Լավատեսական դիվանագիտություն

28/01/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Անկախությունից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 1.6 միլիարդ դոլարի օգնություն։ Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին։

Լրագրողների հետ հանդիպման հիմնական թեման ենթադրաբար պետք է լիներ հենց Հայաստանին տրամադրված ու տրամադրվելիք օգնությունը։ Պրն Գոդֆրիի հետ միասին հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» Կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասսինը։ Հետաքրքիր է, որ նախքան ասուլիսը սկսելը պրն Գոդֆրին ներկա լրագրողներին բաժանեց օրացույցներ, որոնք նաեւ ծանոթացնում էին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության մասին։ Նշենք նաեւ, որ օրացույցները բոլորին չհերիքեցին, քանի որ Է. Գոդֆրին չէր նախատեսել նման մեծ թվով լրագրողներ։ Դա թերեւս անհասկանալի է՝ էլ ո՞ւմ հանդեպ կարող է մեծ լինել հետաքրքրությունը, եթե հասարակությունը բոլոր տեսակի ընտրությունների ելքը նախապես կապում է ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի «դաբրոների» հետ։ Ինչեւէ, վերադառնանք օգնության թեմային։

Ինչպես նշեց դիվանագետը, եթե առաջին ծրագրերը մարդասիրական բնույթի էին, ապա հիմա դրանք ուղղված են 3 նպատակի՝ կայունություն, ժողովրդավարություն եւ տնտեսական աճ։ Ընդ որում, այդ աճը պետք է լինի կայուն, եւ դրանից պետք է օգտվեն բոլորը՝ անկախ նրանից, Երեւանո՞ւմ են ապրում, թե՞ գյուղերում։

Ներկայումս իրականացվող ամենամեծ ծրագրի՝ 236 միլիոն դոլարանոց «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակներում ստեղծվել է հայ մասնագետների լավ թիմ՝ Արա Հովսեփյանի գլխավորությամբ։ Ինչպես նշեց Ալեքս Ռասսինը, այս տարի կկատարվեն ճանապարհների նորոգման եւ ոռոգման համակարգերի նախագծման աշխատանքները, իսկ բուն շինարարական աշխատանքները կսկսվեն ավելի ուշ։

Է. Գոդֆրիի խոսքերով, ծրագրի դադարեցում կարող է լինել միայն այն դեպքում, եթե տվյալ երկիրը չի համապատասխանում «Հազարամյակների մարտահրավերների» պահանջներին։ Դա գնահատվում է մի շարք ցուցանիշների հիման վրա։ Ինչպես տեղեկացրեց Է. Գոդֆրին, տնտեսության ազատությանը վերաբերող Հայաստանի 6 ցուցանիշները լավն են։ Լավ ցուցանիշներ ունենք նաեւ մարդկային կապիտալում կատարվող ներդրումների առումով։ «Մտահոգություններ կան միայն արդարացի կառավարման առումով»,- նշեց պրն Գոդֆրին՝ ավելացնելով, որ իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների առումով Հայաստանը խնդիրներ ունի։ ԱՄՆ կառավարությունն իր մտահոգությունները հայտնել է Հայաստանի կառավարությանը, վերջինս էլ խոստացել է շտկել առկա թերությունները։ «Այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ երկխոսություն է սկսված, եւ մենք խրախուսում ենք առկա թերությունները շտկելուն ուղղված ջանքերը»,- ասաց Էնթոնի Գոդֆրին:

Բանախոսը նաեւ ընդգծեց, որ իրենք հպարտ են այս ծրագրով։ Դա հասկանալի է. ո՞ր մի երկիրը հպարտ չի լինի, եթե կարողանա իր բյուջեի զրո ամբողջ զրո տոկոսը կազմող գումարով իր կամքը թելադրել մի որեւէ այլ երկրի։ Սակայն հետաքրքիրն այն է, որ փորձ է արվում այդ հպարտությունը ներարկել նաեւ մեզ՝ նշելով, որ Հայաստանն այն 23 երկրներից է, որոնք հնարավորություն են ստացել մասնակցել այս ծրագրին, այսինքն՝ արժանի ենք, որ մեզ օգնեն։ Սակայն մյուս 22 երկրների ցանկին ծանոթանալիս ՀՀ քաղաքացուն համակող զգացումները դժվար է համեմատել հպարտության հետ։

Է. Գոդֆրին լրագրողներին տեղեկացրեց, որ Ջորջ Բուշը կոչ է արել օգնել այն երկրներին, որտեղ «ժողովրդավարությունը զարգանում է, իսկ կոռուպցիան նահանջում»։ Ենթադրվում էր, որ պրն Բուշը նկատի է ունեցել նաեւ մեզ, եթե այդ մասին Հայաստանում հայտարարում է ամերիկյան դիվանագետը։ Լրագրողների մոտ, բնականաբար, հարց առաջացավ՝ այդ ի՞նչ օրինակների վրա կարելի է եզրակացություն անել, որ մեզ մոտ կոռուպցիան նահանջում է։

Այս հարցին ի պատասխան, Է Գոդֆրին նշեց, որ ինքը զգուշավոր լավատես է եւ ասաց. «Կոռուպցիայի ցուցանիշը ամենակարեւոր ցուցանիշներից է, եւ Հայաստանի համար այդ ցուցանիշը մտահոգիչ է… Բայց ՀՀ կառավարությունը պարտավորություններ է ստանձնել, եւ մենք հուսով ենք, որ դրանք կկատարվեն»։ Ոչինչ չասող դիվանագիտական պատասխան։ Թեեւ, ինչպես Է. Գոդֆրին ինքը նշեց, դիվանագետները երբեմն ստիպված են դիվանագիտական պատասխաններ տալ։ Սրան բոլորն էլ նորմալ են վերաբերվում։ Իսկ որպես կոնկրետ օրինակ, Է. Գոդֆրին տեղեկացրեց, որ որպես Երեւանի բնակիչ, ինքն արդեն տեսնում է ճանապարհային ոստիկանության համակարգի փոփոխությունները։

Բնականաբար, լրագրողներին հետաքրքրում էր նաեւ ԱՄՆ դիրքորոշումն առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 2005թ. նոյեմբերին դեսպան Ջոն Էվանսը եւ USAID-ի ներկայացուցիչ Ռոբին Ֆիլիպսը հայտարարեցին, որ ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրելու է 6 միլիոն դոլար՝ ժողովրդավարական ընտրություն անցկացնելու հարցում օգնելու համար։ Է. Գոդֆրին նշեց, որ այդ ծրագիրն արդեն մեկնարկել է. աշխատանքներ են տանում Ոստիկանության եւ ՕՎԻՐ-ի հետ՝ ընտրացուցակները ճշգրտելու համար, ինչպես նաեւ օժանդակում են ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման գործընթացին։ Ծրագրի որոշ մասեր, ըստ պրն Գոդֆրիի, չեն կարող սկսվել, քանի դեռ ընտրությունների վերջնական օրը նշանակված չէ։

«Մենք հավատում ենք, որ կառավարության լեգիտիմությունը գալիս է նրանից, թե ինչքանով են կառավարությանը սատարում: Եվ ինչքան լեգիտիմ լինի կառավարությունը, այնքան ավելի լավ գործընկեր կարող է լինել մեզ համար»,- հայտարարեց Է. Գոդֆրին։ Լրագրողները փորձեցին որոշ չափով ցրել այդ լավատեսությունը՝ հիշեցնելով, որ արդար ընտրությունների հնարավորությունն արդեն իսկ վտանգի տակ է, քանի որ որոշ ուժեր ունեն եթերի հնարավորություն եւ արդեն սկսել են իրենց քարոզարշավը, իսկ ընդդիմությունն ամբողջությամբ եթերից զրկված է։ Պրն Գոդֆրիի պատասխանն այս անգամ շա՜տ ավելի դիվանագիտական էր, այսինքն՝ գրեթե պատասխան չէր. «Սա նաեւ մի հարց է, որ քաղաքական քննարկումներում հաճախ արծարծվում է նաեւ Միացյալ Նահանգներում: Քաղաքական նպատակներով կատարվող ֆինանսական հատկացումները Նահանգներում պահանջվում է, որ թափանցիկ լինեն: Բայց փողի դերը քարոզարշավում շատ հակասական է…»,- եւ այս ոճով պատասխաններ…

Լրագրողներն, այնուամենայնիվ, փորձեցին որոշ հստակություն մտցնել՝ ի՞նչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ը, եթե ընտրությունները նորից կեղծվեն։ Այս հարցին ի պատասխան` Է. Գոդֆրին նշեց, որ դիվանագիտական կրթություն ստանալիս իրենց սովորեցնում են հիպոթետիկ (ենթադրական) հարցերին չպատասխանել։

Սակայն այդ հարցին, որը, թերեւս, այնքան էլ հիպոթետիկ չէ, պրն Գոդֆրին այդուհանդերձ «մի թեթեւ» պատասխանել էր՝ իհարկե այլ հարցի կոնտեքստում։ Այն է՝ եթե առաջիկա ընտրություններն անցնեն լուրջ թերություններով, ապա «Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը կարող է վերանայվել արտահերթ։ Այսինքն՝ հետագա ֆինանսավորումը կարող է դադարեցվել: Թեեւ այս հարցում էլ Է. Գոդֆրին լավատեսորեն էր տրամադրված։ Կարելի է միայն զարմանալ եւ նախանձել, որ ապրելով Հայաստանում, եւ ինչպես պարզվում է, շփվելով Պետավտոտեսչության հետ, որեւէ մեկը կարող է այս աստիճանի լավատես մնալ։