Համանախագահները շտապում են

28/01/2007 Ռ. ՄԻՐՔԱԴԻՐՈՎ, «Զերկալո» (Ադրբեջան)

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ երեկվա բանակցություններն արդյունավետ եղան: Այդ մասին ԱՊԱ-ին հաղորդեց ԱԳՆ-ի ԶԼՄ-ների հետ աշխատանքի եւ տեղեկատվական քաղաքականության հարցերով վարչության աշխատակից Խազար Իբրահիմը: Նրա խոսքերով, բանակցություններն անցան ընդլայնված ձեւաչափով: Հանդիպմանը, ի թիվս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նախարարների, մասնակցում էին պատվիրակությունները, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա տեղակալ Գրիգորի Կարասինը: Խ. Իբրահիմը նշեց նաեւ, որ ռուսաստանյան կողմն ակտիվորեն մասնակցում է բանակցություններին: Բացի այդ, նրա խոսքերով, ավելի վաղ, ընթրիքի ժամանակ, տեղի են ունեցել նախարարների ոչ պաշտոնական բանակցությունները համանախագահների հետ:

«Վարդան Օսկանյանի հետ բանակցություններն արդյունավետ եղան եւ վերաբերում էին կարգավորման վերջին սկզբունքին»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թուրանը», հանդիպման վերջում Մոսկվայում լրագրողներին հայտնեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Սակայն նա չհստակեցրեց, թե հատկապես որ սկզբունքն է քննարկվել, բայց խոստովանեց, որ բանակցությունները «բավականին դժվար» եղան: Միեւնույն ժամանակ, կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները:

Երեկ իսկ, Մինսկի խմբի համանախագահներն ուղիղ Մոսկվայից պետք է ժամանեին տարածաշրջան, որպեսզի շարունակեին խորհրդակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ: Այն հարցին, թե կկայանա՞ արդյոք երկու երկրների նախագահների հանդիպումը, Մամեդյարովը պատասխանեց, որ այդ մասին որոշումը կարող են ընդունել իրենք՝ նախագահները, համանախագահների հետ հանդիպման արդյունքներից ելնելով:

Իր հերթին, հայկական կողմը հաղորդում է, որ բանակցությունները կոնկրետ արդյունքներ չեն տվել, իսկ ավելի ստույգ, կողմերին չի հաջողվել առաջընթացի հասնել:

Ինչպես հաղորդել է «Թրենդ» գործակալությանն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության Հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը, համաձայն ծրագրերի, հունվարի 24-ին համանախագահներն արդեն Բաքվում խորհրդակցություն կանցկացնեն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ եւ, ինչպես սպասվում է, նրանց կընդունի նախագահ Իլհամ Ալիեւը: Հետո համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) Բաքվից կմեկնեն Երեւան:

Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ-ն ԱՊՀ տարածքում «սառեցված» հակամարտությունների կարգավորման կոչ է արել: Այդ կոչը հնչել է Վիեննայում կոնֆերանսի ժամանակ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի, նախկին նախագահ Կարլ դե Գուխտի եւ ապագա նախագահ Անն Սիպիլաինենի մասնակցությամբ: Մորատինոսն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին կոչ արեց ողջ ջանքերը ներդնել ընթացիկ տարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Պատահաբար չէր, որ համանախագահներն այդպես «հրատապ ձեւով» ժամանեցին Բաքու: Բանն այն է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ուղեւորվում է Շվեյցարիա՝ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ համանախագահները վաղ առավոտյան ավարտեն խորհրդակցությունն արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովի հետ, որպեսզի հասցնեն հանդիպել նախագահի հետ՝ մինչ նրա Դավոս մեկնելը: Բանն այն է, որ բարձր մակարդակով հերթական հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ է անձամբ ադրբեջանական պետության ղեկավարի համաձայնությունը:

Չնայած արդեն կարելի է ենթադրել, որ համանախագահներին դժվար թե հաջողվի ձեռք բերել կողմերի համաձայնությունը՝ բարձր մակարդակով հերթական հանդիպման վերաբերյալ: Ավելի շուտ, այս անգամ խնդիրներ կծագեն հայկական կողմի հետ: Չէ՞ որ, հունվարի 22-ին կառավարության նիստում հանդես գալով, նախագահ Ի. Ալիեւը հատուկ հայտարարեց, որ Պրահյան գործընթացը պատասխանում է Ադրբեջանի շահերին:

Պաշտոնական Բաքվի նման դիրքորոշումը կարելի է բացատրել հետեւյալ պահերով: Նախ, կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքվին ձեռնտու է որեւէ համաձայնագրի ստորագրումը, եթե դեպքերի նման ընթացքը վերջին հաշվով անխուսափելի է, հատկապես հիմա: Չէ՞ որ, այդպիսով ոչ միայն հաջողվում է կատարել միջազգային միջնորդների առջեւ ստանձնած հիմնական պարտավորություններից մեկը՝ նախ եւ առաջ ԱՄՆ-ի առջեւ, այլեւ՝ մինչ հերթական նախագահական ընտրությունները, որոնք կկայանան 2008 թվականի վերջին («պահեստում» բավականին շատ ժամանակ կա), որպեսզի համահարթեցվի ներքաղաքական իրադրության վրա խաղաղ համաձայնագրի ստորագրման բացասական հետեւանքները:

Երկրորդը, չի բացառվում, որ Բաքվում հրաշալի գիտակցում են, որ խաղաղ բանակցությունների առաջատարության խնդիրը տվյալ փուլում փայլուն կերպով կկատարի հայկական կողմը, որը չի կարող տառացիորեն խորհրդարանական ընտրությունների նախօրեին հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնիսկ շրջանակային համաձայնագիր ստորագրել: Բավական է հիշեցնել, որ եթե Է. Մամեդյարովն ուշադրություն է դարձրել մոսկովյան խորհրդակցությունների «բարդության» վրա, ապա հայկական կողմը հատուկ նշել է բանակցություններում առաջընթացի բացակայությունը: Իսկ դա նշանակում է, որ լուրջ բեկման բացակայության պարագայում պետությունների ղեկավարների հանդիպումը ոչ մի իմաստ չունի: