Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը գտնում է, որ Կոսովոյին, Լեռնային Ղարաբաղին, Կիպրոսին, Մերձդնեստրին եւ այլ տարածքներին անկախություն շնորհելու կամ չշնորհելու հարցը պետք է որոշի ՄԱԿ-ը: «Միայն ՄԱԿ-ը կարող է որոշել, թե ում անկախություն շնորհել կամ չշնորհել»,- երեկ Ստրասբուրգում հայտարարել է նա: Դեւիսի կարծիքով՝ Եվրախորհուրդն իրավունք չունի որեւէ որոշում կայացնել Կոսովոյի անկախության վերաբերյալ: Իսկ ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, լորդ Ռասել Ջոնսթոնը, ով երեկ Ստրասբուրգում Կոսովոյի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, կարծիք է հայտնել, թե Կոսովոյին պետք է «անկախություն շնորհվի որոշակի պայմաններով»: «Կոսովոյի վերադարձը Բելգրադի հովանու ներքո միայն կխորացնի հիմնախնդիրը, քանի որ կողմերը վաղուց արդեն անմիջականորեն չեն շփվում, այլ միմյանց հետ խոսում են միայն միջնորդների միջոցով»,- ասել է նա: