Մեր տպագրած «Ճամբարակ. ծերերի ու հաշմանդամների քաղաք» հոդվածը Ճամբարակի իշխանությունների համար դեբոշների առիթ հանդիսացավ: Աղմուկը խիստ զարմանալի էր, քանի որ հոդվածն արտահայտում էր քաղաքի բնակչության անմխիթար սոցիալական վիճակը: Նախ` այդ հրապարակմանը բուռն արձագանքեց ՀՀԿ Ճամբարակի «երտասարդական» կազմակերպության խորհուրդը, որի նամակը տպագրեցինք:
Սկզբում անհասկանալի էր կազմակերպված այդ նամակագրության ու իրարանցման պատճառը: Բայց ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ պարզեցինք, որ Ճամբարակի քաղաքապետ Հայկ Լազարյանը «Հանրապետական» կուսակցության անդամ է: Այնպես որ, հոդվածի լուսաբանումը խոցել է ոչ միայն Ճամբարակի իշխանավորներին, այլեւ «Հանրապետական» կուսակցությանը, որի ղեկավարն է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հիշեցնենք, որ Ճամբարակի երիտասարդական խորհուրդը խմբագրությանը գրած նամակում սպառնում է, որ դիմելու են հետագա գործողությունների: Ճամբարակի իշխանությունները բնակիչներին հարցաքննում են՝ պարզելու համար, թե հատկապես ովքեր են մեզ ինֆորմացիա տրամադրել, մեր թղթակցի հետ զրուցել: Ազատամարտիկ Արմեն Ազիզյանին կանչում են ԵԿՄ տարածքային ստորաբաժանում, բացատրություն պահանջում, թե ով է համարձակվել իրենց խոհանոցի մասին պատմել ոմն լրագրողի: Բնակչությանը լարում են Շահեն պապի ընտանիքի դեմ` ասելով, թե նրա միջոցով լրագրողը Ճամբարակում բնակվող կանանց անվանել է մարմնավաճառ. մինչդեռ հատուկ չըմբռնողների համար մեջբերեմ հոդվածի այն նախադասությունը, որն արտահայտել է ազատամարտիկներից մեկը. «Շատ տղաներ զոհվեցին, չվերադարձան, հիմա նրանց կանայք չեն կարողանում երեխաներին պահել, եւ շատերը մարմնավաճառություն են անում, որ երեխային մի կտոր հաց հասցնեն»: Նշենք, որ բնակիչների մեծ մասը չի կարդացել այդ հրապարակումը, քանի որ թերթը Ճամբարակ չի առաքվում, այնպես որ, պարզ է, որ հրահանգները վերեւներից են թելադրվում: Օրեր առաջ մեզ ուղարկեցին եւս մի նամակ «ՀՀ զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների միության Ճամբարակի մասնաճյուղի» անունից, բայց ստորագրված՝ այդ կազմակերպության նախագահ, զոհվածի այրի Ջավահիր Օհանյանի կողմից: Հետաքրքիր է, որ նամակը գրված է տարածքի բոլոր զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերի անունից, սակայն ստորագրել է միայն Ջ. Օհանյանը: Մեր ընթերցողին տեղեկացնենք, որ Ճամբարակի բնակիչներն իրականում լավ են ընդունել հոդվածը. ավելին, լուսաբանումից անմիջապես հետո մեզ արձագանքեց Երեւանից շինարարական կազմակերպության նախագահ Ժորա Ճնգրյանը, եւ հրապարակումից հուզված, առաջարկեց իր օգնությունը Ճամբարակի բնակիչ Շահեն Կարապետյանի ընտանիքին` տրամադրելով 100 դոլար եւ ազատամարտիկ Արմեն Ազիզյանին` 300 դոլար` աչքի վիրահատության համար: Այնպես որ, ոչինչ, եթե Ճամբարակի քաղաքապետը հոդվածի առիթով «նեղսրտել է», կարեւորն այն է, որ հաշմանդամների ընտանիքը սովից չի մեռնի, իսկ Արմենը 300 դոլարի պատճառով չի կուրանա:
Սեփ. լր.