Վերջին հույսը

07/05/2005 Մ. ՀԱՍՐԱԹՅԱՆ

Օրեր առաջ հայ-ռուսական գործարար համաժողովի անդամները կրկին հավաքվել էին: Օրակարգում տեղ գտած հարցերից իր ողջ հրատապությամբ առանձնանում էր Հայաստանից Ռուսաստան ցամաքային կամ ծովային հաղորդակցության ուղիների խնդիրը, որը, չնայած հայ իշխանավորների հավաստիացումներին, այդպես էլ մնում է չլուծված: Մոտ մեկ ամիս առաջ կառավարական պատվիրակությունը տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ Թբիլիսիից վերադառնալուց հետո հայտարարեց, որ «Պորտ Կավկազ»-Փոթի լաստանավային բեռնափոխադրումների հարցը լուծված է, համաձայնագիրը` ստորագրված, իսկ որպես գործարկման ժամկետ նշվեց ս/թ փետրվարի 1-ը: Հիմա փետրվար ամիսն է, իսկ ռուսական նշված նավահանգստից դեպի Փոթի դեռեւս ոչ մի ուղի չի գործում: Նախկինի պես բեռները լաստանավով ուղեւորվում են նախ Բուլղարիա, հետո այնտեղից Փոթի: Իսկ ուղղակի հաղորդակցության խնդիրն այդ երկու նավահանգիստների միջեւ մինչ այսօր կարգավորված չէ: Երեւի հենց այդ պատճառով էլ Հայ-վրացական գործարար խորհրդի համանախագահ Վ. Բադալյանն այդքան անհանգստացած էր սույն խնդրի լուծմամբ: Նշենք, որ այդ հանդիպմանը մասնակցող ռուսական կողմը՝ ի դեմս Ն. Ռիժկովի, կողմ արտահայտվեց ոչ միայն ծովային հաղորդակցության կարգավորմանը, այլեւ շեշտեց Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի վերագործարկման անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ այդ մասին հայտարարել է նաեւ ՌԴ տրանսպորտի նախարար Ի. Լեւիտինը Հայաստան կատարած այցի ժամանակ եւ նույնիսկ նշել վերագործարկման ստույգ ժամկետը՝ ս/թ աշունը: Իհարկե, թե՛ հայկական եւ թե՛ ռուսական կողմը շահագրգռված են աբխազական երկաթուղու վերագործարկմամբ: Սակայն այստեղ խնդիրը դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլեւ` քաղաքական դաշտում: Չէ՞ որ այդ ուղու վերաբացումը անմիջականորեն կախված է վրաց-աբխազական հարաբերությունների հետագա ընթացքից: Եվ վրաց նախարար Կախա Բենուկիձեն, խոսելով այդ խնդրի լուծման մասին, պատահականորեն չէր արտահայտում այն միտքը, որ երկաթգիծը կսկսի գործել միայն այն դեպքում, երբ վրացական սահմանապահ զորքերը կկանգնեն Փսոու գետի ափին: Իսկ այդ գետը հոսում է ռուս-աբխազական սահմանով:

Երեւի թե Վ. Բադալյանն էլ էր ներքուստ համոզվել, որ Անդրանիկ Մանուկյանը ուղղակի հերթական հայտարարությունն էր արել: Այդ պատճառով էլ նա շտապեց Աբխազիա՝ փորձելու տեղի իշխանավորների հետ կարգավորել այս արդեն անլուծելի թվացող խնդիրը: Սակայն հենց սկզբից էլ պարզ էր, որ Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահը, ում հանդիպեց պարոն Բադալյանը, ինչպես նաեւ` Աբխազիայի նորընտիր նախագահ Ս. Բագապշը, ի զորու չեն լուծելու այդ խնդիրը: Այսօր գնացքները Ռուսաստանից հասնում են մինչեւ Սուխումի, իսկ դրանից այն կողմ շարժակազմերը ճանապարհելն արդեն միայն աբխազական իշխանություններից չի կախված: Ճիշտ է, աբխազները պատճառաբանում են, որ երկաթգիծը սարքին վիճակում չէ, քանդված է երկաթուղային կարեւոր կամուրջներից մեկը, սակայն նույնիսկ ուղին վերանորոգելը հարցի լուծման վերջնական տարբերակը չէ: Վրացական իշխանությունները, ի դեմս նախագահ Մ. Սահակաշվիլու, հայտարարում են, որ իրենց երկիրը կարող է դառնալ ինքնավար սուբյեկտների ֆեդերացիա եւ Աբխազիան էլ Հարավային Օսեթիայի եւ Աջարիայի հետ` այդ ֆեդերացիայի անդամներից մեկը: Այլ խնդիր է, թե աբխազների համար որքանո՞վ է ընդունելի այս տարբերակը: Այս եւ նման բազմաթիվ հարցերի լուծումը գտնելուց հետո միայն կարող է բացվել երկաթուղին: Իսկ հայկական կողմին մնում է միայն մխիթարվել լաստանավով եւ համբերատար սպասել ավելի բարենպաստ ժամանակների: