«Day.az» լրատվական գործակալությունը երեկ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ հայկական հատուկ ծառայությունները երեկ գիշերը կոտրել էին Ադրբեջանի հանրային հեռուստատեսության ինտերնետային կայքը: Կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որով ադրբեջանական հատուկ ծառայություններին ոչ պաշտոնական նախազգուշացում եւ պահանջ է ներկայացվում` կասեցնել հայկական պաշտոնական կայքերի գրոհումը: «Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանն «Արմենպրեսին» հաղորդել է, որ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության կայքում տեղադրված պաստառը որեւէ հիմք չի տալիս ասելու` թե ով է տեղադրել այն: Եթե դա լիներ հատուկ ծառայությունների ձեռքի գործը, ապա նրանք որեւէ հետք չէին թողնի, հետեւաբար, հնարավոր չէ միանշանակ հայտարարել, թե ով է պաստառի հեղինակը, ինչի մասին նշվում է հաղորդագրության մեջ: «Ուստի, սա հիմք է տալիս ենթադրելու, որ մենք սադրանքի հետ գործ ունենք: Միակ բանը, որ կարելի է միանշանակ ասել` այն է, որ պաստառը տեղադրողն անգրագետ է, եւ ռուսերենին լավ չի տիրապետում: Թեեւ բացառված չէ, որ տարրական սխալները եւս միտումնավոր են արված»,- նշել է Գ. Սաղյանը: Նրա դիտարկմամբ, ընդհանրապես երիտասարդներն իրենց ուժերը տարբեր կայքերի վրա ստուգելու հակում ունեն, եւ շատ հնարավոր է, որ հենց ադրբեջանցի երիտասարդները փորձեն գրոհել ադրբեջանական կայքերը, այնպես, ինչպես հայ երիտասարդներն են գրոհում հայկականները: