Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի բակում բողոքի ակցիա էին կազմակերպել ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ: Ժամը 11:30-ին մեկնարկած հանրահավաքի մասնակիցների ցուցապաստառներն ազդարարում էին. «Մեկ օրում աշխատազուրկների բանակը կավելանա 3000 հոգով», «Պահանջում ենք հատկացնել լիցենզիա» եւ այլն: Մինչ նրանց ներկայացուցիչները լրագրողների ներկայությամբ բանակցում էին հանձնաժողովի նախագահի հետ, ցուցարարները դրսում վանկարկում էին «Նա-զար-յան», «Նա-զար-յան»: Ընթերցողներին հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս տարվա հունվարի 8-ի նիստում որոշել էր ՀՀ տարածքում ինտերնետ հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերություններին արգելել ձայնային փոխանցումներ կատարել, քանի որ ձայնային ծառայությունը, համաձայն թիվ 60 լիցենզիայի 2004թ. վերախմբագրված տարբերակի, հանդիսանում է «ԱրմենՏելի» բացառիկ իրավունքը: Ավելի ուշ, հունվարի 16-ին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հայտարարել էր, որ հունվարի 25-ից սկսած իր ցանցից անջատելու է IP-հեռախոսակապով զբաղվող ընկերություններին, քանի որ այդ ընկերությունները չունեն համապատասխան թույլտվություն: Օ. Բլիզնյուկը նաեւ հայտարարել էր, որ շուկայում գործող մոտ 300 անօրինական IP-հեռախոսակապ մատուցող ընկերություններն «իրենցից տրաֆիկ են գողանում, եւ ընկերությունը չի կարող համակերպվել դրա հետ»: «ԱրմենՏել»-պրովայդերներ վեճը սկսվել էր դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից, երբ «ԱրմենՏելը» զրկել էր ընկերություններին ծառայություն մատուցելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» IP-ծառայությունների մենաշնորհից հրաժարմանը, Օ. Բլիզնյուկը նշել էր, որ դա չի կարող տեղի ունենալ մեկ օրվա ընթացքում, դրա համար պետք է պատրաստել իրավական եւ տեխնիկական հիմքեր: Փաստորեն, երեկվա բողոքի ակցիան հիշյալ գործընթացի անմիջական արձագանքն էր: Ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները երեկ պահանջ-միջնորդություն էին ներկայացրել հանձնաժողովին` վերանայելու հունվարի 8-ի որոշումը: Շահագրգռված անձինք դրանով պահանջում էին, որ հանձնաժողովը ելնելով իր իրավասություններից` կասեցնի հունվարի 8-ի որոշումը` մինչեւ 180 օր ժամկետով, մինչեւ որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն կզրկվի ձայնային ծառայություններ մատուցելու մենաշնորհից: Ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունների կազկոմիտեի անդամներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ «ԱրմենՏելն» իրենց առաջարկել է զբաղվել սոսկ իր ծառայությունների վաճառքով, ինչը պարզապես անընդունելի տարբերակ է: «Դա այնպիսի բան է, որ ցանկացած անհատ ձեռներեց եւ տնտեսվարող սուբյեկտ կարող է ստանալ այդ փաթեթը եւ զբաղվել նշված գործունեությամբ»,- ասում էր ցուցարարներից մեկը: Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պրովայդերների հանդիպման ժամանակ նշեց, որ այս գործընթացում իրենք պատասխանատվություն են կրում այս տարվա հունվարի 1-ից հետո, իսկ մինչ այդ եղած գործունեության արդյունքները վիճարկելու համար Ռ. Նազարյանը պրովայդերների ներկայացուցիչներին խորհուրդ տվեց դիմել դատական ատյաններին: «Այն, ինչ որ կատարվել է դրանից առաջ, մենք պատասխանատվություն չենք կրում: Եթե ունեք բողոք մեր որոշման դեմ, դիմեք դատարան, մենք էլ պատասխանող կողմ կներկայանանք եւ կպատասխանենք ձեր հարցերին: Երբ որ մենք կամրագրենք որակի չափորոշիչներ, եւ դուք այդ չափորոշիչներից ավելի ցածր սահմաններում ծառայություն կմատուցեք, մենք ձեզ որպես լիցենզավորված ընկերություն կհրավիրենք եւ համապատասխան միջոցներ կկիրառենք»,- հայտարարեց Ռ. Նազարյանը: «Մենք դիմել ենք կառավարության համապատասխան մարմնին, լիցենզիա ենք ստացել (Տրանսպորտի եւ կապի նախարարություն): Եվ 2007 թվականից գալիս է մի երրորդ մարմին, որն ասում է, թե ես նախկինի հետ ոչ մի գործ չունեմ: Այս ամենը ենթադրում է, որ եթե 2008 թվին իշխանափոխություն լինի, ու գա մի ուրիշ կառավարություն, կարող է հայտարարել, որ նախկիններից ինչ-որ մենք ունեցել ենք՝ սուտ է: Չէ, այդպես չի լինում, պարոն Նազարյան»,- ասում էր բանակցող ներկայացուցիչը, որը Ռ. Նազարյանին առաջարկեց իջնել բակ եւ դառն ու դաժան, նաեւ ազնիվ աշխատանք կատարող ժողովրդին հուսադրել մի քանի բառով կամ մեկ նախադասությամբ` առ այն, որ նրանք 4 ամիս շարունակ չեն աշխատելու: Հանձնաժողովի նախագահը հրաժարվեց հանդիպել ցուցարարներին եւ նրանց հուսադրող որեւէ խոսք ասել: Նա ներկաներին նաեւ ասաց, որ ցավում է ստեղծված իրավիճակի համար, սակայն կոլեգիալ մարմնի որոշումը փորձել է այնպիսի լուծումներ գտնել, որպեսզի այդ բիզնեսը շարունակվի, չընդհատվի: «Եթե դուք գտնում եք, որ մենք կարող էինք ու չենք արել, դիմեք համապատասխան մարմիններին»,- հավելեց Ռ. Նազարյանը: Հանձնաժողովի որոշման դեմ առարկողները նշում էին, որ մինչ օրս այլ մարմնին չդիմելու պատճառն այն է եղել, որ այս հարցի վերջնական կարգավորողի դերը` այսինքն, արբիտրի դերը պատկանում է հանձնաժողովին: «Մենք ոչ ոքից ոչինչ չենք գողացել, մենք մեր քրտինքով մեր բիզնեսը սարքել ենք: Մենք երբեք էլ թաքուն չենք աշխատել: Մենք Տրանսպորտի եւ կապի նախարարությունից մի քանի գրավոր պատասխաններ ունենք այն մասին, որ մեր գործունեությունն օրինական է»,- պնդում էին պրովայդերների ներկայացուցիչները: Իսկ «Դաշինք» կադրային կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Արտյոմ Խաչատրյանի համոզմամբ, մեկ տարի առաջ մի քանի գերատեսչություններից պաշտոնական գրություններ են ստացել այն մասին, որ իրենք չեն ոտնահարում «ԱրմենՏելի» մենաշնորհային իրավունքները: «Այդ ամենից հետո մեզ ասում են` մի քանի ամիս մի աշխատեք, մինչեւ լիցենզավորման կարգը մշակենք: Սեպտեմբերի 7-ին, երբ «ԱրմենՏելն» առաջին անգամ անջատեց մեր հեռախոսակապը, մի քանի ամիս տեւեց, մինչեւ հարցը վարչական վարույթի վերցրեցին, այդ ժամանակ «ԱրմենՏելը» միացրեց հեռախոսակապը, մինչեւ հարցի վերջնական լուծումը: Բայց մենք չէինք ակնկալում այս կարգի լուծում: Թող «ԱրմենՏելն» իր տեխնիկական զինվածության հարցը լուծեր նախկին կարգավորողի ժամանակ: Թող խաղի նոր կանոններ մշակեն, եւ մեզ ասեն` աշխատեք այդ կանոններով: Անընդհատ զարգացող ոլորտում դա ընդունելի տարբերակ է»,- հավաստիացնում էր Ա. Խաչատրյանը: Նա նաեւ անգործության մեջ էր մեղադրում Հանրային ծառայությունները մատուցող հանձնաժողովին, քանի որ վերջինս, եթե դասակարգել է ձայնային ծառայությունը, ապա պարտավոր էր լիցենզավորման նոր կարգ մշակել, պետտուրք նշել, ինչպես «ցիվիլ» երկրներում է ընդունված: Այն հարցին, թե իր խոստման համաձայն, «ԱրմենՏելը» հունվարի 25-ից հետո կանջատի՞ արդյոք հեռախոսակապը, Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ, այո, կանջատի, քանի որ «ԱրմենՏելը» հայտնի է իր այդ կարգի գործողություններով: «Բայց, բնական է, որ մենք այդ ամենի հետ չենք հաշտվելու: «ԱրմենՏել» չէ, ով ուզում է լինի, մենք այս երկրի քաղաքացին ենք ու չենք ուզում որեւէ մեկի ստրուկը դառնալ: Մեր կազմակերպությունը դիմելու է դատարան, որովհետեւ վերջին հաշվով կորցնելու ոչինչ չունենք: Պաշտոնյաները հանգիստ ասում են՝ գնացեք ու դատի տվեք, որովհետեւ դատական համակարգ ունենք, աշխարհը չունի»,- վրդովված ասում էր Ա. Խաչատրյանը, որը համոզված էր, որ դատարանը նույնպես կարող է վերահաստատել հանձնաժողովի այդ որոշումը: