Հայաստանն ապրում է միգրանտների հաշվին

25/01/2007

«Le Monde» ֆրանսիական հեղինակավոր թերթն իր էջերում անդրադարձել է դրամական փոխանցումների թեմային։ Հիմնվելով Համաշխարհային բանկի (ՀԲ) անցկացրած ուսումնասիրության վրա, թերթը գրում է՝ Արեւելյան Եվրոպան եւ Միջին Ասիան ապրում են իրենց միգրանտների հաշվին։

2004թ. ընթացքում այս տարածաշրջանի երկրները դրսում աշխատող իրենց միգրանտներից ստացել են 19 միլիարդ դոլար, որը դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 8%-ն է եւ զարգացող երկրների կողմից ստացվող ընդհանուր դրամական միջոցների 12%-ը։

Այդ երկրների շարքում, բնականաբար, իր տեղն ունի Հայաստանը։ «Բոսնիա-Հերցեգովինան, Ալբանիան, Տաջիկստանը եւ Հայաստանը մտնում են այն 20 երկրների մեջ, որոնք ֆինանսավորվում են դիասպորայից (սփյուռքից)»,- գրում է թերթը՝ նշելով, որ դրսում ապրող միգրանտների փողերն այս երկրների համար կազմում են արտաքին ֆինանսավորման երկրորդ մեծ աղբյուրը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներից հետո։ Թեեւ պետք է նշել, որ Հայաստանի համար դա ճիշտ չէ, որովհետեւ դրսից ստացվող տրանսֆերտները զգալիորեն գերազանցում են օտարերկրյա ներդրումները։ Իսկ ո՞ր երկրներն են ավելի շատ հրապուրում ապագա միգրանտներին։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, հետո Ռուսաստանը։ «Հրապուրիչ» երկրների տասնյակում տեղ են գտել նաեւ Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Ղազախստանը եւ Լեհաստանը։ ՀԲ մասնագետները գտնում են, որ միգրացիան ձեռնտու է ոչ միայն իրենց՝ միգրանտներին, այլ նաեւ նրանց հայրենի եւ հյուրընկալող երկրներին։ Բացի նրանից, որ այդ միջոցները դրական ազդեցություն են ունենում երկարաժամկետ մակրոտնտեսական փոփոխությունների վրա, ՀԲ մասնագետների կարծիքով, նրանք նաեւ կազմում են փոխարժեքային ռեզերվ, ինչը շատ կարեւոր է բաց տնտեսություն ունեցող փոքր երկրների համար։

«Le Monde»-ը, սակայն, չի նշել, որ Հայաստանում տրանսֆերտների ազդեցությունն ամենեւին էլ դրական չի ընկալվում, մանավանդ վերջին տարիներին։ Հիշեցնենք, որ պաշտոնատար շատ անձինք դրամի արժեւորումը եւ, որպես դրա հետեւանք՝ արտադրության ու արտահանման ծավալների անկումը, բացատրում են դրսից ստացվող տրանսֆերտներով։ Այսինքն, մեր տնտեսության «պորտաբույծ» վիճակի մեղավորները, ըստ ոմանց, դրսում աշխատող եւ իրենց ընտանիքներին օգնող միգրանտներն են։