«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այցելել է «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին եւ Հայոց պատրիարքարան: Հայոց պատրիարքարանում Էրդողանը հանդիպել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ: Առանձնազրույցը տեւել է 15 րոպե: Թուրքիայի վարչապետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Երեկ Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին է այցելել նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նա Դինքի այրուն է փոխանցել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի նամակը, որտեղ, մասնավորապես, ասված է. «Հայերն ու թուրքերը միասին կարող են հասնել Հրանտի ցանկությանը` սահմաններից այն կողմ խաղաղություն տեսնել, ժողովուրդների միջեւ երկխոսության ու անհատների միջեւ փոխըմբռնման հասնել: Իրոք, մենք պատասխանատվություն ենք կրում դրան հասնելու համար, որպեսզի իմաստավորվի Հրանտի մահը, ճիշտ այնպես, ինչպես շատերի համար իմաստավորվել ու կարեւորվել էր նրա կյանքը: Մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում` ապահովելու, որպեսզի այն կյանքը, որը մենք միասին ենք ապրում նույն տարածաշրջանում, խաղաղությամբ ու փոխըմբռնմամբ լի կյանք լինի»: Ա. Կիրակոսյանը Ստամբուլում վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների: