Երեկ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ քննարկվում էր հայաստանյան նախընտրական գործընթացների եւ սկիզբ առած քաղաքական հետապնդումների փոխառնչության թեման, որին մասնակցում էին քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ ու հասարակական գործիչներ:
«Մակերեսային համեմատությունը նույնիսկ նախորդ ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի հետ` արմատական տարբերություններ է երեւակում քաղաքական այլախոհների նկատմամբ իշխանությունների կողմից ուժեղացվող բռնաճնշումների առումով, որոնք հիմնականում միտված են գործող իշխանությունների վերարտադրության գերխնդրին»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանի կարծիքով` Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը միանգամայն տեղավորվում է հայաստանյան նախընտրական պայքարի տրամաբանության մեջ. «Իշխանությունների գլխավոր մտավախությունը իրենց հասցեին հնչեցված սուր քննադատությունից չի բխում, ոչ էլ, այսպես ասած, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու «վտանգից»,- նշել է Ա. Աղայանը` պարզաբանելով, որ վարչախումբն իրականում ահաբեկված է առաջիկա ընտրությունների ժամանակ կեղծիքներ թույլ չտալու` ազատամարտիկների վճռականությունից: Նրա կարծիքով` «մշակվել եւ գործում է արդար ու ազատ ընտրությունների հարցում մարտականորեն տրամադրված մարդկանց շինծու պատրվակներով ընտրական գործընթացից մեկուսացնելու հատուկ ծրագիր»: Իսկ Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի դիտարկմամբ` այս էլ որերորդ անգամ իշխանությունները փորձում են կարեւոր իրադարձություններից առաջ մի քանի տպավորիչ բռնարարքներով քաղաքական ուժերի ուշադրությունը շեղել գործող վարչակարգի վերարտադրության դեմ պայքարի նպատակակետից: Ա. Սադոյանը նաեւ անդրադարձել է Ընտրական օրենսգրքի բազում սողանցքներին, որոնք ընտրակեղծիքների լայն դաշտ են բացում իշխանական լծակների տիրապետող ուժերի առջեւ. «Ծրագրվում է թվանկարչական ընտրություն, եւ արատավոր այս գործընթացի դեմն առնել հնարավոր է միայն համատեղ ուժերով»,- ասել է Ա. Սադոյանը` կարեւորելով զանգվածային վերահսկողության մեխանիզմի ըստ ամենայնի կիրառումը: Նրա համոզմամբ` նպատակահարմար է նաեւ ընդդիմության ուժերով վստահված անձանց եւ հասարակական դիտորդների ուսուցման կազմակերպումը:
«Կլոր սեղանի» մասնակիցներն անդրադարձել են նաեւ ՀՀ-ում նախընտրական բռնաճնշումների վերաբերյալ մի խումբ իրավապաշտպան կազմակերպությունների ընդունած համատեղ հայտարարությանը, որում մասնավորապես դատապարտվում են իշխանությունների կողմից «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի դեմ ծավալված հետապնդումները: