Պարզվում է, միջազգային հեղինակավոր թերթերում հոդվածներ տպագրելու սովորություն ունեն ոչ միայն ՀՀ պաշտոնյաները: Երեկ ամերիկյան հեղինակավոր «Wall Street Journal» թերթում հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածը, որում նա գրել է. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն, իսկ փախստականները վերադառնան»: «Մեր տարաձայնությունները հաղթահարելու համար մենք պետք է համաձայնության գանք երեք սկզբունքի շուրջ՝ ոչ մի մասնատում, ոչ մի օկուպացիա, տեղահանվածների վերադարձ իրենց բնակության վայրերը»,- շարունակել է Է. Մամեդյարովը: Ըստ նրա, Հայաստանը պետք է «դուրս բերի իր զորքերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, մինչդեռ մենք պետք է ապահովենք եւ երաշխավորենք առավելագույն իրավունքները փոքրամասնությունների համար»: Նա նաեւ ասել է, թե «Հակամարտությունը խարխլում է մեր տարածաշրջանի ներուժը եւ ավելի սերտ համագործակցությունը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ»: