Բաղադրությունը։ Ջուր՝ 61-62%, ազոտային նյութեր` 6-7%, ճարպեր` 0,1%, ածխաջրեր` 30-31%, շաքարներ` 2-3,5%, ազոտային նյութեր` 8-8,5%, բջջաթաղանթ՝ 0,5-0,9%, մոխրացող մնացորդ` 1-1,2%, կալիում, նատրիում, մագնեզիում, քլոր, օրգանական թթուներ, եթերային յուղեր, B, C, D վիտամիններ:
Կիրառությունը։ Եգիպտոսում սխտորն օգտագործվել է աչքերի բորբոքման, Հունաստանում` օձի խայթոցների դեմ: Դիոսկորիդը սխտորը կիրառել է ճիճուների դեմ, իսկ Պլինիուսը` ջրգողության, թույլ մարսողության, տենդի, ցինգայի, սպազմների, հազի դեպքում:
Հնդիկ բժիշկները սխտորը կիրառել են ասթմայի, կաթվածի, ռեւմատիզմի դեմ: Միջին դարերում սխտորը յուղի հետ օգտագործել են ժանտախտով չհիվանդանալու համար: Վրացիները սխտորն օգտագործել են ճիճուների, կատաղած շների կծածի դեմ, իսկ մեղրի հետ խառնած վիճակում դրել են թարախային վերքերի վրա: Սխտորի օղեթուրմն օգտակար է թոքախտով, բրոնխիալ ասթմայով հիվանդների համար, նաեւ միջոց է քաղցկեղից ապահովագրման համար: Սխտորի ջրաթուրմը եւ օղեթուրմը համարվում են արյան ճնշումն իջեցնող, սրտի զարկերի ուժգնությունը մեծացնող, միզամուղ, աթերոսկլերոզը բուժող միջոցներ: Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` սխտորը մեծացնում է սեռական կարողությունը, բարելավում դեմքի գույնը, բուժում թութքը, էկզեման, օգնում փայծաղի առողջացմանը: Օրական չափաբաժինը համարվում է սխտորի 3 ատամիկը: