Երեկ Նիդեռլանդներում բացվեց Ռոտերդամի 36-րդ միջազգային կինոփառատոնը, որը հաճախ «կինոդեբյուտների» փառատոն են անվանում: Այն ավանդաբար գնահատում է անկախ, մեյնստրիմին հակառակվող ֆիլմերը, որոնք երիտասարդների կողմից են նկարահանվում եւ որոնք անհատական կինոլեզվով պատմում են սեփական, ուրիշներից տարբերվող կյանքի ու միջավայրի մասին: Լավագույն երեք ֆիլմերին հանձնվում են դրամական պարգեւներ ու վագրի պատկեր ունեցող մրցանակներ: Սակայն փառատոնը, բացի մրցույթից, բազմազան ծրագրեր է ներկայացնում: Փառատոնի շրջանակներում, որպես կանոն, մեծ թվով ֆորումներ, սեմինարներ եւ կինոյի զարգացմանը նպաստող ուղիներ որոնելուն նվիրված «կլոր սեղաններ» են կազմակերպվում, որոնք միավորում են աշխարհի թարմ կինոմիտքը: Փառատոնը բաց է գործընկերության համար: Այս տարի Ռոտերդամի փառատոնում հատուկ ծրագրով ներկայանալու է հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը ցուցադրությունների շարք է պատրաստել եւ «Ոսկե ծիրանի» օրեր է անցկացնելու: Կցուցադրվեն Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անդրեյ» ֆիլմը (հայտնի ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու Հայաստան կատարած այցի մասին), Ռուսաստանում ստեղծագործող երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոսը», Լեւոն Գրիգորյանի «Հուշեր Սայաթ-Նովայի մասին» ֆիլմը, որտեղ ներկայացված են հազվագյուտ նյութեր Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, որոնք ժամանակին գրաքննության պատճառով տեղ չեն գտել ֆիլմում: Ռոտերդամում կկայանա նաեւ Դոն Ասկարյանի «Արարատ. 14 տեսարան» ֆիլմի պրեմիերան: Ռեժիսորից 5 տարվա աշխատանք պահանջող այս ֆիլմը հստակ ուրվագծած ժանր չունի, այն ոչ դրամա է, ոչ էլ վավերագրական ֆիլմ: Ֆիլմը չի կարելի նաեւ էքսպերիմենտալ անվանել. այն ավելի շուտ ստեղծագործական հայացք է` ուղղված Արարատին: Դոն Ասկարյանն անհաս Արարատին որպես պոետ, պարող ու նկարիչ է դիտում` փորձելով 14 դիտակետերով ներկայացնել այդ խորհրդավոր լեռը: «Ռեժիսորը մեղմ լողում է խորհրդավորության եւ ճշմարտության արանքում` խուսափելով կոնկրետացնել ժամանակն ու տարածությունը: Ըստ Դոն Ասկարյանի` Արարատը խոր արմատներ է ձգել ողջ հայկական մշակույթում: Այն մշակույթում, որը պայքարել է ողբերգական պատմության ընթացքում: Ֆիլմը նաեւ դրա մասին է»,- այսպիսի ներածական խոսքով է ներկայացված ֆիլմը փառատոնի կայքում:
Բացի կինոցուցադրումներից, Ռոտերդամում հայտարարագիր է ստորագրվելու Ռոտերդամի (Նիդեռլանդներ), Պուսսանի (Հարավային Կորեա) եւ «Ոսկե ծիրան» (Հայաստան) կինոփառատոների միջեւ, որն այս երեք փառատոները քույր-փառատոներ կհռչակի եւ համատեղ նկարահանումների եւ մի շարք միջոցառումների հիմք կդառնա: Հայկական կողմը եւ Բենիլյուքսում Հայաստանի դեսպանությունը Ռոտերդամում նաեւ ընդունելություն կկազմակերպեն: