Սպանվել է Հրանտ Դինքը

21/01/2007

Հունվարի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 17:10-ի սահմաններում Ստամբուլում հրազենային 5 կրակոցով սպանվել է «Ակոս» թերթի հայազգի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Կրակոցներից երկուսը դիպել են գլխին: Ըստ CNN-ի, Դինքը սպանվել է իր խմբագրությունից դուրս գալիս: NTV-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փնտրում է կոշտ կտորից կարած բաճկոնով եւ սպիտակ գլխարկով մոտ 18-19 տարեկան մի երիտասարդի: Իսկ ըստ ականատեսների` հանցագործը եղել է 1.65մ հասակով 25-30 տարեկան տղամարդ: Թուրքական հեռուստաընկերությունները տեղեկացնում են, որ Հ. Դինքին մի քանի անգամ սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով, իսկ նման սպառնալիքներ հնչեցնում էին Թուրքիայի ծայրահեղ աջ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ 2006թ. Թուրքիայում քրեական գործ էր հարուցվել Հ. Դինքի դեմ, Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ` «Թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածով: Այս հոդվածով քրեական գործեր են հարուցվել բոլոր նրանց դեմ, ովքեր 1915-ին կատարված հայտնի իրադարձությունները որակել էին «ցեղասպանություն»: Դինքը նրանցից մեկն էր: 2006թ. նա 6 ամսվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել այդ հոդվածով, եւ արդեն սկսել էր դատավճիռը բողոքարկելու գործընթացը: Միաժամանակ, Հ. Դինքը դեմ էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունմանը: Նրա կարծիքով՝ դա խոսքի ազատության ոտնահարում է: Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը դատապարտել է սպանությունը. «Ատելությամբ դատապարտում եմ այդ կեղտոտ եւ ամոթալի զինված հարձակումը: Նման անմարդկային արարքը չի կարող ծառայել իր նպատակին: Բոլորս անհամբերությամբ սպասում ենք թուրք ժողովրդին խորապես վիրավորած այդ հարձակման հեղինակների պահ առաջ ձերբակալությանը: Խորապես վշտակցում եմ Հրանտ Դինքի ընտանիքին, մամուլի աշխարհին եւ ժողովրդին»,- ասել է նա: Իսկ թուրքական «Յենի Շաֆագ» թերթը մեջբերել է 2005թ. դեկտեմբերի 27-ին Հ. Դինքի տված հարցազրույցի այն մասը, որտեղ նա ասել է, որ իր նկատմամբ բացված «թուրքերին վիրավորելու համար» դատավարությունը շինծու է, եւ, որ եթե իր նկատմամբ սահմանված պատժի պատճառով «առաջացած բիծը չսրբվի, ապա նախնիների նման ինքն էլ կհեռանա Թուրքիայից»: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Դինքի սպանությունն ուղղված է Թուրքիայի ժողովրդի միասնության եւ հավասարության, կայունության դեմ. «Ցավում ենք, որ արյունոտ ձեռքերն այս անգամ եւս իրենց նպատակներին հասնելու համար ընտրեցին Թուրքիան: …Իմ, կառավարության եւ ժողովրդի անունից նզովում եմ ստորաբար կատարված այդ հանցագործության ետեւում կանգնած արյունոտ ձեռքերը»: Երեկ Հ. Դինքի հարազատներին եւ մերձավորներին ցավակցել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը: «Հուսով ենք, որ Թուրքիայի իշխանությունները կանեն հնարավորը` մարդասպաններին բացահայտելու եւ օրենքի ողջ խստությամբ դատապարտելու համար»,- ասել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը: Հ. Դինքի սպանությունը դատապարտել է նաեւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով պատասխանատու Միլոշ Հարաշտին. «Լրագրողների նկատմամբ բռնություն հրահրողները չեն կարող անպատիժ մնալ: Կոչ եմ անում թուրքական ղեկավարությանը որքան հնարավոր է շուտ բացահայտել ոճրագործության պատասխանատուներին»,- ասել է նա` Թուրքիայի իշխանություններին կոչ անելով վերջ տալ այն անձանց նկատմամբ քրեական հետապնդումը, ովքեր արտահայտում են պետական դիրքորոշումներից տարբերվող կարծիքներ: Ի դեպ, 1909թ. սկսած Հ. Դինքը Թուրքիայում դաժանորեն սպանված 62-րդ լրագրողն է: Ըստ թուրքական «Սաբահ» թերթի` Ստամբուլում մոտ 350 մարդ բողոքի նստացույց է սկսել:

Գերմանաբնակ թուրք մտավորական Ալի Էրթեմը «Արմենպրես»-ի թղթակցին ասել է. «Դա քաղաքական սպանություն էր: Հայերը, թուրքական պետության մեջ ապրելով, չունեն կյանքի անվտանգության երաշխիք: Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը, ներկայի գործելաոճը չի նպաստում ԵՄ-ին անդամակցության գործընթացին: Հ. Դինքի սպանությունից հետո ավելի է փոքրանում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը»: Իսկ ահա «Ակոս» թերթի թղթակից Տիրան Լոքմակիոզյանն ասել է, թե «սպանության ետեւում կանգնած են այն ուժերը, որոնց դուր չէր գալիս «Ակոսի» գործելաոճը», այն է` Հայկական հարցի բարձրացումն ու դրա արդարացի լուծմանը հասնելու համար ջանքեր գործադրելը: