Իսրայելի նախագահ Մոշե Կացավը երեկ Կնեսետի խոսնակ Դալիա Իցիկին հայտարարել է քրեական մեղադրանքների կապակցությամբ իր լիազորությունները վայր դնելու մտադրության մասին: Առայժմ հայտնի չէ, թե Կացավը մտադի՞ր է արդյոք պաշտոնաթող լինել, թե՞ կասեցնելու է իր լիազորությունների գործողությունը հետաքննության ընթացքում: Ըստ օրենքի՝ նախագահի բացակայության ժամանակ նրա լիազորությունները լրիվ ծավալով, ներառյալ համաներման իրավունքը, անցնում է խորհրդարանի նախագահին: Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի կառավարության իրավաբանական խորհրդատու Մենի Մազուզը որոշել է դատարանին հանձնել բռնաբարությունների եւ այլ հանցագործությունների համար Մոշե Կացավի մեղադրանքի գործը: Ըստ դրանց, Մոշե Կացավի մեղադրվում է 1998-1999թթ. ընկած ժամանակաշրջանում զբոսաշրջության նախարարության մի աշխատակցուհու բռնաբարման, մի շարք սեքսուալ հետապնդումների եւ 2003-2004թթ. ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Բացի այդ, նախագահը կարող է մեղադրվել այն բանում, որ պետության հաշվին մասնավոր տոնակատարությունների ժամանակ շատ նվերներ է տվել բարեկամներին ու ազգականներին: Ըստ օրենքի՝ Իսրայելի նախագահին չի կարելի դատել, ուստի հետաքննությունը կարող է շարունակվել կամ նրա կամավոր պաշտոնաթողության, կամ էլ պաշտոնազրկման դեպքում: Մոշե Կացավի նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2007 թվականի ամռան կեսին: