Հանցանքն էթնոսի հետ կապ չունի

25/01/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ըստ թուրքական լրատվամիջոցների, Հ. Դինքին հրաժեշտ տալու համար Թուրքիայի իշխանությունները Ստամբուլ են հրավիրել Հայաստանի իշխանությունների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին: Արդեն հայտնի է, որ բացի մարդասպանից, Դինքի սպանության գործով ձերբակալվել են նաեւ եւս մոտ 10 մարդ: Նրանցից մեկը՝ Յասին Հայալը, նախկինում 11 ամսով ազատազրկվել էր՝ 2004-ին Տրապիզոնում «McDonalds» ռեստորանի ռմբահարման գործով: Հայալն էր զենքը տվել Սամասթին, եւ վերջինս սպանությունից առաջ նրա հետ խոսել էր հեռախոսով: Թուրքական ոստիկանությունը քննում է Դինքին սպանած Օգյուն Սամասթի հնարավոր կապը ծայրահեղ ազգայնական խմբավորումների հետ: Հետաքննությանն անձամբ մասնակցում են ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն եւ արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկը: Դինքի սպանությունը դատապարտող միջազգային ու հայաստանյան արձագանքները դեռ երկար կշարունակվեն, սակայն ցավոք հայկական կողմից հնչող դատապարտող հայտարարությունները, չնչին բացառություններով, վեր են ածվել հակաթուրքական հերթական հիստերիայի դրսեւորման միջոցի, ինչը թերեւս դժվար չէր գուշակել: Հ. Դինքի սպանությունը մարդկային ողբերգություն էր: Սպանվեց մարդ, ով իսկապես մտավորական էր, ով ցանկանում էր նպաստել թուրքական ու հայկական հանրային գիտակցության վերափոխմանը եւ այդկերպ մոտեցնել այն օրը, երբ երկու ժողովուրդներն էլ վերջապես կհասկանան, որ հարեւաններն ապագա չունեն, եթե ատելությամբ են լցված միմյանց հանդեպ: Անգամ իր ողբերգական մահով նա շատ ավելին արեց այս նպատակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, քան մենք ինքներս: Բայց ի՞նչ ենք անում մենք՝ հայերս, նրա սպանությունից հետո: Մենք պարզապես սպանում, ոչնչացնում ենք նրա աշխատանքը: Իրենց մտավորական համարող որոշ մարդիկ ու հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաընկերությունները փորձում են ապացուցել, որ թուրք էթնոսը երբեք չի քաղաքակրթվի, որ Թուրքիայում ստորաբար ճնշվում է ազատ խոսքը, որ թուրքերը տասնամյակներ շարունակ իրենց սերունդների մեջ ներարկում են թուրքի գերագույն ազգ լինելու գաղափարը, որ այս սպանությունը ցույց տվեց, որ թուրքի հետ չի կարելի հարաբերությունները բարելավել, որ այս ամենն էլ Թուրքիայում ստեղծել է այն մթնոլորտը, որն էլ ծնում է նման ոճրագործներ: Կարճ ասած` մեր երկրում նոր թափ է հավաքել «թուրքը մնում է թուրք» անհեթեթ մտքի քարոզչությունը: Ընդ որում՝ «թուրքը մնում է թուրք» արտահայտությամբ մենք ուզում ենք հնարավորինս վատ ձեւով որակել թուրքին: Այսինքն` թուրքի վատը լինելն ավելի համոզիչ բացատրելու համար մենք ավելի հարմար բառ չենք գտնում, քան «թուրքն» է: Անշուշտ, Թուրքիայում ճնշվում է ազատ խոսքը, Թուրքիան շատ հեռու է եվրոպական արժեքային համակարգից, աշխարհում կան ազգությամբ թուրք շատ հանցագործներ եւ այլն, սակայն հիմարություն է այդ ամենը հիմնավորել թուրք էթնոսի որակական հատկանիշներով: Հասկանալի է, չէ՞, որ էթնոսն այստեղ կապ չունի: Եկեք մի հատ նայեք, թե մենք` հայերս, ինչո՞վ ենք զբաղված: Մենք մեր երեխաներին մանկապարտեզում, դպրոցում, ընտանիքում, բուհում եւ ամենուր քարոզում ենք, որ թուրքերը վատն են, մարդասպան, դավաճան, որ նրանց ուշքն ու միտքը հայերին կոտորելն է ու նման այլ բաներ: Արդյունքում մեզանում «թուրք» բառը մի տեսակ դարձել է հայհոյանք, վատ գործերով աչքի ընկած մարդկանց բնութագրելու, անպատվելու միջոց: Մենք մեր մեջ, մեր շուրջն ապրող քանի՜ քանի՜ Հրանտ Դինքեր ենք սպանել, լռեցրել, վռնդել երկրից… ու նույն կերպ էլ շարունակում ենք ապրել: Լրագրողներ Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Նաղդալյանը մեր երկրում չե՞ն սպանվել: Նրանց սպանողները հայեր էին, չէ՞: Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին ու այլոց սպանողները հայեր չէի՞ն: Մենք չե՞նք մեր երկրում ստեղծել այն մթնոլորտը, որը ծնեց Նաիրի Հունանյանին ու մյուս ոճրագործներին: Արդյո՞ք այս ամենը խոսում է մեր էթնոսի վատ որակների մասին: Ամբողջ աշխարհից պահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայհոյում ենք թուրք ժողովրդին ու Թուրքիա պետությանը, որում հնարավոր եղավ Հրանտ Դինքի սպանությունը, բայց ինքներս մեզնից, մեր երկրի իշխանություններից չենք պահանջում լիարժեք բացահայտել Տ. Հայրապետյանի, Տ. Նաղդալյանի, Կ. Դեմիրճյանի, Վ. Սարգսյանի ու մյուսների սպանությունները: Մեր ժողովուրդն է, չէ՞, ծնել ու դաստիարակել նրանց բոլորին սպանողներին: Ինչո՞ւ ենք մի դեպքում` պահանջատեր, մյուս դեպքում` ոչ: Որովհետեւ ցեղասպանությունն իրականացնողներն ու Հ. Դինքին սպանողները թուրքեր են, իսկ Վ. Սարգսյանին կամ Տ. Նաղդալյանին սպանողները հայե՞ր: Զենքի վրա երդվում ենք ու ուրիշի քաղաքակրթվածությունից խոսում: Թուրքերի հայատյացությունից ենք խոսում, բայց փափագում ենք Ստամբուլը դարձնել արյան ծով: Մեր ազգի ուղեղից ենք խոսում, բայց մեր միջի «մտավորականներից» շատերը լուրջ դեմքով հայտարարում են, թե «թուրքը մնում է թուրք»: Թուրքիան նոբելյան մրցանակակիր է աճեցնում, մենք ասում ենք, թե այդ մրցանակակիրը թուրք չէ, որովհետեւ թուրքերը չեն կարող այդքան բարձրարժեք գրականություն ստեղծել: Ասում ենք` Թուրքիայում ճնշվում է ազատ խոսքը: Իհարկե, դա փաստ է: Բայց ներողություն. մենք չե՞նք փակել «Ա1+»-ն ու «Նոյյան տապանը», ջարդել մեր երկրում գործող թերթերի խմբագրություններ, ծեծել, սպանել լրագրողների եւ այլն: Այս հարցում մենք ինչո՞վ ենք տարբերվում թուրքերից, ադրբեջանցիներից, ռուսներից…: Մենք մեզ թուրքերից, ադրբեջանցիներից, տաջիկներից, այլ ազգերից լավը չե՞նք համարում: Նույնիսկ երբ Հ. Դինքի սպանությունից հետո տասնյակ հազարավոր թուրքեր մասնակցում են այդ սպանությունը դատապարտող Թուրքիայի խոշոր քաղաքներում տեղի ունեցող երթերին ու մոմեր վառում, երբ այդ թուրքերը վանկարկում են «Այժմ բոլորս հայ ենք», «Կեցցե ժողովուրդների բարեկամությունը» եւ նման այլ կարգախոսներ, մենք ասում ենք, թե այդ ակցիաներն անկեղծ չեն: Ինքներս մեր երկրում այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել, որ նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում դժվար է պատկերացնել, որ մեր երկրում տեսանելի ապագայում հայ եւ թուրք ժողովուրդների եղբայրության մասին կարգախոսներով երթեր կարող են լինել: Եվ սրա համար պետք է ամաչենք: Մենք մեզ այնպես ենք ներարկել թուրքի հանցագործ լինելու մասին միտքը, որ մեր երկրում նման ցույց նախաձեռնելու փորձ անողներին եւ այդ ցույցի խիստ սակավաթիվ հնարավոր մասնակիցներին ինքներս կհոշոտենք ու դա կհամարենք ազգային մեծ սխրանք: Այս չե՞նք մենք: Հիմա ասեք` ինչո՞վ ենք մենք լավը կամ վատը թուրքից, ադրբեջանցուց, ռուսից, ամերիկացուց, ուզբեկից…: Եվ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի հանցագործությունը ազգի, ժողովրդի ու էթնոսի հետ: Այո, թուրքը մնում է թուրք, հայը մնում է հայ, արաբն էլ մնում է արաբ ու ընդհանրապես էթնոսները մուտացիայի չեն ենթարկվում եւ մեկը մյուսից լավը կամ վատը չեն լինում: Պարզապես, ցավոք, բոլոր երկրներում ու բոլոր ժողովուրդների մոտ էլ այս կամ այն չափով տարածված է ծայրահեղականությունն ու ազգայնամոլությունը: Եվ ինչպես հայ ազգայնամոլներն ու ծայրահեղականներն են հոշոտում հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունները բարելավելու փորձ անողներին, այնպես էլ թուրք ազգայնամոլներն ու ծայրահեղականներն են հոշոտում նման փորձ անողներին կամ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնողներին, ինչի վկայությունն է Հ. Դինքի սպանությունը: Ցավոք, այսօր Թուրքիայում ազգայնամոլները որոշ դեպքերում նույնիսկ կարողանում են ազդել այդ երկրի կառավարության քաղաքականության վրա: Անկասկած հայ ծայրահեղականներն ու ազգայնամոլներն այս ամենը կարդալուց հետո այս կերպ մտածողներին կանպատվեն իրենց հորինած հայհոյանքով (թուրք), սակայն եկեք նախ ինքներս մեր երկրում փոխենք մթնոլորտը, հնարավորինս զսպենք ծայրահեղական ու ազգայնամոլական թեզերի տարածումը եւ դրան զուգահեռ, մեր ուժերի ներածին չափով, օգնենք մյուսներին անելու նույնն իրենց երկրում: Ի վերջո, մեծ հաշվով, Հ. Դինքի սպանության համար պատասխանատու է ոչ միայն Թուրքիան ու այդ երկրի հասարակությունը, այլ նաեւ մեր երկիրն ու մեր երկրի հասարակությունը, այնքանով, որքանով մեր հայրենակից Հրանտ Դինքին մենակ թողեցինք իր նպատակների իրականացման ճանապարհին եւ մեր քաղաքականությամբ ու գործողություններով նպաստեցինք Թուրքիայում ազգայնամոլության արմատների խորացմանը: