Հադրութի Տող գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2006թ. հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարներով բավականին աշխատանքներ կիրականացվեն: Տողը շրջանի այն գյուղերից է, որը պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրավել էին, սակայն հայերը 1991-ին կարողացան ազատագրել:
Ազատագրված գյուղում ներկայումս շատ խնդիրներ կան, իսկ ամենաառաջնայինը գյուղացիները համարում են մշակույթի տան վերանորոգումը: Մշակույթի տան վերանորոգման կամ նորի կառուցման հարցը «Հայաստան» հիմնադրամի ծրագրի օրակարգում է: Հիմնադրամի Արցախի ծրագրերի ղեկավար Միշել Տանկրեզի խոսքերով, հենց Տողում էլ կստեղծեն այնպիսի մի «մոդել», որը հետագայում կարող է օրինակ կծառայել մյուս բնակավայրերի համար: Այստեղ նախատեսվում է կառուցել բուժկետից մեծ եւ հիվանդանոցից փոքր բուժկենտրոն, որը կունենա նաեւ շտապօգնության մեքենա: Առաջնահերթ կլուծվի նաեւ գյուղի խմելու ջրի հարցը, կվերանորոգվի եւ կկահավորվի դպրոցը: Մ. Տանկրեզի հավաստմամբ, գյուղի համար գնվել է նաեւ աղբահավաք մեքենա:
Ինչպես Տողում, այնպես էլ շրջանի մի քանի գյուղերում նախատեսվում է նաեւ գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել, որոնց ծախսերի վերաբերյալ հստակ ուսումնասիրություններ եւ հաշվարկներ են կատարվում:
Իսկ ընդհանուր առմամբ հիմնադրամը «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում մի քանի ծրագրեր ունի Հադրութի շրջանում: Այժմ արդեն նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Ինչպես մեզ տեղեկացրեց պարոն Տանկրեզը, առաջին ծրագիրը Հադրութի խմելու ջրի ծրագիրն է, որի համար արդեն մրցույթ է հայտարարվել: Աշխատանքները կսկսվեն մոտ երկու ամիս հետո: Մ. Տանկրեզի խոսքերով, քննարկվում եւ ուսումնասիրվում է շրջանի գազիֆիկացման հարցը:
Նախատեսվում է նաեւ վերանորոգել Հադրութի հիվանդանոցը, ինչպես նաեւ շրջանի համար գնել շտապօգնության 4 մեքենա, որոնք արդեն պատվիրվել են:
«Ինչ վերաբերում է շրջանի ծրագրերին, ապա դրանց իրականացման շուրջ դեռ քննարկումներ են ընթանում, քանի որ գների փոփոխություններ կան եւ մի քանի այլ հարցեր: Հայտնի է նաեւ, որ հեռուստամարաթոնի ընթացքում խոստացված գումարները լրիվությամբ չեն հավաքվել: Հավաքումն օբյեկտիվ պատճառներով ուշանում է: Միայն կարող եմ նշել, որ Ֆրանսիայում հիմա 1մլն դոլար կա հավաքված»,- նշել է Մ. Տանկրեզը, որը հավաքված ընդհանուր գումարը հստակ չկարողացավ նշել:
Դեռեւս անցյալ տարի ԼՂՀ նախագահը եւ հիմնադրամի ներկայացուցիչները հայտարարել էին, որ 2007թ. հեռուստամարաթոնը նվիրված կլինի Շուշիի վերականգնմանը: Մ.Տանկրեզը չհաստատեց այդ փաստը եւ տեղեկացրեց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչ է լինելու: «Այս տարվա մայիսի 7-ին կկայանա «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում էլ կընտրվի շրջանը կամ ծրագիրը: Ճիշտ է, ես հանդիպել եմ հանրապետության բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ծանոթացել եմ շրջանների առաջնահերթ խնդիրներին, սակայն այժմ դեռ որոշված չէ, թե ինչ կներկայացնենք մայիսյան նիստում»,- ասել է նա: