Իտալիայում բնակվող թուրք կինոռեժիսոր Ֆերզահ Օզփեթեքն իր վերջին «Saturno Contro» կոչված ֆիլմը նվիրել է հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: Օզփեթեքն ասել է, որ Իտալիայում փետրվարի 23-ին ցուցադրության ներկայացվող ֆիլմի սկզբում էկրանին պետք է հայտնվի «Նվիրվում է Հրանտ Դինքին» գրությունը: «Դա գովազդ չէ: Նպատակ ունեմ աշխարհի տարբեր անկյուններում ցուցադրվելիք ֆիլմի հանդիսատեսների ուշադրությունն ուղղել Հրանտ Դինքի անվանը եւ դրանով հետաքրքրություն առաջացնել նրա գործունեության նկատմամբ»,- ասել է թուրք ռեժիսորը: Ցուցադրության համար ֆիլմի 350 պատճեններն արդեն պատրաստ են: Ֆիլմում կհնչեն ինչպես թուրքական, այնպես էլ իտալական հայտնի երգերի կատարումներ: