվե՞ն

28/01/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հունվարի 23-ին՝ ԵԽ ԽՎ նիստում՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման վերաբերյալ ընդունած բանաձեւում առանձին դրույթներով անդրադարձ կա նաեւ առաջիկա խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը:

Նախ՝ Վեհաժողովը հիասթափություն է հայտնում, որ 2001թ. Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելուց ի վեր Հայաստանում անցկացված ընտրություններից եւ ոչ մեկը չի համարվել լիովին ազատ եւ արդար: Ապա «հույժ» կարեւոր է համարում, որպեսզի հաջորդ ընտրությունները վերջապես համապատասխանեն ազատ եւ արդար ընտրությունների եվրոպական չափանիշներին` որպես ապացույց, որ Հայաստանն առաջ է ընթանում ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրման ուղիով: Այնուհետեւ Վեհաժողովն իր գոհունակությունն է հայտնում, որ 2005թ. մայիսին ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շնորհիվ «բարելավվել» է ընտրությունների վերաբերյալ իրավական դաշտը: «Վեհաժողովն ակնկալում է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ մշակված եւ 2006թ. դեկտեմբերի վերջին ընդունված Ընտրական օրենսգրքի հետագա փոփոխությունները լավ հիմք կստեղծեն գալիք ընտրությունների կազմակերպման համար»,- նշված է բանաձեւում, ուր նաեւ հատուկ ընդգծված է, թե՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից զատ, ժողովրդավարական ընտրություններ կարող են երաշխավորվել միայն այն դեպքում, եթե օրենսգիրքն «ի կատար ածվի բարեխղճորեն, եւ եթե առկա լինի քաղաքական կամք ամենաբարձր ատյաններում»: «Պետք է հստակորեն հայտարարել, որ հաջորդ ընտրություններում կեղծիքը պարզապես անհանդուրժելի է լինելու»,- Հայաստանի «ամենաբարձ ատյաններին» կոչ է անում ԵԽ ԽՎ-ն: Ընտրությունների ազատ ու արդար անցկացման գործում ԵԽ ԽՎ-ն առաջնահերթ կարեւորում է նաեւ ընտրացուցակների ճշգրտությունը: «Հաշվի առնելով, որ ընտրացուցակների ստույգությունը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու անվերապահ նախապայման է, Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անել հնարավոր ամենը` հաջորդ ընտրություններից առաջ ապահովելու ընտրացուցակների ժամանակին թարմացումը»:

ԵԽ ԽՎ-ն, որպես առաջիկա ընտրությունների ազատ ու արդար անցկացման գրավական, հատուկ ընդգծել է նաեւ էլեկտրոնային ու տպագիր լրատվամիջոցներին: «Քանի որ խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի ամիս, Վեհաժողովն առանձնապես կարեւորում է էլեկտրոնային լրատվամիջոցների բազմակարծությունը եւ ներկայում ընթացող բարեփոխումները, քանի որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման բացարձակապես անհրաժեշտ նախապայման է էլեկտրոնային լրատվամիջոցների հավասարաչափ հասանելիությունը բոլոր քաղաքական կուսակցությունների համար»,- ասված է բանաձեւի մեջ: Բանաձեւի՝ լրատվամիջոցների մասին դրույթներում նաեւ նշվում է, թե, ճիշտ է, Սահմանադրության փոփոխումն «ուղի է հարթել էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմիններն ավելի անկախ դարձնելու համար, այնուհանդերձ, լուրջ քննադատության են արժանացել կառավարության մշակած օրենսդրական բարեփոխումները, որոնք կառավարությունը նախապես չէր քննարկել ոչ լրատվամիջոցների, ոչ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննադատության հիմնական կետերը վերաբերում էին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կազմին եւ անդամների նշանակման կարգին: Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց առաջ նախապես խորհրդակցել ԵԽ փորձագետների հետ եւ հաշվի առնել նրանց առաջարկությունները»:

Բացի այս, Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին` սահմանել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամների նշանակման բաց եւ թափանցիկ կարգ` ինչպես առաջարկվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից:

«Օրենսդրությունը բարեփոխելուց զատ Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` առօրյա գործունեության մեջ ապահովելու հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի ազատությունը եւ բազմակարծությունը»:

Իսկ ինչ վերաբերում է տպագիր լրատվամիջոցներին, որոնք, ըստ ԵԽ ԽՎ-ի, հայտնի են իրենց ազատությամբ եւ բազմակարծությամբ, իրենց փոքր տպաքանակի պատճառով փոքր դեր են խաղում հանրությանը տեղեկատվություն տրամադրելու գործում: «Վեհաժողովը գոհունակությամբ է նշում, որ արդեն մի քանի տարի է, ինչ լրագրողների դեմ քրեական գործեր չեն հարուցվել զրպարտության մեղադրանքով: Քրեական օրենսգրքի 2004թ. փոփոխություններով զրպարտության համար ազատազրկման տեսքով պատիժ նախատեսվում է միայն տվյալ իրավախախտումը կրկնելու դեպքում: Վեհաժողովը ողջունում է այս առաջընթացը եւ կոչ անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին ապաքրեականացնել զրպարտությունը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել Քրեական օրենսգրքի 318 հոդվածը, որով քրեականացվում է «պետական իշխանության ներկայացուցչին վիրավորելը»,- ասվում է բանաձեւում:

Բանաձեւում անդրադարձ կա նաեւ ընտրությունների ընթացքում կազմակերպվող հանրահավաքների ազատությանը: Օրինակ, Վեհաժողովը գտնում է, որ «Ժողովներ, հավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում 2005թ. հոկտեմբերի 4-ին կատարված փոփոխությունների ընդունումից ի վեր հավաքների ազատության կապակցությամբ «դրական տեղաշարժեր» կան: Եվ, հաշվի առնելով այդ «դրական տեղաշարժերը», ԵԽ ԽՎ-ն ԱԺ ընտրություններից առաջ կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել օրենքի կիրառության, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքի կիրառության պրակտիկայի համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին: «Այլեւս չպետք է հանդուրժելի լինեն կամայական ձերբակալումները եւ ուժի թույլատրված չափի սահմանազանցումը ոստիկանության կողմից, իսկ մեղավորները պետք է պատժվեն»: