Թուրքական ոստիկանությունը հայտարարել է, որ թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Հայալն ասել է, որ ատրճանակ եւ փող է տրամադրել Օգյուն Սամասթին, որը ներկայումս ձերբակալված է Դինքի սպանության համար եւ խոստովանել է իր հանցանքը: Հարցաքննության ժամանակ Հայալը հայտարարել է. «Ես նրան տվեցի ատրճանակը եւ փողը: Օգյունը կատարեց իր պարտքը եւ փրկեց Թուրքիայի պատիվը»: «Ասոշիեյթեդ փրեսի» գնահատմամբ՝ Հայալի խոսքերը վկայում են, որ Հրանտ Դինքը մարդասպանների թիրախ է դարձել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հրապարակային հայտարարությունների համար: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, Հայալը Տրապիզոնում մի խումբ դեռահասների զենքի հետ վարվել է սովորեցրել՝ նրանց ներշնչելով «դավաճաններին» պատժելու գաղափարը: Թուրք ազգայնականը հայտարարել է, թե ռումբեր պատրաստել է սովորել չեչեն զինյալներից՝ Ադրբեջանում գտնվող ճամբարում, եւ թե 2004թ. ռմբահարել է Տրապիզոնի «McDonalds» ռեստորանը՝ «պատժելու համար ԱՄՆ-ին եւ նրա գործակիցներին»: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել կապ գտնել Հայալի եւ որեւէ ընդհատակյա խմբավորման միջեւ:
Իսկ Ստամբուլի Անվտանգության վարչության պետ Ջելալեդդին Ջերահը երեկ հայտարարել է, թե «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով «հետաքննությունը քաղաքական շարժառիթներ եւ դրան որեւիցե կազմակերպության մեղսակցություն չի բացահայտել»: Ըստ նրա, հանցագործությունը կատարվել է ազգայնամոլության հողի վրա. «Մենք հանցագործությունը հետաքննելիս քաղաքական ասպեկտ եւ դրան որեւիցե քաղաքական կազմակերպության մեղսակցություն չբացահայտեցինք: Կասկածյալը սպանությունը կատարել է ազգայնամոլության հողի վրա»,- նշել է Ջելալեդդին Ջերահը: Հրանտ Դինքի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Ստամբուլում: