Բանակը, հասարակությունն ու ընտրությունները

21/01/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Չնայած «Ռեգնում» կենտրոնի ներկայացուցչի բազմաթիվ հիշեցումներին, թե իրենց կազմակերպած երեկվա ասուլիսին, որին հրավիրված էր Պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է տրվեն բացառապես բանակ-հասարակություն թեմային առնչվող հարցեր, այնուամենայնիվ, բարձրացված գրեթե բոլոր հարցերն էլ քաղաքական էին: Դրանք պարզապես մի փոքր այլ կերպ էին ձեւակերպվում՝ հարցի մեջ տեղավորելով «բանակ» բառը:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վստահ է, որ բանակի նկատմամբ հասարակության մեջ եղած անվստահությունը, որ կար 2000թ. սկզբին, այլեւս գոյություն չունի: Որովհետեւ, ըստ Ս. Սարգսյանի, իրենք կարողացել են այս տարիների ընթացքում այնպես անել, որ բանակը հասարակության համար բաց դառնա, եւ զինծառայողների ծնողները կարողանան անձամբ մտնել զորամասեր ու ծանոթանալ զինվորների «նիստուկացին»: «Վստահությունը չկար, եւ մենք որոշեցինք բանակի դռները բացել բոլորի առջեւ: Մինչեւ 2000թ. սկզբները շատ ծնողներ ցույցեր, բողոքի ակցիաներ էին կազմակերպում, եւ սկսած 2001թ. վերջից այդ բոլոր կազմակերպությունները դարձան մեր համախոհները, եւ սկսեցին գնալ զորամասեր, հանդիպել զինվորների հետ եւ զեկույցներ կազմել: Կարծում եմ, այստեղից սկսվեց վստահությունը, եւ եթե ծնողները կարող են շաբաթ-կիրակի օրերին հարյուրներով այցելել զորամաս, ծանոթանալ զինվորի նիստուկացին, սա արդեն, իհարկե, վստահություն ներշնչող գործոններից մեկն է,- ասում է Ս. Սարգսյանը՝ նկատելով,- Բանակում, իհարկե, փակ, գաղտնի թեմաներ կան, բայց որեւէ մեկի համար բանակը փակ չէ: Այն բաց է, եւ ընդհանրապես բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են մեր զինվորների նիստուկացին, չեն կարող փակ լինել: Այսօր Հայաստանում կան բոլոր հնարավորությունները, որպեսզի հասարակությունը վերահսկողություն իրականացնի բանակի նկատմամբ, որպեսզի բանակ-հասարակություն կապը լինի այնպիսին, ինչպիսին կա զարգացած երկրներում: Կարծում եմ, այսօր այդ կապը հուսալի եւ օգտակար է եւ աշխատում է հօգուտ մեր բանակի ու հասարակության»:

Որպես «բանակին» առնչվող հարց, «Առավոտը»՝ մեջբերելով «Գելափի» սոցհարցում իրականացնող կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները, որտեղ հասարակության մեծամասնությունը` որպես մեր ժամանակների հերոսներ` մատնանշել էր տարբեր ժամանակների զորավարների, նկատեց, թե պատճառը, որ այդ ցանկում բացակայում է Ս. Սարգսյան անունը, այն չէ՞, որ նա այնքան շատ է ներգրավված այլ ոլորտներում, որ չի ասոցիացվում բանակի հետ: Ի պատասխան, պաշտպանության նախարար Ս. Սարգսյանն ասաց. «Որեւէ տարօրինակ բան չկա, որ «Գելափի» անցկացրած հարցումներով մեր ժողովուրդն ինձ չի համարում այսօրվա հերոս կամ զորավար, որովհետեւ ես ինքս երբեք ինձ ո՛չ հերոս եմ համարել, ո՛չ էլ զորավար: Ինչ վերաբերում է իմ ներգրավվածությանը քաղաքականության մեջ, ապա պետք է ասեմ, որ իմ վերջին 20 տարվա գործունեությունից ուղիղ 20 տարին էլ այս կամ այն կերպ կապված է եղել բանակի հետ: Իսկ այդ 20 տարիներից ընդամենը 5 տարին ուղիղ կապված չի եղել բանակի հետ: 15 տարի ես ծառայել եմ, ծառայում եմ Հայկական բանակում եւ ոչ երկրորդական պաշտոններում: Եվ այսքանից հետո եթե ինձ չեն ասոցիացնում բանակի հետ, ես որեւէ խնդիր չունեմ: Բանակի հետ ասոցիացվելու համար անհրաժեշտ է նաեւ իմանալ սպաների, զինվորների կարծիքը»: Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, թե ինքն ընտրությունների ժամանակ բանակը չի ուղղորդում, եւ որպես համոզիչ փաստարկ` նշեց, որ «դա այնքան քիչ տոկոս է կազմում, որ չարժի դրա համար բանակը ներգրավել այդպիսի խնդիրների մեջ»: «9 տարի ես պաշտպանության նախարար եմ եղել, եւ եթե որեւէ մի հրամանատար կասի, թե ես նրան ցուցում եմ տվել, թե` որ կուսակցության համար կազմակերպել քվեարկություն, ապա ես ամենից անազնիվ մարդն եմ աշխարհում: Չի՛ եղել այդպիսի բան, եւ չի՛ էլ կարող լինել»,- հայտարարեց պաշտպանության նախարարը: Սակայն նա նաեւ նկատեց, թե այլ խնդիր է, որ հրամանատարները՝ տեսնելով նախարարի քաղաքական կողմնորոշվածությունը, համապատասխան ենթադրություններ անեն: «Ես մի անգամ ասել եմ, որ ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ բանակի հրամանատարական կազմն ունի համահունչ հայացքներ: Կարծում եմ, շատ ավելի վատ կլիներ, եթե պաշտպանության նախարարը մի բան կարծեր, իսկ բանակի սպայական կազմը` մեկ այլ բան: Մեր հասարակությունը պետք է միայն ուրախ լինի, որ պաշտպանության նախարարը հեղինակություն է վայելում բանակում, ու պաշտպանության նախարարի հայացքները կիսում են շատ սպաներ, հրամանատարներ»,- ասաց Ս. Սարգսյանը՝ բացառելով, թե բանակին կպարտադրվի առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկել իր՝ Հանրապետական կուսակցության օգտին: «Այո, բացառում եմ. որեւէ մեկը որեւէ մեկին չի պարտադրելու: Ես չեմ բացառում, որ կարող է ներսում սպաները փորձեն քարոզարշավ ծավալել, զինվորների համակրանքը թեքել դեպի այս կամ այն կուսակցությունը: Բայց այստեղ էլ խնդիր կա. զինվորը կատարելու է, ենթադրենք, գումարտակի հրամանատարի խնդրանքը, կամ, եթե զինվորը կիսելու է հրամանատարի հայացքը»,- հերքելով պարտադրանքի հնարավորությունն, ասաց Ս. Սարգսյանը: Իսկ հարցին, թե՝ համոզվա՞ծ եք, որ բանակի բարձրագույն հրամկազմը կիսելու է ձեր քաղաքական հայացքները, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ես այդպիսի համոզվածություն չունեմ: Ես մի բան գիտեմ հստակ, որ բանակն այսօր շատ հստակ կառավարվում է, շատ հստակ ղեկավարվում է, եւ պաշտպանության նախարարից չի պահանջվում ավելորդ ջանք: Պաշտպանության նախարարը որեւէ անգամ չի գոռում, կոշտ, կոպիտ միջոցներ չի ձեռնարկում, իսկ սա նշանակում է, որ կառույցը շատ-շատ ղեկավարելի կառույց է: Իսկ թե նրանք կիսո՞ւմ են իմ քաղաքական հայացքները, թե՞ ոչ, երբեք մենք այդ թեմայով չենք խոսում, չենք քննարկում»:

Իսկ ինչ վերաբերում է բանակում վախի մթնոլորտ ձեւավորելուն, որը նույնպես զինվորին պարտադրում է գնալ տեղամաս եւ կատարել հրամանատարի պահանջ-ընտրությունը, ապա Ս. Սարգսյանը նկատեց. «Ի՞նչ է նշանակում վախի մթնոլորտ, եթե զինվորը քվեարկում է սովորական տեղամասում, որտեղ քվեարկությունը գաղտնի է: Եթե այդպես մոտենանք խնդրին, ապա վախի մթնոլորտի մասին պիտի խոսենք նաեւ հասարակության շրջանում: Իհարկե, նման մտածողներ կլինեն եւ՛ մինչեւ ընտրությունները, եւ՛ ընտրություններից հետո պիտի ասեն, որ քաղաքացիներին վախեցրին: Նման խոսակցություններ լինելու են, բայց փակ քվեարկություն է, եւ որեւէ տեղամաս չկա, որտեղ 80-90 տոկոսը միայն զինվորներ են քվեարկելու: Եվ քվեարկելիս ո՞վ պետք է իմանա՝ զինվորը կատարե՞ց արդյոք հրամանատարի ցանկությունը, թե՞ ոչ»: Ս. Սարգսյանը նաեւ բացառեց, թե բանակում զինվորները, որոնք այսօր չափից դուրս քաղաքականացված են, կարող են կուսակցական գործունեություն ծավալել այս ընթացքում. «Եթե որեւէ մեկը բանակում կուսակցական գործունեություն ծավալի, մեր իմանալուց հետո դա կլինի դրա վերջին օրը»: