– Ե՞րբ է հիմնադրվել ձեր ընկերությունը, եւ ի՞նչ է նշանակում «Դիլի» անունը:
– Անունը կապված է Դիլիջանի հետ. դա ընկերության սիմվոլիկան է: Հիմնադրել ենք մի ագրոարդյունաբերական համալիր, որը պետք է զբաղվի ցեղական կովերի, այծերի վերամշակմամբ, կաթի եւ կաթնամթերքի արտադրությամբ: Նախագիծը զրոյից սկսել ենք երկու տարի առաջ: Ամեն ինչ արել ենք, որպեսզի արտադրության նախնական ցիկլից մինչեւ վերջին ցիկլը մենք տանք արտադրանքը: Կերակրային բազայից սկսած՝ կաթը, կաթնամթերքը, ամեն ինչ մենք ենք անում, որ ոչ մեկից կախված չլինենք ու բարձր որակն ապահովենք:
– Ու կախված չե՞ք որեւէ մեկից:
– Միայն կերն է` հացահատիկային կուլտուրաները (եգիպտացորեն, գարի), որ բերում ենք Ուկրաինայից:
– Հիմնականում ի՞նչ եք արտադրում:
– Մեր հիմնական արտադրանքը կաթնամթերքն է, հիմնականում «Մոցարելլա» տեսակի պանիրը` պիցցաների եւ թարմ աղցանների համար նախատեսված: Շուտով հատուկ երեխաների համար արտադրելու ենք իսկապես անարատ կաթ: Դա, ինձ թվում է, մեր հիմնական արտադրանքը պետք է լինի, որպեսզի երեխաները շատ բարձր որակի կաթ ունենան: Արտադրում ենք նաեւ կաթնասեր, հայկական պանիր: Մեր ընկերության այս տարվա պլաններն այսքանն են:
– Ինչպե՞ս սկսեցիք ձեր գործը:
– Գերմանացիների օգնությամբ մեծ չափով հետազոտություններ կատարեցինք Հայաստանում: Նախ, ընտրեցինք Դիլիջանը, որովհետեւ վերջինիս բնակլիմայական պայմանները նման են ալպիական գոտիներին եւ հետո, բարձրությունն ու օդը շատ բարենպաստ են կովերի զարգացման, արդյունավետ օգտագործման համար: Հետո մտածեցինք, թե ինչպես հասնենք մեր նպատակին: Ընտրեցինք դաշտը, որի վրա գերմանական տեխնոլոգիաներով ֆերմաներ պատրաստեցինք: Զրոյից ստեղծեցինք ֆերմաները, կովերի կթման եւ կաթնամթերքի արտադրման արտադրամասերը: Տեխնոլոգիաները եւ կովերը բերել ենք Գերմանիայից, իսկ կաթի արտադրամասն ամբողջությամբ իտալական է: Մի խոսքով, բացի պատերից ու կերից բոլորն արտասահմանից ենք ներմուծել: Բարձր որակի կաթ ենք ստանում, որովհետեւ դրա տեղափոխման խնդիր չկա: Արտադրամասում մեքենաները կթում են կաթը, եւ վերջինս, առանց մարդու միջամտության, գնում է կաթի վերամշակման արտադրամաս: Այս դեպքում կաթի հատկությունները չեն կորչում:
– Ինչո՞ւ որոշեցիք կովերը բերել արտասահմանից: Հայաստանում կովեր չկայի՞ն:
– Կարծում եմ, որ կովերի հայկական գենոֆոնդ ընդհանրապես չկա: Իսկ որպեսզի լավ որակի արտադրանք ապահովվի եւ շահույթ ստացվի՝ պետք է գենոֆոնդ լինի: Այս պատճառով էլ մենք որոշեցինք մեր նախատեսածից շատ ավելի ներդրումներ կատարել:
– Չվախեցա՞ք, որ այդքան մեծ ներդրումները կարող էին չարդարացնել ձեր հույսերը:
– Ինձ այդ հարցը բոլորն են տալիս, սակայն ես մինչեւ հիմա դրա մասին չեմ մտածում: Շատ մեծ ներդրումներ ենք արել, բայց հավատացեք, ես ուզում եմ արտադրել Հայաստանում այն արտադրանքը, որ կարելի է բարձր որակով արտադրել: Միայն ֆինանսականով չէ, որ լցվում է մարդու կյանքը: Մենք չենք էլ հաշվել, թե այդ փողը երբ ենք հետ բերելու: Մեր հիմնական նպատակն այն է, թե ինչ միջոցներով հասնենք այն արտադրանքին, որ այսօր ունենք:
– Որքա՞ն ժամանակ է` արտադրանք եք թողարկում:
– Վեց ամիս:
– Երեւի մրցակցության հետ կապված դժվարությունները հենց այդ ժամանակահատվածում եք զգացել:
– Ընդհանրապես մրցակցության խնդիր չկա: Մենք հիմնականում արտադրում ենք այն, ինչ Հայաստանում չի արտադրվում: Այսինքն, աշխատում ենք այն հատվածի վրա, որ ներմուծվում է Հայաստան: Տեղական արտադրողների հետ մրցակցության մեջ չեմ մտել, չեմ էլ մտնելու: Հայաստանում կան շատ լավ կաթնամթերք արտադրողներ եւ նրանք շուկայում իրենց տեղն ունեն: Մենք այն շուկայում ենք, որ ներմուծվում է: Հայաստանում կաթնամթերքի 40%-ը ներմուծվում է: Դա շատ մեծ տոկոս է: Ես պայքարում եմ այդ թիվը պակասեցնելու համար: Ներմուծման հաշվին եմ ուզում շուկայում մեր տեղը զբաղեցնել, այլ ոչ թե հայաստանյան արտադրողների:
– Բայց չէ՞ որ ներմուծողներն էլ են մրցակիցներ:
– Ոչ, քանզի ներմուծվող կաթնամթերքի գները մի քանի անգամ ավելի բարձր են, քան մեր արտադրանքինը: Իտալիայի եւ Գերմանիայի մասնագետների կարծիքով, մեր արտադրանքի որակը ներմուծվող ապրանքների որակից մի քանի անգամ ավելի բարձր է:
– Դուք ի՞նչ կոնկրետ քայլեր եք անում այդ բարձր որակն ապացուցելու համար:
– Մեզ դա ապացուցել պետք չէ: Շուկայի պահանջարկն օրեցօր մեծանում է: Հիմնական մեր պրոբլեմը հիմա այն է, որ շատ արտադրանք չունենք: Մեր արտադրանքի առավելագույն քանակին հասնելու ենք երկու տարի հետո: Դա տեխնոլոգիա է, կովերը պետք է շատանան, կաթնատվությունը պետք է մեծանա: Գյուղատնտեսության մեջ 5 տարի պետք է անընդհատ փող ներդնել, որպեսզի տեխնոլոգիան լրիվ աշխատի:
– Հիմա ցանկացած խանութում հնարավո՞ր է գտնել ձեր ընկերության արտադրանքը:
– Ոչ բոլոր խանութներում, քանզի մենք դեռեւս շատ արտադրանք չունենք, այլապես շատ կվաճառենք: Որքան արտադրում ենք՝ վաճառվում է:
– Արտահանման մասին մտածո՞ւմ եք:
– Կարծում եմ՝ կես կամ մեկ տարի հետո կսկսենք արտահանել, որովհետեւ դա կախված է սերտիֆիկատներից, որ արտասահմանը պահանջում է: Հիմա մենք ISO սերտիֆիկատ ենք ստանում, որը մեզ հնարավորություն կտա մեր արտադրանքն արտահանել:
– Իսկ դրամի արժեւորումը ձեզ չի՞ խանգարելու արտահանելիս:
– Եթե մտածենք, որ այս կամ այն երեւույթը կխանգարի, ապա բիզնես պետք է չանենք: Բիզնեսում դժվարություններ էլ կան, հեշտություններ էլ: Չի կարելի դժվարությունները դրոշակ սարքել: Ամբողջ աշխարհում է բիզնեսն այդպիսին: Բացի այդ, այդ դժվարությունները չպետք է քաղաքականացնել: Երբ զրոյից ես բիզնեսը սկսում, շատ հարցեր են առաջանում, բայց, իմ կարծիքով, կարեւորը ցանկությունն է:
– Ի՞նչ խնդիրների առաջ եք կանգել ձեր բիզնեսը սկսելիս:
– Բազմաթիվ: Օրինակ, եկել ես Հայաստան, բայց երկրի օրենքներն ու վարվելակերպը լավ չգիտես: Ինձ համար ամենամեծ դժվարությունը եղել է մարդկանց սովորեցնելը, որ ճիշտ աշխատեն: Հայաստանի ամենամեծ թերությունը կադրերի պակասն է ցանկացած ոլորտում: Հավատացեք, այս երկու տարում ես համոզվել եմ դրանում: Դա ցավալի խնդիր է: Գործազրկության մասին ենք խոսում, բայց, իմ կարծիքով, Հայաստանում մարդիկ պարզապես չեն ուզում աշխատել:
– Օրինակ, դուք ի՞նչ մասնագետների կարիք ունեիք:
– Կով պահողի, հող վարողի, տրակտոր քշողի, մենեջերի եւ այլն: Մենեջերներինը ամենադժվար հարցն է: Ես գիտեմ, որ մեր բուհերն ավարտում են շատ գրագետ երեխաներ, բայց, ցավոք, տեղ չունեն զարգանալու: Մասնագետների քաղց կա Հայաստանում:
– Դուք վաղո՞ւց եք Հայաստանում:
– Հայաստանում ծնվել եմ, շատ հարցերում մասնակցել եմ Հայաստանի կյանքին, բայց այստեղ բիզնեսով զբաղվում եմ ընդամենը երկու տարի: Ինձ թվում է՝ դեռ շատ մարդիկ են գալու հայրենիք` բիզնես անելու, որովհետ այստեղ իրոք շատ հետաքրքիր է գործ անելը, պարզապես վախ կա: Երբ մարդն արտասահմանում լավ է ապրում, դժվարանում է վերադառնալ հայրենիք` վախենալով, որ զրոյից նորից սկսելու է բարձրանալ: Ես կարծում եմ, որ ամեն մարդ Հայաստանին ոչ թե պետք է օգնություն տա, այլ այս երկրում գործ դնի, որ մարդիկ աշխատեն: Ամենամեծ օգնությունը դա է: Միաժամանակ, ինքն էլ կօգտվի, ինչո՞ւ ոչ:
– Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ոլորտը:
– Ես այս ոլորտից ընդհանրապես ոչինչ չէի հասկանում: Երկու տարի առաջ մասնագետներ վարձեցի` ուկրաինացի դոկտոր-պրոֆեսորների, որոնք ինձ սովորեցրին այս գործը: Ուզում էի ինչ-որ բնական, «նատուրալ» բան անել, որը Հայաստանի ոգուն հարազատ կլինի: Այսինքն, որպեսզի ոչ մի բան չփչացնելով` լավ բան ստանամ եւ մարդկանց օգուտ բերեմ: Սա էր խնդիրը:
– Ո՞վ եք մասնագիտությամբ:
– Բիզնեսմեն:
– Միգուցե հենց ձեր մասնագիտությո՞ւնն է ձեզ օգնել հաջողությունների հասնել:
– Իմ կարծիքով, երբ մարդն ինչ-որ բան կարողանում է ստեղծել, ինչ-որ բանից փող աշխատել, օժտված է նման հատկությամբ, ապա կապ չունի, թե ինչ ուղղությամբ է դա անում: Պետք չէ շատ խորանալ մասնագիտության մեջ` ինչ-որ բան ստեղծելու համար: