Ղարաբաղի ամենաշատ արտահանվող գյուղմթերքներից է միսը: Դա երեւի պայմանավորված է նրանով, որ այստեղ մսի վերամշակման ձեռնարկություններ չկան, ավելի կոնկրետ` գործում է միայն մեկը:
Հայտնի է, որ տարվա տարբեր ամիսներին Ղարաբաղից միս կամ անասուններ են տեղափոխում Հայաստան եւ վաճառում ավելի թանկ գներով: Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Լեոնիդ Սողոմոնյանն ասում է, որ Հայաստանից ժամանած գնորդները միանգամից 20-30 անասուն են գնում, այն էլ` կենդանի: Իսկ 1 կիլոգրամն արժե 500-600 դրամ: «Կան նաեւ մշտական գնորդներ, որոնք երկու ամիսը մեկ գալիս են: Գյուղացիների համար ձեռնտու է տեղում ապրանքը վաճառելը, ինչը չի կարելի ասել Ստեփանակերտի մսի կոմբինատի մասին, որտեղ ավելի էժան է ընդունվում միսը»,- նշում է Լ.Սողոմոնյանը:
Ստեփանակերտի մսի կոմբինատը մսի վերամշակման միակ ձեռնարկությունն է Ղարաբաղում եւ, բնականաբար, կարող է իր գները թելադրել: Ամենայն հավանականությամբ, այս տարի նրա համար մրցակից կհայտնվի. «Պողոսյան գերդաստան» ընկերությունն Ասկերանի շրջանի Սունջինկա կոչվող տեղամասում մսի վերամշակման ձեռնարկություն է բացում:
ԼՂՀ գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով, ընկերությունը մեծ ներդրումներ է նախատեսում կատարել ոլորտում: Արդեն 1 մլն դոլարի ներդրում է կատարվել. վերականգնվում է խոզաբուծական համալիրը, երշիկեղենի արտադրամասը, ինչպես նաեւ կկառուցվի սպանդանոց, սառնարանային տնտեսություն: Ձեռնարկությունը մեծ հզորությամբ եւ ծավալներով է աշխատելու, իսկ արտադրանքը սպառվելու է արտասահմանում: Նախարարը հույս հայտնեց, որ 2007-ից ձեռնարկությունը կսկսի մսամթերք արտադրել:
Ղարաբաղում գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը միշտ էլ առաջնային է եղել, քանի որ Ղարաբաղը ագրարային երկիր է համարվում:
Ոլորտի զարգացման համար պետությունը Զարգացման արցախյան գործակալության միջոցով վարկեր է տրամադրում: 2006-ին գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների ստեղծման համար նախատեսված էր շուրջ 50-60 մլն դրամ, սակայն ոչ մի հայտ չի ներկայացվել: Այս մասին տեղեկացրել է գյուղնախարարը, որը նշել է, որ վարկերը նախատեսված էին մասնավորապես փոքր գինու գործարաններ կառուցելու համար: «Այս տարի նույնպես գումարներ կնախատեսվեն: Ներկայումս հետաքրքրվողներ կան, բայց դեռեւս հայտ չի ներկայացվել: Կան հետաքրքրություններ նաեւ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, սակայն դրանք դեռ պայմանավորվածությունների մակարդակի վրա են»,- ավելացրել է գյուղնախարարը: