Գյուղատնտեսական ապրանքը կթանկանա

25/01/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2006թ. ամռան երաշտին հետեւեց 2007թ. ցրտաշունչ հունվարը, եւ մեր ազգաբնակչությունը վախեցած սպասում է, թե այս գարունն ի՞նչ է բերելու գյուղատնտեսության գլխին:

Այն, որ երաշտը ծանր հետեւանքներ թողեց Հայաստանի գյուղատնտեսության վրա, դա մենք զգացինք նաեւ մեր սեփական գրպանի վրա: Եվ դեռ կզգանք մինչեւ 2007թ. բերքահավաքը: Իսկ մինչ այդ մտավախություն կա, թե հունվարի տեւական սառնամանիքից ցրտահարվել են Արարատյան դաշտավայրի այգիները՝ խաղողի վազերը, ծիրանենիներն ու դեղձենիները: Այգիների ցրտահարության հետեւանքն էլ այն կլինի, որ այս տարի նույնպես ցածր կլինի բերքատվությունը, եւ ավելի կթանկանա առանց այդ էլ թանկ միրգը: Սակայն Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը հավատացնում է, թե մեծ ծավալի ցրտահարություն տեղի չի ունեցել: Մինչդեռ գյուղատնտեսության մեկ այլ մասնագետ՝ «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչյա Բերբերյանը մի քանի օր առաջ ահազանգել էր, թե Արարատյան դաշտավայրում խաղողի, ծիրանի եւ դեղձի այգիները ցրտահարվել են:

«Ես չեմ ասում, դասագրքերում էլ գրված է, որ դեղձենին դիմանում է մինչեւ 24-25 աստիճան ցրտին,- ասում է պարոն Պետրոսյանը: -Ծիրանենին չի ցրտահարվում մինչեւ 28-30 աստիճան սառնամանիքին, կան ծիրանենու տեսակներ, որոնք դիմանում են մինչեւ 30-31 աստիճանին: Իսկ հունվարին գրանցվել է մինչեւ 24-25 աստիճան սառնամանիք: Այնպես որ, այս ծառատեսակները դժվար թե ցրտահարված լինեն: Իսկ խնձորենին, տանձենին կամ մյուս ծառատեսակները դիմացկուն են նույնիսկ ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում: Գարունը կգա եւ կտեսնեք, որ ցրտահարություն չի եղել: Ցրտահարված ծառը չի ծաղկի, բողբոջները չեն բացվի: Ցրտադիմացկուն չեն խաղողի վազերը, որոնք ցրտահարվում են անգամ 15-16 աստիճան ցրտի դեպքում, եթե, իհարկե, թաղված չեն»:

Եթե թաղված են հողի շերտի տակ, որի վրա էլ ձյուն է եկել, ապա, ըստ պրն Պետրոսյանի՝ նրանք կդիմանան մինչեւ 40 աստիճան սառնամանիքին: Այգեգործներից ոմանք աշնանն այգեթաղ չեն կատարել՝ հույս ունենալով, թե ուժեղ սառնամանիք չի լինի: Մանավանդ, որ դեռ աշնան սկզբին մեր օդերեւութաբանները հայտարարեցին, թե այս տարվա ձմեռը վերջին 100 տարիների ամենատաք ձմեռը կլինի: Բայց պրն Պետրոսյանը չի հավատում երկարատեւ կանխատեսումներին, մանավանդ, որ բնությունն անակնկալներ մատուցել շատ է սիրում: Նա բոլոր դեպքերում այգեգործներին խորհուրդ է տալիս չզլանալ եւ աշնանն անպայման թաղել խաղողի վազերը: Միգուցե դա ծանր աշխատանք է, եւ մշակելու ու բերքահավաքի փուլերից հոգնած գյուղացին իր մեջ ուժ չի՞ գտնում մի անգամ էլ այգեթաղ կատարել, սակայն շահում են այն այգետերերը, ովքեր վազերը ծածկում են: Գյուղացիներից շատերը դժգոհում են, թե այգեթաղի համար խոնավ հող է պետք, սակայն այդ շրջանում էլ ոռոգման ջրի խնդիր է լինում: Աշտարակցի Համոն դեռ չգիտի, թե իր անթաղ խաղողի փոքրիկ այգին ցրտահարվե՞լ է, թե՞ ոչ, սակայն դժգոհում է, որ «ջրի մարդիկ» ջուր չտվեցին, որ հողը խոնավացնի ու այգեթաղ կատարի: «Նույնիսկ սեզոնին նորմալ ջուր չեն տալիս, որ այգիդ պետք եղածի պես ջրես, ուր մնաց թե բերքահավաքից հետո տան,- դժգոհում է Համոն: -Իսկ չոր հողով այգեթաղ չի լինում»:

Այգեգործների հետ համաձայն չէ Գառնիկ Պետրոսյանը, ով կարծում է, թե այգետերերն ուղղակի հույսները պատահականության վրա են դնում, թե ձմեռը տաք կլինի: «Մի երկու տարի տաք ձմեռ է լինում, չթաղված վազերը չեն մրսում,- ասում է Գ. Պետրոսյանը: -Մյուս տարիներին էլ գյուղացին ռիսկի է դիմում եւ այգեթաղ չի կատարում: Սակայն նման դեպքերում չի կարելի հույսը պատահականության վրա դնել: Պետք է անպայման աշնանը թաղել խաղողի այգիները: Կամ էլ նայում ես` մեծ տարածությամբ խաղողի թաղված այգիներ են, բայց կողքը մի այգի անթաղ է մնացել: Էդ ինչպե՞ս պատահեց, որ ջուրը մենակ այդ այգուն չհասավ: Ես գյուղացիների էդ բացատրություններին այդքան էլ չեմ հավատում: Պետք է նրանք ամեն ինչ անեն իրենց այգին պաշտպանելու համար: Բացի եթե այդ այգին նորմալ մշակված է, ագրոտեխնիկական միջոցառումները ժամանակին անցկացված են, ապա վազերն ավելի ցրտադիմացկուն են լինում: Դրան հակառակ` հիվանդ ու թույլ այգին պակաս դիմացկուն է»:

Այնպես որ, հունվարի ցրտերին խաղողի չթաղված այգիները հաստատ ցրտահարվել են: Իսկ մինչ գարունը կգա եւ վերջնականապես կպարզվի, թե ծիրանենիներն ու դեղձենիները որքանով են ցրտահարվել, կամ քանի՞ հեկտար խաղողի այգի է ցրտահարվել, ՀՀ կառավարությունն այս ընթացքում փորձում է մեղմել անցած տարվա երաշտի հետեւանքները: Գառնիկ Պետրոսյանի ասելով՝ աշնանը տուժած համայնքներին բաժանվել է մոտ 3500 տոննա ցորենի աշնանացան սերմացու: Սերմացուն հատկացվել է մարզպետարանների միջոցով, եւ պրն Պետրոսյանը համոզված է, որ տուժած տնտեսություններն իրենց բաժինը ստացել են: Տարեվերջին կառավարությունը եւս 508 մլն դրամ հատկացրեց, որպեսզի 1300-1500 տոննա գարնանացան գարու եւ եգիպտացորենի սերմացու ձեռք բերվի եւ բաժանվի, մինչդեռ յուրաքանչյուր տարի Հայաստանում հացահատիկային ցանքսի համար անհրաժեշտ է մոտ 30.000 տոննա սերմացու: Անցյալ տարի հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը 2005թ. համեմատ 180.000 տոննա պակաս էր ստացվել: Ճիշտ է, կառավարության միջոցներով բաժանված սերմացուն չի լրացնի պակասը, սակայն, ըստ Գ. Պետրոսյանի՝ իրավիճակը փոքր-ինչ կմեղմի: 20.000 տոննայով պակաս էր ստացվել նաեւ կարտոֆիլի բերքատվությունը, սակայն այստեղ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում: Ոլորտի պատասխանատուների կարծիքով` Հայաստանում կարտոֆիլի շուկան կայուն վիճակում է, եւ գյուղացիներն ու ֆերմերներն իրար հետ համագործակցելով կկարողանան սերմացուի հարցերը լուծել: Բայց ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, կամ, ավելի ճիշտ, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը մի քանի ամիս է, ինչ կարտոֆիլ է բաժանում: Դժվար է ասել, թե դա որքանով է մեղմում երաշտի հետեւանքները, բայց կարտոֆիլի գինը շուկայում 200-300 դրամի սահմաններում է: Գարնանը, խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին կարտոֆիլը հավանաբար ավելի շատ կթանկանա, որովհետեւ ամռանն ու աշնանը մենք սպառել ենք բերքի մեծ մասը: Իսկ ներմուծում գրեթե չկա: Այնպես որ, գարնանը դեֆիցիտն անպայման լինելու է: Եթե, իհարկե, վերոհիշյալ հիմնադրամն ավելի «ծանրակշիռ» միջոցառումներ չձեռնարկի: