Երեկվանից սկսվել է կառավարության «քննաշրջանը»։ Նախարարները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները հերթով քննություն են հանձնում վարչապետի մոտ՝ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ։
Անցյալ տարի այդ «քննությունից» հետո նախարարներն ու այլք պատասխանում էին նաեւ լրագրողների հարցերին։ Այս տարի այդ ավանդույթը չի շարունակվի։ Ինչպես տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից, պատճառը ծանրաբեռնված գրաֆիկն է՝ հաշվետվությունները վերջանում են շատ ուշ։
Երեկ, կարելի է ասել, Դաշնակցության հաշվետվության օրն էր։ Անդրանիկ Մարգարյանի մոտ հաշվետվությամբ հանդես են եկել Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական ապահովության եւ Կրթության եւ գիտության նախարարները։ Այսօր, ըստ նախնական տվյալների, «ծանրաձողին կմոտենան» Բնապահպանության, Տրանսպորտի եւ կապի, Էներգետիկայի եւ Տարածքային կառավարման նախարարները։ Գնահատականների մասին կառավարությունը կտեղեկացնի ԶԼՄ-ներին, վերջիններս էլ՝ հանրությանը։
Մինչ այդ կարելի է ծանոթանալ մեր անցյալ տարվա տնտեսական համառոտ ցուցանիշներին, որոնք էական դեր կխաղան գնահատականների հարցում։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն (19.01.2007թ.)` անցյալ տարին փակել ենք 13.4% տնտեսական աճով։ Արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ այդ աճի առյուծի բաժինը շինարարության ոլորտում է՝ 37.1%։ Ծառայությունների ոլորտն աճել է 20.2%-ով։ Բնակչության եկամուտներն աճել են մոտ 20%-ով։ Բյուջետային աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 45.130 դրամ, ոչ բյուջետայիններինը՝ 77.883 դրամ։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 4400 հոգով եւ 2006թ. դեկտեմբերի դրությամբ կազմել 84.600 մարդ։ Գներն աճել են 5.2%-ով։ Այս ամենը պաշտոնական վիճակագրություն է, որին շատերը հակված են չհավատալ։
Սակայն անգամ այդ նույն պաշտոնական վիճակագրությունը չի թաքցնում այն տխուր պատկերը, որն ունենք որոշ ոլորտներում։ Գյուղատնտեսությունն աճել է ընդամենը 0.4%-ով։ Իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը ոչ միայն չի աճել, այլ նվազել է 0.9%-ով։ Արտադրության ոլորտի տեմպերի անկման մասին ուղղակիորեն վկայում է էլեկտրաէներգիայի ծավալների անկումը։ 2006թ. ընթացքում արտադրվել է 5940 հազար կՎտ.ժ էներգիա, որը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 5.9%-ով։
Որպես հետեւանք, ամենից վատ ցուցանիշներն արձանագրվել են արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում։ Նախորդ տարվա արտահանումը կազմել է 1.004 միլարդ դոլար, ներմուծումը՝ 2.194 միլիարդ դոլար։ Եթե հաշվի չենք առնում ադամանդը, ապա արտահանումը կազմել է 758.4 միլիոն (աճը՝ 6.7%), ներմուծումը՝ 1.971 միլիարդ (աճը՝ 28.7%)։ Այսինքն, ներմուծման աճի տեմպը ավելի քան 4 անգամ գերազանցում է արտահանմանը։ Իսկ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է մոտ 1.2 միլիարդ դոլար։
Անցյալ տարվա դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 416.04։ Հիշեցնենք, որ բյուջեով նախատեսված էր 420 դրամ, իսկ 2007թ. բյուջեում դոլարի կանխատեսված միջին փոխարժեքը 357 դրամ է։